HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է պետբյուջեի հաշվին նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքներին բուժօգնությամբ ապահովել

Վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին (կառավարության սահմանած կարգով) ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում անելու համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Մեկ այլ փոփոխությամբ՝ վարչապետի աշխատակազմն առաջարկում է անձնական բժիշկով ապահովել Ազգային ժողովի նախագահին։ 

Վերը նշված օրենքի 7․2 և 7․6 հոդվածների համաձայն՝ համապատասխանաբար հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ։ Հրապարկված օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասվում է, թե անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, ուստի առաջարկվում է ընդլայնել օրենքի երաշխիքի ծավալը և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա։ 

«Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հավելենք, որ վարչապետի աշխատակազմի այս նախաձեռնությունը օրինական ուժ ստանալու համար դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի և ստորագրվի հանրապետության նախագահի կողմից, և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից։

Լուսանկարում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը / © կառավարության մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (1)

Aghavni Galoostyan
Thieves, robbing the country in broad day light.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter