HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կենացներում գովերգում են հայ մայրերին, իսկ հետո ոտնահարում նրանց իրավունքները». երիտասարդ մայրեր

Հարցազրույցին պատրաստվել էր ինչպես հարկն է: Դասական վերնաշապիկով ու զուսպ դիմահարդարմամբ ներկայացել էր գործատուին՝ մտքում կրկնելով վերջին շաբաթների ընթացքում կազմակերպության մասին հավաքած տեղեկություններն ու այն հարցերը, որոնք պետք է, որ հետաքրքրեին ապագա ղեկավարին: Սակայն մեծ էր Անուշ Լ.-ի զարմանքը, երբ հարցազրույցից վայրկյաններ անց գործատուն հարցրել էր, թե արդյոք ընտանիքի համալրում պլանավորում է առաջիկա տարիներին. «Եթե պատրաստվում եք երեխա ունենալ, անկեղծորեն ասացեք ինձ, խնդրում եմ, որ անիմաստ ժամանակ չվատնենք էլ»:

Անուշը հարցազրույցից դուրս էր եկել թմրած ձեռքերով. «Միշտ այդպես է լինում, ուժեղ ապրումներից ձեռքերս սառչում ու թմրում են»: Մեր հարցին, տեղյա՞կ է, որ իր հետ տեղի ունեցածը խտրականություն է աշխատանքի ընդունման հարցում, ինչը աշխատանքային իրավունքի խախտում է, Անուշը դրական պատասխան է տալիս, սակայն ավելացնում, որ որևէ քայլ չէր կարող ձեռնարկել, քանի որ դա չէր խրախուսվի իր ընտանիքի, հատկապես՝ ամուսնու և սկեսրայրի կողմից: Դեպքը տեղի էր ունեցել 2019 թվականի սեպտեմբերին, ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր, որ «մինչև 2050 թվականը պետք է [...] Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»:

Դեմոգրաֆիական զարգացման անհրաժեշտության մասին խոսել են ՀՀ բոլոր ղեկավարները՝ ներկայացնելով հավակնոտ ծրագրեր: Ն. Փաշինյանից առաջ էլ Ս. Սարգսյանն էր 2017-ին հայտարարել, որ 2040 թվականին պետք է հասնել նվազագույնը 4 միլիոն բնակչի: ՄԱԿ-ի կանխատեսումները, սակայն, կտրուկ տարբերվում են մեր ղեկավարների լավատեսական ելույթներից, օրինակ՝ զեկույցներից մեկն ասում է, որ Հայաստանի բնակչությունը 2100 թվականին մոտ 3 միլիոնից կարող է կրճատվել մինչև 1 մլն 739 հազար մարդու:

Ժողովրդագրական զարգացումը մի քանի գործոններից է կախված, որոնցից մեկը ցածր ծնելիությունն է: Թեև 2020 թվականին գրանցվել է ծնելիության՝ վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը (ծնվել է 36,533 երեխա), այնուամենայնիվ անժխտելի է, որ ներկայում հայաստանցիներն ավելի քիչ երեխաներ են ունենում, քան օրինակ՝ 20 կամ 30 տարի առաջ: Մենք փորձել ենք այս երևույթը դիտարկել երիտասարդ մայրերի տեսանկյունից: Զրուցելով շուրջ երկու տասնյակ մայրերի ու նրանց խնդիրներն ուսումնասիրող մասնագետների հետ՝ փորձել ենք հասկանալ, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել մայրությունը, ինչ դժվարություններ ունեն երիտասարդ մայրերն աշխատանքային իրավունքի ոլորտում ու թե ըստ նրանց՝ ինչ տեսանելի ու անտեսանելի պատճառներ կան ցածր ծնելիության համար: Արդյո՞ք կանայք հակված են քիչ երեխաներ ունենալ հարցին, ոլորտի հետազոտողներից Աստղիկ Կարապետյանը պատասխանում է, որ իրականում կանայք ցանկանում են շատ երեխաներ ունենալ, «բայց չեն ուզում ամեն երեխայի ծննդի հետ ապրել նույն վախերն ու մտահոգությունները՝ կապված բուժաշխատողների կողմից վերբալ բռնությունների ենթարկվելուց մինչև աշխատանքը կորցնելու հետ»։

Կար ժամանակ, երբ երեխաներին դաստիարակում էր ողջ ազգակցական համայնքը

Ժամանակակից հայ ընտանիքն աստիճանաբար նմանվում է արևմտյան փոքր ընտանիքի մոդելին: Ընտանիքի ու մայրերի կերպարանափոխությունների մասին խոսել ենք ազգագրագետ Գոհար Վարդումյանի հետ: Նա պատմում է, որ հնում, նահապետական ընտանիքներում համատեղ ապրել են մի քանի սերունդ, տոհմակիցների թիվն էլ կարող էր հասնել մինչև 50-70 հոգու. «Այս պայմաններում նոր մայրացած կինը, որը որպես կանոն լինում էր շատ երիտասարդ` մինչև քսան տարեկան, հայտնվում էր մի միջավայրում, որտեղ խորհրդատուներ ու օգնողներ կային, նա մենակ չէր, երեխային դաստիարակում էր ողջ ազգակցական համայնքը՝ ժողովրդի լեզվով ասած՝ «ազգուտակը»,- ներկայացնում է Գ. Վարդումյանը:

Ըստ ազգագրագետի՝ մեզանում կինը հանրության հարգանքին ու գնահատանքին է արժանացել իր մանկածնական ունակության շնորհիվ: Սրա մասին է վկայում հին հայոց դիցարանում մայր դիցուհիների առկայության փաստը, քրիստոնեության ընդունումից հետո էլ մայրության իրավունքն ամրագրված է եղել տարբեր դատաստանագրքերում, գործել է նաև չգրված նորմերի համակարգը, որի համաձայն՝ մայրությունը համարվում էր կնոջ սրբազան պարտականությունը: Մոր կերպարը՝ որպես «տան կին», փոփոխության ենթարկվեց խորհրդային տարիներին, երբ տղամարդու և կնոջ իրավունքները հայտարարվեցին հավասար, ու հայ կինը դարձավ աշխատավոր կին, ներկայացնում է ազգագրագետը. «Խորհրդահայ ընտանիքում մոր դերը շատ բարձր էր: Թեև պահպանվում էին հնուց եկող ավանդույթները, սակայն մայրն այլևս առաջվա զուտ տնային կարգավիճակում չէր, այլ արդեն նաև դրսի մարդ էր, որն ուներ աշխատանք, ստանում էր աշխատավարձ, կարող էր ունենալ պաշտոն, տնտեսապես անկախ էր: Պետությունն ամեն կերպ աջակցում էր մորը, սկսած երեխա ունենալու առաջին իսկ պահից: Եթե նորածին երեխա ունեցող մայրն ուզում էր վերադառնալ իր աշխատանքին, կարող էր երեխային տանել մանկամսուր, ինքը գնար աշխատանքի»,- ասում է Գ. Վարդումյանը:

Մայրերն այսօր, կամ «երբ դու խոշորացույցի տակ ես»

26 տարեկան Լիդան երկու զավակի մայր է: Երիտասարդ ընտանիքն ամուսնու ծնողներից առանձին է ապրում: Լիդան պատմում է, որ չնայած չի աշխատում, բայց երեխաների խնամքը միայնակ կազմակերպելուց ավելի է հոգնում, քան երբ նախկինում շաբաթական 45-55 ժամ գրասենյակում էր: «Կարծես թե արդեն նորմա է դարձել, որ կինը, մայրը չպետք է թափթփված տեսք ունենա, ցանկալի է խնամված ու գեղեցիկ լինի, երեխաներից հետո էլ շարունակի ընդհատված կարիերան, բալիկներին հատուկ մանկավարժական մեթոդներով դաստիարակի, զարգացնող խաղեր խաղա, հետևի մասնագետների ու բլոգերների խորհուրդներին, առողջ սնունդ մատուցի, շորերը՝ արդուկած, տունն էլ կոկիկ պահի, դա դեռ քիչ է՝ ամուսնու համար էլ գրավիչ կին մնա...Չգիտեմ, ուրիշ կանայք այս դերը ոնց են «խաղում», ես դժվարանում եմ»,-անկեղծանում է Լիդան: Մեկ ուրիշ մայր, 28-ամյա Կարինեն, նկատում է, որ ժամանակակից աշխարհում թվային տեխնոլոգիաների ազդեցությամբ մայրությունը կարծես «խոշորացույցի տակ լինի», և դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում: Կարինեն ասում է, որ ինքը երբեմն չուզելով, բայց շարունակում է մասնակցել սոցիալական ցանցերում մայրիկների խմբերի քննարկումներին, որտեղ միշտ կան ավելի կազմակերպված, փորձառու և բանիմաց մայրիկներ: Իսկ ամենապարադոքսալ բանն այն է, որ այդ խմբերում, Կարինեի ներկայացմամբ, հաճախ է անփորձ մայրիկի նույնիսկ ամենաանմեղ հարցը կոշտ քննադատվում կամ նույնիսկ ծաղրի արժանանում ուրիշ մայրիկների կողմից: Ի դեպ, այս երևույթն արևմտյան հետազոտողների շրջանում հայտնի է «Mom Shaming» անունով (բառացի թարգմանությամբ՝ մայրիկներին ամոթանք տալ): Թե որքանով է երևույթը տարածված Հայաստանում վիրտուալ տիրույթից դուրս՝ չենք կարող ասել, քանի որ չկան համապատասխան հետազոտություններ: Իսկ ահա Միչիգանի համալսարանի հետազոտողները բացահայտել են, որ մինչև 5 տարեկան երեխա ունեցող երիտասարդ մայրերի երկու երրորդը, այսինքն՝ 10-ից 6-ը, շրջապատողներից դիտողություն, քննադատություն կամ անտեղի խորհուրդ է ստանում՝ սեփական երեխային խնամելու ու դաստիարակելու իր մոտեցումների համար: Հետազոտությանը մասնակցած 475 ամերիկուհի պատմել է, որ շրջապատի քննադատության թիրախում առավել հաճախ հայտնվում են երեխաների վարքագիծը, սննդակարգն և քնելու սովորությունները:

«Մայրությունը բազմաթիվ դեմքեր ունի՝ և երջանիկ, և ոչ այնքան»

Ժամանակակից մայրության առանձնահատկությունների մասին խոսել ենք պրենատալ հոգեբան Սոնա Բուռնազյանի հետ, ով վերջին տարիներին բազմաթիվ ներկա և ապագա մայրերի հետ է աշխատել: Նա վստահեցնում է, որ մայրության շուրջ եղած ռոմանտիկ պատկերացումները հաճախ իրականությանը մոտ չեն, ավելին՝ դրանք իդեալականացված պատկերներ են: Հոգեբանը պատմում է, որ մայրության իդեալականացումն առաջացել է անհիշելի ժամանակներում, երբ մարդիկ գիտելիքներ չունեին վերարտադրողականության մասին, չէին պատկերացնում, թե ինչպես են առաջանում երեխաները, հետևաբար անտեսվում էր հայրերի դերը, և նոր մարդ ստեղծած մարդը, այսինքն՝ մայրը, դառնում էր գերբնական, աստվածային կերպար: Սակայն Սոնա Բ.-ն առաջարկում է ընդունել, որ մայրերը սուրբ չեն, իդեալական չեն, այլ իրական մարդիկ են, մայրությունն էլ կարող է երջանիկ պահերից բացի՝ նաև ոչ այնքան հաճելի ապրումներ առաջացնել՝ ընդհուպ մինչև ագրեսիա կամ դեպրեսիաներ: Պրենատալ հոգեբանը զգուշացնում է, եթե մայրը կատարելության է ձգտում, իսկ ինքը պարզապես սովորական մարդ է, ոչ թե իդեալական կերպար, ապա անխուսափելիորեն նրա կյանքը տարբերվելու է այդ իդեալից, և նա է մեղքի զգացում ունենալու, որ չի համապատասխանում այն պահանջներին, որոնք «լավ մայրիկ» կոչումն են ապահովում: Այդ իդեալին համապատասխանելու մոլուցքը հանգեցնում է նրան, որ մայրերը չեն խնայում իրենց ուժերը և չեն կազմակերպում կյանքն այնպես, ինչպես իրենց իսկապես հարմար կլիներ ու, ի վերջո, ուժասպառ են լինում, ասում է հոգեբանն ու բացատրում, որ եթե մարդը հետևողականորեն ու անընդհատ անտեսում է իր անձնական կարիքները, ապա ինչ-որ ժամանակ անց նա կարող է ծանր հոգեկան վիճակում հայտնվել, լինի դա ընկճվածություն, թե ճնշված ագրեսիա ու զայրույթ երեխայի կամ ուրիշ մարդկանց նկատմամբ. «Շատ կանայք փոխանակ վայելեն մայրությունն իր երջանկությամբ ու դժվարություններով, իր լավ ու վատ կողմերով, լարվածության մեջ են ապրում: Նրանք ամաչում են դրանից ու հենց այդ պատճառով չեն կարողանում բարձրաձայնել իրենց խնդիրները, չեն կարողանում աջակցություն ստանալ մտերիմներից կամ պրոֆեսիոնալներից»:

Ինչու՞ չեն պլանավորվում ընտանիքի երրորդ երեխաները

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը 2016 թվականին պարզել էր, որ թեպետ հարցված երիտասարդների 80 տոկոսից ավելին 2 կամ 3 երեխա է ցանկանում ունենալ, սակայն նրանց զգալի մեծամասնությունը փաստացի 1 կամ 2 երեխա ունի:

Մեզ հետ զրուցած մայրերն այս խնդրի հաղթահարման իրենց տարբերակներն են առաջարկում: Հարցազրույցներում, որոնք անցկացվել են 2020-21 թթ. մոտ երկու տասնյակ երիտասարդ մայրիկների հետ, գրեթե բոլորը պնդում են, որ երեքից պակաս երեխա ունենալու պատճառներից առաջնայինը սոցիալական, տնտեսական բնույթի են: Մերին, ով մեկ դուստր ունի, ասում է. «Երեխան ամեն օր մի նոր բանի կարիք է ունենում՝ շոր, կոշիկ, խնամք, զվարճանք, ու ինձ համար կարևոր է, որ աղջիկս գոնե հնարավորության սահմաններում ոչնչի պակաս չզգա։ Հենց դա է գլխավոր պատճառը, որ մենք չենք ցանկանում շատ բալիկներ՝ թերի կամ չապահովված կյանքով»։ Սաթենիկը մեկ զավակ ունի, նա էլ է երկրորդ հղիության պլանավորումը հետաձգում. «Մենք ամուսիններով մի տարվա մեջ գրեթե ոչնչից ամբողջ տուն «հավաքեցինք», ու հինգ տարվա ընդմիջումը միտված էր սոցիալական պայմանները մի քիչ ավելի ամրացնելուն, որ երկրորդ երեխայի ժամանակ էլ չմտածեմ տակդիրը փոխեմ, թե՞ մի ժամ էլ թողնեմ, որ մի հատ պակասն օգտագործեմ»:

Երեխա պլանավորելիս ժամանակակից ընտանիքներում էական նշանակություն ունի նաև սեփական հարկի առկայությունը: Ընդ որում, կարևոր է նաև բնակտարածքի հարցը: Մասնագիտությամբ լրագրող Լարիսան կրկնակի մայր է, բայց երրորդ երեխա իրենց երկսենյականոց բնակարանում չի պատկերացնում. «Մեր տունը փոքր է  նույնիսկ երկու երեխայի համար: Համավարակն այս խնդիրը էլ ավելի զգալի դարձրեց, ոչ երեխաները, ոչ ես և ամուսինս փաստացի չունենք մեր տարածքը, ինչի հետևանքով երբեմն վիճում ենք անիմաստ: Երիտասարդ ընտանիքներին բնակարան ապահովելու ծրագրերում, եթե կառավարությունն իսկապես փորձում է խրախուսել բազմազավակությունը, պետք է ներառեն այս հարցը»: Փոքր բնակարանների խնդրին առավել սուր բախվում են ծնողների հետ ապրող ընտանիքները:

Հարցազրույցներում երիտասարդ մայրերն ավելի քիչ երեխաներ ունենալու պատճառներից նշում են նաև առողջապահական համակարգի բացթողումերը: Մեզ հետ զրուցած կանանց գրեթե կեսը առաջին երեխային ծննդաբերել է կեսարյան հատման ճանապարհով: Իսկ դա նշանակում է, որ երկրորդ և հաջորդ հղիությունները պետք է համեմատաբար ուշ պլանավորվեն՝ պայմանավորված կեսարյան հատումից հետո օրգանիզմի ավելի երկար ժամանակ վերականգնմամբ. «Սոցիալական, կազմակերպչական հարցերը լուծելի են, ինձ երրորդ երեխային ունենալուց հետո պահող միակ բանը առողջական խնդիրներն են: Կրտսեր տղայիս նորածին ժամանակ շատ-շատ էինք ուզում ևս մեկ երեխա, բայց կեսարյանից հետո այդքան շուտ չէի կարող հղիանալ: Իսկ հիմա տարիքիս պատճառով անհանգստանում եմ, երրորդ վիրահատությունս կլինի, ես էլ արդեն մոտենում եմ ռիսկային տարիքին» (Կարինե, 38 տարեկան, երկու երեխայի մայր): Երիտասարդ մայրերի համար լուրջ խոչընդոտ է նաև ծննդատներում կերակրման մասնագետների բացակայությունը. «Միշտ երազել եմ 4 երեխա ունենալ՝ ամեն սեռից երկուսը: Բայց աղջիկներիս հետ շատ չարչարվեցինք, հենց ծննդատանից սկսվեցին խնդիրները, մեզ ուղղորդեցին կաթնախառնուրդ գնել, հետո փորձեցի կրծքով կերակրել, լուրջ խնդիրներ ունեցանք, առայժմ պատրաստ չեմ նորից անցնել այդ ամենի միջով: Եթե ծննդատանը կրծքով կերակրման մասնագետ լիներ՝ վստահ եմ, ես ու երեխաներս չէինք չարչարվի այդքան»:

Անբարենպաստ շրջակա միջավայրը՝ որպես քիչ երեխա ունենալու պատճառ, նշում են հարցված մայրերի մեկ երրորդը: Նարեն մեկ դուստր ունի, ասում է, որ Երևանը երեխա մեծացնելու համար ավելի քան անհարմար է: «Այգիների, խաղահրապարակների բացակայություն, անհամապատասխան թեքահարթակներ կամ ընդհանրապես դրանց բացակայությունը, մեքենաներով լի մայթեր...Անգամ մայթին հանգիստ չես կարողանում զբոսնել կամ սայլակով անցնել, «քարսիթով» տաքսիների անհասանելիություն, իսկ առանց դրա երբեք երեխա մեքենա չեմ նստեցնի՝ ճանապարհներին մահացության թվերի պատճառով»: Լոռու մարզի փոքր համայնքներից մեկում բնակվող Ստելլան էլ ներկայացնում է գյուղում երեխա մեծացնելու դժվարությունները. «ժամանակակից աշխարհը շատ մրցակցային է, բոլորը ուզում են երեխան լավ մանկապարտեզ գնա, լավ դպրոց, «խմբակներ», զարգացած մարդ մեծանա, դիմանա մրցակցությունը: Իսկ մեզ մոտ ոչ մի պայման չկա դրա համար»:

Պատերազմից հետո արված հարցազրույցներում մայրերին մտահոգող ամենասուր խնդիրն ապահովության, կայունության բացակայությունն է, թեև հարցվածներից որոշներն էլ երրորդ երեխա ունենալու որոշում կայացրել են պատերազմում հարազատ կորցնելուց հետո:

Հղի և մանկահասակ երեխա ունեցող կանանց իրավունքների հարցն օրակարգային չէ

Աստղիկ Կարապետյանը «Կետ 33» հասարակական կազմակերպության նախագահն է, «Վաղ մայրության շրջանում կանանց աշխատանքային իրավունքների ջատագովություն» ծրագրի ղեկավարը: Ասում է, որ մեր երկրում մայրության պաշտպանության վերաբերյալ բավարար օրենսդրական կարգավորումներ կան, պարզապես վերահսկող մեխանիզմների բացակայության պատճառով այդ օրենքները հաճախ անտեսվում են: Օրինակ՝ կրծքով կերակրող կինը պետք է ունենա համապատասխան պայմաններ աշխատավայրում կրծքով կերակրելու համար, մինչդեռ գործատուները հատուկ կահավորված կերակրասենյակներ գրեթե երբեք չեն նախատեսում: Որոշ իրավիճակներում էլ թեև կինը տեղյակ է իր իրավունքներից, սակայն չի կարողանում պաշտպանել իրեն, քանի որ խոցելի վիճակում է: Նման զգացողություն ինքն ունեցել է ծննդատանը, «երբ բառացիորեն քո ու երեխայիդ կյանքն ու առողջությունը այլ մարդկանց ձեռքերում է, և կարող ես հանդուրժել գռեհիկ ռեպլիկը, ոչ ադեկվատ վարքը»,- ասում է Ա. Կարապետյանը։

Փորձագետը վստահեցնում է, որ մայրության պաշտպանությունն ընտանիքամետ քաղաքականությունների կենտրոնում է դրվում, վերջինս էլ նպասում է ծնելիության աճի խթանմանը։ Իսկ դրան հասնելու համար, ըստ տիկին Կարապետյանի, պետք է նվազագույնն ունենալ տեսլական, այնուհետև մշակվել ծրագրեր, իրականացվել օրենդրական և ոչ օրենսդրական միջոցառումներ։ Օրինակ, աշխատանքային իրավունքի ոլորտում, եվրոպական մի շարք երկրներում այսօր օրակարգային է ընտանեկան կյանքը աշխատանքից պաշտպանելը. «Թերևս մեր երկրում ամենատարածված խնդրներից մեկն է, երբ գործատուն ցանկացած ժամի իրեն իրավունք է վերապահում անհանգստացնել աշխատողին՝ աշխատանքին վերաբերող հարցերով։ Կամ «մենք մի ընտանիք ենք», «պետք է մեղվի պես աշխատել հանուն նպատակի» և նման մոտեցումներով «խրախուսում» են աշխատողին գրեթե 24-ժամյա ռեժիմով լինել գործատուի տրամադրության տակ։ Ֆրանսիայիում 2017-ի հունվարից աշխատողներն ունեն օրենսդրորեն ամրագրված «անջատելու իրավունք» (right to disconnect), երբ աշխատողը կարող է ոչ աշխատանքային ժամերին ուղղակի չարձագանքել աշխատանքին վերաբերող հաղորդագրություններին»,- ասում է փորձագետը:

Հոդվածի սկզբում հիշատակված Անուշ Լ.-ն նույնպես համարում է, որ իր հետ տեղի ունեցածն օրենքը վերահսկող մեխանիզմների բացակայության հետևանք է եղել: Նա համոզված է, որ եթե օրենքները չվերահսկվեն, միշտ էլ գտնվելու են գործատուներ, որոնք խտրականություն ցույց կտան երիտասարդ մայրիկների, կերակրող մայրերի ու հղիների նկատմամբ. «Ես համոզվել եմ, մենակ կենացներում են գովերգում հայ մայրերին, իսկ հետո հարմար պահին ոտնահարում են մեր իրավունքները»,- եզրափակում է նա:

Մեկնաբանություններ (3)

Lillit
Because of the propaganda from the West, more women are now not wanting to return to their traditional roles of being at home and raising children which we are now seeing has become a huge issue. Us Armenians cannot risk lowering our birth rate and we need to do our best to increase it for the better of our nation.
HAGOP
ARMENIA HAS LONG WAY TO GO!!!!!!! WOMEN ARE FUTURE OF ARMENIA!!!!! ARMENIAN WOMEN BRAVE!!!! SMART!!!! LEADERS!!!! GOD BLESS ARMENIA'S WOMEN!!!!!!
Norah Dean
In order to have enough citizens to fight future wars against the illegal occupiers of Eastern and Western Armenia, Armenian females need to have at least 3 children each on average. The age of consent should be dropped to 14, and women who have the third baby should be exempt from Income Tax, Inheritance tax, Capital Gains tax etc. Have a 4th child, you get a house to live in as well as the tax exemptions. And so on. The Government should also introduce conscription for all and at least train 200,000 reservists. They should do all this NOW.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter