HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուրջ կոնֆլիկտ թալիբների առաջնորդների միջև. անհետացել է նրանցից մեկը

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջև լուրջ կոնֆլիկտ է առաջացել։ Այդ մասին BBC-ին հայտնել են շարժման բարձրաստիճան աղբյուրները։ 

BBC-ի փուշթու ծառայության զրուցակիցների տվյալներով՝ Քաբուլի նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ «Թալիբան»-ի հիմնադիրներից մեկը՝ փոխվարչապետ Աբդուլ Ղանի Բարադարը վիճել է փախստականների հարցերով նախարար և «Հաքանիի ցանց» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ Հալիլ Ռահմոն Հաքանիի հետ։ Նշվում է, որ երկու պաշտոնյաները փոխանակվել են կոշտ արտահայտություններով։ Ավելի ուշ, լեզվակռվին միացել են նաև կառավարության իրենց համախոհները։ 

Լուրը BBC-ին հաստատել են միանգամից մի քանի աղբյուրներ։ Վերջիններիս խոսքով՝ վեճի պատճառ է դարձել Բարադարի դժգոհությունը Աֆղանստանի նոր կառավարության կառուցվածքի վերաբերյալ։ Ընդ որում, նշվում է, որ տարաձայնությունների իրական պատճառն այն վեճն է, թե ով է համարվում թալիբների հաղթանակի «գլխավոր ճարտարապետը»։ Աղբյուրները պնդում են, որ Բարադարի կարծիքով՝ թալիբների իշխանության գալը բոլոր այն մարդկանց արժանիքն է, որոնք զբաղվել են բանակցություններով և դիվանագիտությամբ, այդ թվում նաև իր։ «Հաքանիի ցանց» խմբավորման անդամները, որը ղեկավարում են բարձրաստիճան թալիբներ, կարծում են, որ բոլոր հարցերը լուծվել են ռազմական ճանապարհով։ 

Հենց Բարադարն է թալիբների պատմության առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որն ուղիղ բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հետ։ 2020 թվականին նա հեռախոսազրույց էր ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Մինչ այդ, Դոհայում Բարադարը ստորագրել էր Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման համաձայնագիրը։ 

«Հաքանիի ցանց»-ի հետ են կապում վերջին տարիներին Աֆղանստանի զինված ուժերի և նրանց արևմտյան դաշնակիցների դեմ իրականացված ամենաարյունալի հարձակումները։ Դրա առաջնորդ Սիրաջուդին Հաքանին նոր կառավարությունում զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 

Թալիբների շրջանում տարաձայնությունների մասին լուրեը տարածվել են դեռ նախորդ շաբաթվա վերջին, այն բանից հետո, երբ Բարադարը դադարեց ներկայանալ հանրությանը։ Սոցիալական ցանցերում քննարկում էին անգամ նրա մահվան վարկածը։ Սակայն BBC-ի աղբյուրները հայտնում են, որ հակամարտությունից հետո Բարադարը լքել է Քաբուլը և մեկնել Ղանդահար։ Շարժման հետ կապ ունեցող մի քանի կայքեր սեպտեմբերի 13-ին ձայնագրություն էին հրապարակել, որտեղ Բարադարի ձայնով մի մարդ խոսում է և նշում, որ «մեկնել է գործուղման»։ «Որտեղ էլ հիմա լինեմ, մենք շատ լավ ենք»,- նշում է նա։ 

Որոշ թալիբներ էլ պնդում են, որ որևէ վեճ չի եղել և Բարադարը գտնվում է անվտանգ վայրում, սակայն հակասական տվյալներ են տալիս նրա զբաղվածության մասին։ Շարժման պաշտոնական ներկայացուցիչը ի սկզբանե հայտնել էր, որ Բարադարը մեկնել է Ղանդահար՝ շարժման առաջնորդի հետ հանդիպման նպատակով, սակայն ավելի ուշ BBC-ին ասել է, որ Բարադարը «հոգնել է և հանգստի կարիք ունի»։ Աղբյուրների տվյալներով՝ շուտով Բարադարը կարող է վերադառնալ Քաբուլ և հերքել կաբինետի մյուս անդամի հետ վեճի մասին լուրերը։

Թալիբները հանրությունից իրականությունը թաքցնելու մեծ փորձ ունեն։ Այսպես, 2015 թվականին խմբավորումը խոստովանել է, որ ավելի քան 2 տարի թաքցրել է «Թալիբան» շարժման հիմնադիր և ղեկավար Մուհամմադ Օմարի մահը։ Ընդ որում, այդ ողջ ընթացքում նրա անունից պարբերաբար տարբեր հայտարարություններ են հրապարակվել։ Զուգահեռաբար, մինչ օրս հանրությանը չի ներկայացել նաև շարժման ներկայիս առաջնորդ Հայբաթուլա Ահունդզադան։ Վերջինս «Թալիբան»-ի քաղաքական, ռազմական և կրոնական առաջնորդն է։ Ըստ որոշ լուրերի, նա զոհվել է Պակիստանում իրականացված հարձակման ժամանակ։

Թալիբներն Աֆղանստանում իշխանության են եկել այս տարվա օգոստոսի կեսերին։ Նրանք ձևավորել են կառավարություն, որի կազմում միայն տղամարդիկ են։ Նրանցից ոմանք վերջին 20 տարիներին ակտիվորեն կռվել են ամերիկյան և արևմտյան մյուս զորքերի դեմ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter