
Ադրբեջանը բողոքի նամակ է ուղարկել Ռուսաստանին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և ՌԴ Խաղաղապահ ուժերի հրամանատարությանը բողոքի նամակներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա տրանսպորտային միջոցների երթևեկության կապակցությամբ։ Այդ մասին նշվում է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նամակներում ադրբեջանական կողմը պնդում է, թե իբր նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարությանը և խնդրում կանխել նման երևույթները։
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե «օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցները չեն կարող մտնել Լեռնային Ղարաբաղ, առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության»։ Ըստ Բաքվի՝ նման դեպքերը համարվում են այդ երկրի օրենսդրության խախտում։
Ադրբեջանը հիմնականում բողոքում է Արցախում իրանական տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժից։ Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն, որտեղ նշվում էր, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- նշվում էր հայտարարությունում։
Մեկնաբանել