
Արթուր Ղազինյանը նորից չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երրորդ անգամ քննարկեց և մերժեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանի ընտրության հարցը:
Այս անգամ ևս «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ինչպես և նախորդ երկու անգամները, նրա թեկնածությունը ՔՊ-ական պատգամավորները մերժեցին:
Մինչ քվեարկությունը Արթուր Ղազինյանը հայտնեց, որ վաղը լիագումար նիստի ընթացքում իր ելույթում դիրքորոշումը կհայտնի այս հարցի վերաբերյալ, որ հանձնաժողովն առաջին հերթին պետք է ձեռնամուխ լինի սահմանների անվտանգության ու պաշտպանության համար կենսական հարցերի քննարկմանը, ոչ թե նախագահի տեղակալի ընտրության հարցով զբաղվի:
Ղազինյանը համոզմունք հայտնեց, որ այս հարցն իշխանության տիրույթում է, վերջինս պետք է պատասխանատվություն ստանձնի հանձնաժողովի բնականոն աշխատանքը երաշխավորելու համար` ասելով, որ իր համար այս հարցը կարելի է սպառված համարել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ իրավունքների բախում է կա, քանի որ «Հայաստան» խմբակցության իրավունքն է հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել, իսկ հանձնաժողովում ներգրավված պատգամավորների իրավունքն է ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին: Գաբրիելյանը, դիմելով Ղազինյանին, հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս բարոյական պարտավորություն չի զգում հանրության առաջ ինքնաբացարկ ներկայացնելու և հնարավորություն տալու այլ թեկնածուի առաջադրմանը:
Ղազինյանն արձագանքեց, որ խմբակցության կողմից թեկնածուի առաջադրումն ինքնանպատակ չի արվում, և եթե «Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ իր թեկնածությունն է առաջադրել, հետևաբար դա է խմբակցության որոշումը, ինքը չի պատրաստվում լքել «խրամատը»:
Ղազինյանի թեկնածությունը մերժվեց 4 կողմ, 6 դեմ ձայներով:
Մեկնաբանել