HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լաչինի միջանցքի երկայնքով ՀՀ-Արցախ նոր երթուղու կառուցման համար դեռ բանակցություններ չկան

Լաչինի միջանցքի երկայնքով Հայաստան-Արցախ կապն ապահովելու նպատակով երթուղու կառուցման համար դեռ պայմանավորվածություն չկա: Այս մասին խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետը, ըստ որի՝ կողմերի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորքը տեղակայվելու է այդ հատվածում երթուղին պաշտպանելու համար:

Աբրահամյանը մտավախություն հայտնեց, որ նոր երթուղին շրջանցելու է ոչ միայն Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գողերը, այլ Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող, Լիսագոր գյուղերը:

«Կարո՞ղ եք երաշխավորել, որ չի հաստատվի այնպիսի երթուղի, որ այդ գյուղերն ավտոմատ կերպով անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ` թեկուզ անկլավի կարգավիճակով»,- հարցրեց Աբրահամյանը:

Փաշինյանն արձագանքեց` այս պահին այդ թեմայով որևէ բանակցություն չի ընթանում ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Գիտեմ, որ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արցախի իշխանությունների և ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեր մասնագետները իքս պահից կմիանան, կձևակերպվի կոնկրետ առաջարկ, այդ առաջարկները կքննարկվեն: Դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ Արցախի և Հայաստանի շահերն առավելագույնս պաշտպանվեն այդ համատեքստում:

Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի համար համար սկզբունքայի՞ն է հարցը, որ երթուղու կառուցման հետևանքով վերոնշյալ համայնքները որևէ կարգավիճակով չհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Փաշինյանն արձագանքեց, որ չի հասցրել բոլոր համայնքների անունները ֆիքսել, սակայն վստահեցրեց, որ Հայաստանի ու Արցախի իշխանություններն ամեն ինչ անելու են պատգամավորի նշած սցենարը բացառելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter