HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանագետ․ «Ադրբեջանը մշտապես փորձելու է խաթարել Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ»

Հարցազրույց իրանագետ Գարիկ Միսակյանի հետ

-Պարոն Միսակյան, ԱԱԾ-ն հայտարարել է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիներն ստուգում են իրանական բեռնատարները։ Ադրբեջանն իր հերթին բողոքի նամակ է ուղարկել Ռուսաստանի ՊՆ-ին եւ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը Արցախ գնացող արտասահմանյան բեռնատարների վերաբերյալ, այսինքն՝ այդ երկիրն ամեն ինչ անում է՝ Հայաստան-Իրան կոմունիկացիան եւ Արցախի բեռնափոխադրումները խափանելու համար։ Տեղի ունեցածը սպասելի՞ էր Ձեզ համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ներկա իրավիճակը։

-Ընդհանուր առմամբ արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական կողմը, նաեւ օգտվելով առիթից, բավականին մեծ ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետության վրա բոլոր ոլորտներում։ Ադրբեջանական կողմում լավ գիտակցում են, որ հայ-իրանական հարաբերությունները եւ հայ-իրանական ցամաքային սահմանը Հայաստանի համար հավելյալ ուժ ունենալու, նաեւ աշխարհաքաղաքական առումով դիրքերն ամրապնդելու լավագույն ճանապարհներից է, եւ այդ առումով փորձում են խաթարել հարաբերությունները։

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակին, ադրբեջանական կողմից բավականին մեծ թափով օգտագործվում են միջոցներ՝ հայ-իրանական ապրանքաշրջանառությունը քչացնելու համար։ Պետք է նշել նաեւ, որ իրանական կողմից արդեն եղավ ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարություն, ըստ որի՝ հարեւանների հետ հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի համար առաջնահերթություն է, եւ Իրանը պատրաստ է միջնորդել կամ մասնակցել հայ-ադրբեջանական այս լարվածության թուլացմանը։ Այսինքն՝ իրանական կողմը նշում է, որ, այնուամենայնիվ, Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ցանկություն կա, եւ ադրբեջանական այս գործողությունները չեն կարող խանգարել դրան, եթե հայկական կողմում վերջապես լուծվի տարածքների, Սյունիքի, ընդհանուր հայ-իրանական ճանապարհների հետ կապված խնդիրը։

-Իսկ ի՞նչ արձագանք եղավ իրանական մամուլում։

-Մինչ ԱԳՆ խոսնակի այս հայտարարությունը որեւէ արձագանք, կարծես, իրանական մամուլում չկար, դրանք հիմնականում սոցցանցային էին։ Սակայն ԱԳՆ խոսնակի հայտարարությունը տարածվեց իրանական բոլոր լրատվական ցանցերում՝ մատնանշելով, որ, այնուամենայնիվ, Հայաստանի հետ հարաբերություններն իրանական կողմի առաջնահերթություններից են։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ իրանական կողմը մտահոգված է այս իրավիճակով եւ ցանկանում է, որ այն որքան հնարավոր է շուտ հանգուցալուծվի՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ հայ-իրանական ցամաքային սահմանը եւ, ընդհանրապես, Հայաստանի տարածքով տարանցման ուղիները Իրանի համար մեծ կարեւորություն ունեն, քանի որ դրանով իրանական կողմը փորձում է շրջանցել ձեւավորված պանթյուրքիստական առանցքը իր հյուսիսային սահմաններում եւ ունենալ այլընտրանքային ճանապարհներ՝ Հարավային Կովկաս դուրս գալու համար։

-ԱԱԾ–ն նաեւ հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ փորձում են կարգավորել հարցը։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի այդ կարգավորումը, եւ ընդհանրապես, հնարավո՞ր է կարգավորում այդ հարցում։

-Կդժվարանամ պատասխանել, թե ինչպիսին կլինի կարգավորումը, որովհետեւ, կարծես թե, դա միջպետական բանակցային գործընթաց է։ Ընդհանրապես, ադրբեջանական եւ նաեւ թուրքական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ այն է, որ առավելագույն կերպով փորձում են թուլացնել Հայաստանի Հանրապետության եւ՛ կշիռը, եւ՛ աշխարհաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում, այսինքն՝ որեւէ կերպ չեմ նկատում որեւէ խաղաղասիրական ձգտում Ադրբեջանի կամ նույնիսկ Թուրքիայի կողմից, որպեսզի կարգավորվեն հարաբերությունները, կամ գոնե գործընթաց սկսվի, քանի որ այդ ամենին զուգահեռ ընթանում են նաեւ Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժություններ։

-Ձեր կարծիքով՝ սպասելի՞ է, որ ադրբեջանական կողմից շարունակական կլինեն այսպիսի գործողությունները։

-Ադրբեջանական կողմը, արցախյան պատերազմից հետո որոշակի էյֆորիկ առավելություն զգալով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մշտապես փորձելու է խաթարել Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, նաեւ անվտանգային առումով են ձգտում թուլացնել Հայաստանը, այսինքն՝ շարունակվելու են այնքան, մինչեւ մեր կողմից չլինեն հստակ պատասխաններ կամ գործողություններ։ Ինչքան Հայաստանը թույլ դիրքերից հանդես գա, այդքան շարունակվելու է Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։

-44–օրյա պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ Իրանը հավասարության նշան էր դրել պատերազմող կողմերի միջեւ, այսինքն՝ եթե հիմա նման գործողություններ են կատարվում իրանական բեռնատարների նկատմամբ, Իրանը շարունակելու՞ է նույն դիվանագիտությունը։

-Իրանը մշտապես հայտարարում է հարեւանների հետ հավասարակշռված քաղաքականության մասին, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, սակայն ի տարբերություն Արցախի հետ կապված իրավիճակի՝ այստեղ խնդիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների հետ է, եւ իրանական կողմը կարող է որոշակիորեն ոչ հավասարակշռված դիրքորոշում որդեգրել, եթե հայկական կողմից լինեն համապատասխան հայտարարություններ կամ գոնե սահմանային այս իրավիճակի հստակեցում տեղի ունենա, քանի որ իրանական կողմը առանց այդ հայտարարությունների կամ հստակեցումների չի կարող որեւէ գործիքակազմ կիրառել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter