HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Օդանավի առեւանգման փորձերը հայկական ավիացիայում. ինչպես չհաջողվեց փախչել Թուրքիա

Հայկական EK-FAA գրանցումով «Boeing 737-300» օդանավի՝ Իրանում հայտնվելու դեպքի առնչությամբ հարուցված քրգործը, ըստ էության, փակուղում է: Կարելի է ենթադրել, որ այն չի հանգուցալուծվի՝ հաշվի առնելով նաեւ Իրանի գործոնը, որի հետ միջպետական հարաբերությունները չփչացնելու հարցն է սեղանին: Օգոստոսին գրել էինք, որ օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով փետրվարին հարուցված քրգործի շրջանակներում կասկածյալի ու մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան, չնայած հայտնի է, որ օդանավը Էստոնիայից Իրան են տեղափոխել տաջիկ օդաչուները:

Այս դեպքը Հայաստանի հետ կապ ունի այնքանով, որ ինքնաթիռը գրանցված է մեր երկրում, բայց ամեն ինչ տեղի է ունեցել Հայաստանից դուրս, այնինչ նախկինում գրանցվել են օդանավ փախցնելու փորձեր, որոնք տեղի են ունեցել հենց մեր օդային տարածքում կամ առնչություն են ունեցել դեպի մեր երկիր իրականացվող չվերթի հետ:

Խորհրդային տարիներին գրանցվել է Հայաստանի հետ կապ ունեցող 3 հայտնի միջադեպ, երբ օդանավը փախցնելու նպատակ ունեցողները անձնակազմից պահանջել են թռչել Թուրքիա:

Ընդհանրապես, հակախորհրդային հայացքներ ունեցող անձինք, որպես կանոն, տարբեր տարիների զենք-զինամթերքի գործադրման սպառնալիքով օդաչուներից պահանջել են լքել ԽՍՀՄ օդային տարածքը եւ վայրէջք կատարել այլ երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում: Նման բազմաթիվ դեպքեր են գրանցվել խորհրդային քաղավիացիայի պատմության ընթացքում, եւ Հայաստանի հետ կապ ունեցող իրադարձություններում եւս որպես վերջնակետ նշվել է Թուրքիան:

Օդաչուն՝ ընդդեմ երեքի

1961 թ. սեպտեմբերի 10-ին հայկական առանձին ավիախմբին (հետագայում՝ ԽՍՀՄ քաղավիացիայի նախարարության հայկական վարչություն) պատկանող «Յակ-12Մ» մարդատար ինքնաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-44348), որը նախատեսված էր 4 ուղեւորի համար, եւ վարում էր 25-ամյա օդաչու Էդուարդ Բախշինյանը, առավոտյան 8:05-ին Երեւանի «Հարավային» օդանավակայանից (ներկայում՝ «Էրեբունի») թռավ դեպի Եղեգնաձոր:

Օդանավում 3 ուղեւոր կար, որոնք կազմակերպված խմբի անդամներ էին. Երեւանի դրամատիկական թատրոնի դերասան, 25-ամյա Սերժ Թումանյանը, վերջինիս նախկին դասընկեր, բժշկական ուսումնարանի շրջանավարտ, 25-ամյա Հենրիկ Սեկոյանը եւ 27-ամյա Գարեգին Մովսեսյանը, որը Սեկոյանի հետ ընդհատակյա գործունեություն էր ծավալում: Այդ գործում նրանց միացել էր նաեւ Թումանյանը: Երեքն էլ մտածում էին խորհրդային օկուպացիայից Հայաստանն ազատագրելու մասին եւ ընդգծված հակախորհրդային տրամադրություններ ունեին: Սակայն տեսնելով, որ ԽՍՀՄ տարածքում ընդհատակյա պայքարն արդյունք չի տա՝ խմբի անդամները որոշել էին տեղափոխվել Արեւմուտք եւ այնտեղ ստեղծել Հայաստանի ազատագրման պայքարի քաղաքական կենտրոն:

Մինչեւ փախուստի փորձը Թումանյանը, Սեկոյանն ու Մովսեսյանը ծանոթացել էին օդաչու Էռնիկ Գրիգորյանի հետ, որը վարձատրության դիմաց Սեկոյանին կարճ ժամանակում սովորեցրել էր օդանավ վարելու հմտությունները: Արդեն հստակ էր, որ եռյակը երկիրը լքելու է օդային ճանապարհով եւ մեկնելու է Թուրքիա, որն ամենամոտն էր Երեւանին: Դրանից հետո խումբն այցելում էր «Հարավային» օդանավակայան, հետեւում ավիացիոն ծառայությունների ու ոստիկանության գործողություններին: Կատարվեց նաեւ փախուստի գլխավոր փորձը՝ նրանք թռան Եղեգնաձոր ու վերադարձան:

Սեպտեմբերի 8-ին խումբը վերջին անգամ հավաքվեց Մովսեսյանի բնակարանում: Ամսի 10-ի առավոտյան ժամը 6-ին եռյակը օդանավակայանում էր: Նախապես ձեռք էին բերել դանակներ ու մուրճ, որոնցով պետք է հարձակվեին օդաչուի վրա: Թաքցնելով իրենց իրական անունները՝ Երեւան-Եղեգնաձոր թռիչքի տոմսեր գնեցին:

8:05-ին Էդուարդ Բախշինյանի ինքնաթիռը երկինք բարձրացավ: Դա Բախշինյանի վերջին թռիչքն էր այս տիպի օդանավի վրա, ինչից հետո նա պետք է փոխադրվեր ավելի բարձր դասի «Իլ-14»-ի վրա: Ուղեւորներից Սեկոյանը նստած էր օդաչուի կողքին, իսկ Թումանյանն ու Մովսեսյանը՝ հետեւում: Սահման հանդիսացող Արաքս գետին չհասած՝ «Յակ-12»-ը պետք է շրջվեր եւ ուղղություն վերցներ դեպի Եղեգնաձոր: Երբ 8:09-ին Բախշինյանը պատրաստվում էր շրջապտույտ կատարել, եռյակը հարձակվեց նրա վրա՝ պահանջելով թռչել ուղիղ՝ դեպի Թուրքիա: Հանդիպելով օդաչուի դիմադրությանը, որը փորձեց ավիակարգավարներին հաղորդել օդանավը զավթելու մասին, Սեկոյանը կտրեց ռադիոկապի լարերը՝ ընդհատելով կապը կարգավարների հետ եւ փորձելով իր ձեռքը վերցնել ղեկը, իսկ Թումանյանն ու Մովսեսյանը դանակով հարվածներ հասցրին օդաչուին: Ավելի ուշ բժիշկները Բախշինյանի մարմնի վրա կտրած-ծակած 9 վերք էին հաշվել:

Եռյակին հաջողվեց Բախշինյանին հեռացնել օդաչուի նստատեղից, որը զբաղեցրեց Սեկոյանը: Այդ ընթացքում ինքնաթիռը գտնվում էր անկառավարելի թռիչքի մեջ, վեր ու վար էր անում, բայց ղեկը վերցրած Սեկոյանը չկարողացավ հորիզոնական դիրքի բերել այն: Արդյունքում եռյակը ստիպված եղավ Բախշինյանին նորից ղեկին նստեցնել: Վերջինս հորիզոնական դիրքի բերեց ինքնաթիռը, սակայն նպատակ ունենալով վնասազերծել զավթիչներին, նախ կտրուկ աջ թեքեց օդանավը, ապա անցավ վարընթաց թռիչքի՝ արագ նվազեցնելով բարձրությունը: Օդաչուի այս հնարամիտ քայլի հետեւանքով կորցնելով հավասարակշռությունը՝ առեւանգիչները հայտնվեցին ինքնաթիռի հատակին:

Երկրի մակերեւույթից ոչ մեծ բարձրության վրա Բախշինյանը փորձեց ուղղել «Յակ-12»-ի քթամասը՝ աղետի չենթարկվելու համար, սակայն անբավարար բարձրության պատճառով 8:11-ին՝ թռիչքից 6 րոպե անց, ինքնաթիռը բախվեց հողին խաղողի այգու տարածքում ու գլխիվայր շրջվեց:

Վթարի հետեւանքով բոլորը վիրավորվեցին, իսկ առեւանգիչներից Գարեգին Մովսեսյանը, որն ամենածանր վնասվածքներն էր ստացել, ժամեր անց մահացավ հիվանդանոցում, Սերժ Թումանյանին ու Հենրիկ Սեկոյանին իրավապահները ձերբակալեցին: Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանը հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվողներին դատապարտեց գնդակահարության, սակայն Բախշինյանի ընտանիքի տվյալներով՝ նրանց ուղարկել են ուրանի մահաբեր հանքերում աշխատելու: Իսկ օդաչու Էդուարդ Բախշինյանը ցուցաբերած սխրանքի համար պարգեւատրվեց ԽՍՀՄ Կարմիր նշանի շքանշանով:

Դանակի սպառնալիքով՝ Թուրքիա թռչելու պահանջ

1980 թ. մարտի 20-ին Բաքու-Երեւան թռիչքի ժամանակ «Տու-134» օդանավի ուղեւորներից մեկը՝ Բաքվի բնակիչ 21-ամյա Մարտիրոսովը, դանակի սպառնալիքով պահանջեց ուղղություն վերցնել դեպի Թուրքիա: Այդուհանդերձ, անձնակազմին հաջողվեց վնասազերծել երիտասարդին, վիրավորներ ու զոհեր չեղան, ինքնաթիռն էլ անվտանգ վայրէջք կատարեց Երեւանի «Արեւմտյան» օդանավակայանում (ներկայում՝ «Զվարթնոց»):

Ինչպես Լենինականը «վերածվեց» Կարսի՝ առեւանգումը կանխելու համար

1983 թ. հունվարի 25-ին Երեւանի «Էրեբունի» օդանավակայանից դեպի Բերդ թռչող «Յակ-40» ինքնաթիռի (գրանցումը՝ СССР-87415) երիտասարդ ուղեւոր Պյոտր Յակիմենկոն պահանջեց փոխել ուղղությունը եւ թռչել դեպի Թուրքիա՝ սպառնալով պայթեցնել օդանավը:

Օդանավի անձնակազմը բաղկացած էր 5 հոգուց՝ օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանը, հրամանատար Վարդան Սարգսյանը, երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանը, բորտ-մեխանիկ Աշոտ Այվազյանը, բորտ-ուղեկցորդ Դոլորես Ղազարյանը:

Յակիմենկոն, ինչպես հետո պիտի պարզվեր, ազգությամբ ուկրաինացի էր, տառապում էր թերարժեքության բարդույթով, աշխատում էր Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտում: Օդանավում իր տարօրինակ, նյարդային շարժուձեւով նա գրավել էր ուղեւորների ուշադրությունը:

Երբ ուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանը հարցրեց, թե արդյոք նա իրեն վատ է զգում, ի պատասխան՝ Յակիմենկոն բացեց վերարկուն՝ ցույց տալով իրանին ամրացված պայթուցիկ սարքը: Սրահ մտած երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանը եւս մոտեցավ առեւանգիչին՝ լսելով նրա պահանջները: Յակիմենկոն թղթի վրա գրել էր իր պահանջներն ու սպառնալիքը: Այն մոտավորապես այսպիսին էր. ես Պյոտր Յակիմենկոն եմ, անբուժելի հիվանդ, ինձ վրա պայթուցիկ սարք կա, որը կարող եմ գործի դնեմ մատի մեկ շարժումով. պահանջում եմ անհապաղ փոխել ուղղությունը դեպի Թուրքիա, մտածելու համար տալիս եմ 300 վրկ, չհնազանդվելու դեպքում կպայթեցնեմ ինքնաթիռը օդում, կորցնելու բան չունեմ: Յակիմենկոն նաեւ պայթուցիկի էսքիզն էր կազմել՝ փորձելով ցույց տալ իր մտադրության լրջությունը: Հետագայում պարզվել էր, որ սարքն իսկապես իրական վտանգ էր ներկայացնում, եւ պայթելու դեպքում հետեւանքները սարսափելի կլինեին:

Օդանավի անձնակազմը կապվեց կարգավարների հետ, բացատրեց իրավիճակը: Անմիջապես զեկուցեցին Մոսկվա, որտեղից հրաման եկավ՝ ոչ մի դեպքում չհատել պետական սահմանը, ամեն գնով վայրէջք կատարել Լենինականում, այլ տարբերակ չկա:

Օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանը հետագայում պատմել է, որ զգալով անձնակազմի կողմից ժամանակի ձգձգումը՝ Յակիմենկոն սկսել էր նյարդայնանալ ու բարձրաձայն հետհաշվարկ կատարել: Այդ դժվար պահին բորտ-մեխանիկ Աշոտ Այվազյանն անակնկալ առաջարկ էր արել՝ եկեք նստենք Կարսում: Դա հրաշալի գաղափար էր, քանի որ կարելի էր խաբել Յակիմենկոյին եւ գրեթե նույն ուղղության վրա գտնվող Լենինականը ներկայացնել որպես Կարս՝ ցույց տալով, թե իբր վայրէջք են կատարում Թուրքիայում:

Երկրորդ օդաչու Եփրեմյանը մոտեցավ առեւանգիչին ու ասաց, թե ուղեւորների կյանքը փրկելու համար որոշել են փոխել ուղղությունը: «Կարսը Ձեզ հարմա՞ր է»,- հարցրեց Յակիմենկոյին, ինչին ի պատասխան վերջինս նշեց, թե Թուրքիայում ցանկացած բնակավայր իրեն հարմար է: Իր հերթին Դոլորես Ղազարյանը փորձում էր զրույցի միջոցով ամեն կերպ հանգստացնել անհավասարակշիռ առեւանգիչին: Նա նաեւ առաջարկեց տեղափոխվել վերջին շարք՝ բացատրելով, թե իբր այդպես Յակիմենկոն կկարողանա հեշտ ու արագ դուրս գալ ինքնաթիռից եւ հանձնվել թուրքական իշխանություններին: Իրականում Ղազարյանը փորձում էր պայթուցիկ սարքը հեռու պահել ուղեւորներից:

Թուրքիան առեւանգիչների համար գրավիչ էր նրանով, որ ԽՍՀՄ-ից քաղաքական պատճառներով փախածներին չէր վերադարձնում, դրա համար էլ դարձել էր «պահանջված ուղղություն»: Այս մասին գիտեր նաեւ Յակիմենկոն:  

Իր անտիպ գրքում քաղավիացիայի հայկական վարչության այն ժամանակվա պետ Դմիտրի Աթբաշյանը եւս հիշել է այս դեպքը՝ ներկայացնելով, թե ինչպես էին Լենինականի օդանավակայանը փորձել ձեւափոխել որպես Կարսի աերոդրոմ: Այսպես՝ օդանավակայանում գտնվող խորհրդային ռազմական տեխնիկան հեռացվել էր աերոդրոմի այն ծայրը, որը հեռու էր վայրէջքի գոտուց, բացի դրանից՝ տեխնիկան քողարկել էին ցանցով, իսկ վայրէջք կատարող օդանավը դիմավորող «ՈւԱԶ-469» մեքենայի վրա թուրքական դրոշ էին ամրացրել:  

Օդաչու Միհրան Խաչատրյանն իր հերթին պատմել է. «Երբ ես Լենինականի օդանավակայանի ինքնաթիռների աստղերը տեսա, մտածեցի, որ բավական է այդ տղան տեսնի դրանք, կհասկանա, որ մենք իրեն խաբել ենք: Դրա համար էլ ոտքս դրեցի աջ ոտնակին՝ որոշելով, որ ավելի լավ է վնասեմ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ, բայց փոխարենը ժամանակ կունենանք դրանից դուրս պրծնելու համար: Վայրէջքի ժամանակ Յակիմենկոն վազեց դեպի օդաչուական խցիկ, բայց ճանապարհին ընկավ, եւ հեղուկի մի մասը մի անոթից լցվեց մյուսը, ինչը նշանակում էր, որ ուր որ է պայթյուն կլինի…»:

Վայրէջք կատարած «Յակ-40»-ը դեռ ընթացքի մեջ էր Լենինականի վազքուղու վրա, երբ բորտ-ուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանը հրահանգեց ուղեւորներին դուրս փախչել օդանավից: Այդ խառնաշփոթի մեջ Յակիմենկոն փորձեց գործարկել պայթուցիկը, սակայն պայթյուն տեղի չունեցավ:

Առեւանգիչը ձերբակալվեց եւ հետագայում դատարանի կողմից ճանաչվեց իբրեւ հոգեկան հիվանդ, նրա նկատմամբ նշանակվեց հարկադիր բուժում, սակայն մեկ տարի անց Պյոտր Յակիմենկոն մահացավ:

Ցուցաբերած արիության եւ սխրանքի համար պարգեւատրվեցին «Յակ-40»-ի անձնակազմի բոլոր անդամները. օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանն ու հրամանատար Վարդան Սարգսյանը՝ «Պատվո նշան» շքանշանով, երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանն ու բորտ-մեխանիկ Աշոտ Այվազյանը՝ «Աշխատանքային արիության համար» մեդալով, իսկ Դոլորես Ղազարյանը՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Վերջինիս լուսանկարը՝ ուղեկցող գրությամբ, ցուցադրված է Հայկական ավիացիայի պատմության թանգարանում:

Լուսանկարները՝ Հայկական ավիացիայի պատմության թանգարանի, Արմեն Գասպարյանի, nv.am-ի, sobesednikam.ru-ի, secrethistory.su-ի     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter