HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գեղամ Նազարյանը` Նիկոլ Փաշինյանին. «Անկախության օրը պետք է նշվի, բայց ոչ գունագեղ շոուով»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը բարձրաձայնեց անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների մտահոգությունները, ըստ որոնց՝ այդպես էլ չկա միջգերատեսչական հանձնաժողով, որ զբաղվի նրանց հարցերով:

«Ի՞նչն է պատճառը, որ էս ամիսների ընթացքում լուրջ մարմին չստեղծվեց այդ խնդիրներով զբաղվելու համար։ Գուցե պատճառն այն է, որ այդ տղաների ծնողները խանգարու՞մ են գունագեղ շոուներ անել: Եռաբլուրում թարմ շիրիմներ ունենք, անհետ կորածներ, գերիներ, մի՞թե ավելի ընդունելի ձև չկար անկախության օրը նշելու, քան փայտով ծնողերի սիրտը փորելն է գունագեղ շոուով, որը նվիրված է զոհված տղերքին»,- հարցրեց Գեղամ Նազարյանը։

Փաշինյանն արձագանքեց` տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել թե՛ անհետ կորածների, թե՛ գերիների հարազատների հետ, ապա վստահեցրեց` անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա:

«Մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում են: Ինչ վերաբերում է գունագեղ միջոցառումներին, նախ՝ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավորել կամ խոցել եմ նման ձևակերպմամբ, բայց ասել եմ՝ մեր տրամադրությունը տոնական չէ, ուղղակի կա այլ խնդիր` ՀՀ-ն 30 տարեկան է, իսկ նախատեսվող միջոցառման առանցքը մեր նահատակների հիշատակի ընդգծումն է»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` սեպտեմբերի 21-ին նախատեսվում է հայտարարել արցախյան բոլոր պատերազմների ժամանակ զոհված անձանց հիշատակը հավերժացնող մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ արդեն վեց ամիս աշխատանքային քննարկումներ են ընթանում Կառավարությունում:

«Ներողություն խնդրելով նաև Ձեզնից՝ մի ցավալի փաստ պետք է արձանագրեմ` անկախության որևէ տոնակատարություն չենք ունեցել 30 տարվա պատմության մեջ, երբ չունենանք անհետ կորածներ, թարմ շիրիմներ Եռաբլուրում։ Դիլեման հետևյալն է, թե արդյոք պետք է ընդգծենք անկախության տարեդարձը: Իմ ընկալմամբ, մեր բոլոր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, ես այսպես եմ ընկալում»,- ասաց Փաշինյանը:

Նազարյանը հակադարձեց` ինչպե՞ս է այդ մարմինն աշխատում, եթե վիրավոր զինծառայողը Մեղրիից Երևան է գալիս մի տեղեկանք վերցնելու համար:

«Ինչ վերաբերում է զոհված տղերքին, իհարկե, անկախության օրը պետք է նշվի, բայց ոչ գունագեղ շոուով։ Մեր տղերքը սիրում էին մեր երկիրը, զոհվել են էս երկրի համար, ոչ թե իրենց հիշատակը ցինիզմով հարգելու համար, այլ դրանից հետո պետք է սթափվենք ու փոխվենք: Էդ տղերքին հանգի՛ստ թողեք, մի՛ օգտագործեք էդ տղերքի անունները, հայտարարե՛ք, որ փոխվում է ձևաչափը, հնչելու է միայն սիմֆոնիկ երաժշտություն»,- ասաց զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը:

Փաշինյանն ասաց, որ միջոցառումը երկու խորագիր ունի` «Անկախ» և «Հայրենիքիս հետ»։ Ապա Կառավարության ղեկավարը արտասանեց Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից մի հատված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter