HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տիգրանաշեն գյուղը ներառված է Պարույր Սևակ համայնքի կազմում

Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի անունը չգտնելով խոշորացվող համայնքների նախագծերում՝ քաղաքացիները կրկին տագնապեցին, որ կառավարությունը հաստատապես որոշել է գյուղը հանձնել Ադրբեջանին: Տիգրանաշեն գյուղի կարգավիճակն այսօր սոցիալական ցանցերում ամենաշատ քննարկվող հարցերից էր, որի համար հիմք էր տվել Արարատի մարզպետի հրաժարականը և Արարատում միավորվող համայնքների նախագիծը: 

Երեկ, երբ հրապարակվեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի՝ հրաժարականի մասին լուրը, շրջանառվող հավանական պատճառներից մեկը համարվեց Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթղթի ստորագրումը: Ռ. Թևոնյանն այսօր հայտարարեց, որ «Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի»։

Անհանգստանալու հիմք տվեց նաև այն, որ հրապարակված համայնքների խոշորացման նախագծերում Տիգրանաշեն գյուղի անունը չգտան: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  (ՏԿԵ) նախարարության ներկայացրած նախագծով՝ Արարատի մարզում ձևավորվում է 3 համայնք՝ նախկին շրջանները վերականգնելու տարբերակով:

ՏԿԵ նախարարությանն ուղղված մեր հարցմանը նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանել է, որ Տիգրանաշեն գյուղը համարվում է Պարույր Սևակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայր, իսկ Պարույր Սևակ համայնքն ընդգրկված է Արարատ միավորվող համայնքում:

««Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով միավորվում են համայնքները և ոչ թե բնակավայրերը, իսկ Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է և ոչ թե համայնք»,- հայտնել է նախարարի տեղակալը:

Իրականում, բնակչության մտահոգություններն անհիմն չեն: Նախ՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը վերջին ամիսներին ադրբեջանական զինուժի թիրախում է հայտնվել, և գտնվելով միջպետական ճանապարհին՝ բացի տեղի բնակիչներից, սպառնում է նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզերի բնակիչների անվտանգ ու ազատ տեղաշարժին: 

Բացի այդ, ամիսներ առաջ այդ մասին անթաքույց սկսեցին խոսել իշխանական պատգամավորները, իսկ Հանրային հեռուստատեսությունը նույնիսկ «ադրբեջանական անկլավների» մասին ռեպորտաժ հեռարձակեց «Լուրեր»-ի թողարկումով:

Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 31-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ Հանրային հեռուստատեսության մայիսի 30-ի ռեպորտաժի շեշտադրումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին: Նա հարց ուղղեց Հանրային հեռարձակողի խորհրդին՝ արդյոք գիտակցո՞ւմ է, որ Հանրային հեռուստատեսության լրատվական քաղաքականությունը միջազգային ատյաններում ընկալվում է որպես պաշտոնական դիրքորոշում:

«Ստացվում է, որ Հայաստանում պետական մակարդակով ընդունում են, որ նշված գյուղերը պատկանում են Ադրբեջանին: Արդյոք ռեպորտաժում մտադրվա՞ծ է Տիգրանաշենը ներկայացվում «ադրբեջանական անկլավ» կամ այլ կերպ՝ «ադրբեջանական տարածք» և, արդյոք, դա ծրագրայի՞ն քաղաքականություն է այն պայմաններում, երբ Տիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի էլ ունեցել. այն պատմական հայկական գյուղ է»,- ասվում էր պաշտպանի հայտարարության մեջ:

Պաշտպան Արման Թաթոյանը խորհրդին հարց էր ուղղել, թե ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկված հայկական Քարքե անվանումով (ներկայում՝ Տիգրանաշեն) գյուղը ներկայացվում հենց ադրբեջանական Քյարքի անունով: Արդյոք, Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ չէ՞, որ Տիգրանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ կամ անկլավ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն կազմել է Խորհրդային Հայաստանի մաս: Անգամ, օրինակ, ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մաս: Ինչո՞ւ է գյուղերի պատկանելիությունը քննարկվում ադրբեջանական պետական քաղաքականության տեսանկյունից՝ ղեկավարվելով միայն բնակչության էթնիկ պատկանելիության հիմքով:

Լուսանկարը՝ «Վիքիպեդիայի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter