
Ջհանգիրյանը` որդու բնակարանի մասին. «Շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, փողերն էլ կամ իրենք են տվել կամ չեն տվել»
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի որդին ապրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր կառուցած շենքում` վերջինիս նվիրած բնակարանում: Սուքիասյանները բնակարան են նվիրել իրենց փեսա Ջհանգիրյանի որդուն այն ժամանակ, երբ վերջինս արդեն ստանձնել էր ԲԴԽ անդամի լիազորությունները: Խորհրդարանում շարունակվում է քննարկվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները, սակայն պատգամավորների հարցերը մեծ մասամբ վերաբերում են Ջհանգիրյանին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը խնդրեց հերքել կամ հաստատել այն լուրերը, որ բոլորովին վերջերս` ԲԴԽ անդամի լիազորությունները ստանձնելուց հետո, Կասկադ մոտակայքում 600 հազար դոլար արժեքով բնակարան է ձեռք բերել:
«Շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, և փողերն էլ կամ իրենք են տվել կամ չեն տվել, ես տեղյակ չեմ: Խաչատուր Սուքիասյանն իմ խնամին է, իր աղջիկն իմ հարսն է»,- արձագանքեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը: Նիստին ներկա Խաչատուր Սուքիասյանն այդ ամբողջ ընթացքում ծիծաղում էր:
Արեգնազ Մանուկյանը հակադարձեց` որքան էլ իր խնամին է Սուքիասյանը, սակայն ստացվում է՝ լինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ նման նվեր է ստացել:
«Ինչ կապ ունի, ազիզ ջան, իմ տղան չափահաս է, արդեն երկու և ավելի տարի ապրում են առանձին, երկու երեխա ունեն, երրորդին ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել: Հիմա եթե իր կնոջ հայրը կամ հորեղբայրը…․ հա, ի միջի այլոց, հիփոթեքով էլ ձևակերպել են որքան գիտեմ, էդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել»,- ասաց Ջհանգիրյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել