HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Որոտանում ստեղծված վիճակը ԱԺ-ն դռնփակ կքննարկի

Խորհրդարանում հրավիրվելու է դռնփակ նիստ` Որոտանում ստեղծված իրավիճակի քննարկման օրակարգով: Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները պահանջեցին Սյունիքում ստեղծված իրավիճակի հարցով հատուկ նիստ հրավիրել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց իր պատրաստակամությունը՝ նման քննարկում նախաձեռնելու: Այսօր արդեն «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց` խորհրդարանական մեծամասնության hետ ձեռք բերված պայմանավորվածություն ունեն, որի համաձայն՝ նման քննարկում լինելու է:

«Առաջարկել ենք, որ առաջին դեմքերի մակարդակով քննարկում լինի, ներկա լինեն պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը և ՊԵԿ նախագահը: Շատ կարևոր է, որ ամբողջապես և լիարժեքորեն ստանանք տեղեկատվություն»,- ասաց Մինասյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի` քննարկման հիմնական նպատակը պետության առջև ծառացած մարտահրավերները լուծել կարողանալն է, քանի որ երկրի տարածքային աբողջականությունը խախտված է:

«Այդ մասով պետք է քրեական գործ հարուցված լիներ, մենք սպասում ենք, որ գլխավոր դատախազն այս և նման հարցերին պատասխան տա, կամ ԱԳ նախարարն ասի իրանական կողմի հետ անհրաժեշտ աշխատանքներ տանո՞ւմ են, թե՞ ոչ, այդ տարածքների վերաբերյալ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Մինասյանը:

Մինասյանի խոսքով` հանդիպման օրն ու ժամը դեռևս հստակեցված չէ, քանի որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` հերթական նիստին զուգահեռ չի կարող այլ նիստ լինել, սակայն հստակ է, որ այն հնարավորինս հրատապ պետք է լինի:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Ադրբեջանի ոստիկանությունը Որոտան բնակավայրի մոտ իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերն է ստուգում: Այս հայտարարությունից հետո իշխանության կողմից որևէ արձագանք չի եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter