HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբները հրապարակել են Աֆղանստանի նոր կառավարության կազմը

«Թալիբան» արմատական խմբավորման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել է Աֆղանստանի նոր կառավարության նշանակման մասին։ Սեպտեմբերի 7-ին Քաբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ նոր կառավարության ղեկավարի պաշտոնակատար կնշանակվի Մոհամադ Հասան Ահունդը։

Մուջահիդի խոսքով՝ կառավարությունում բոլոր պաշտոններն առայժմ նշանակված են ժամանակավոր հիմունքներով։ Մոհամեդ Հասան Ահունդը եղել է «Թալիբան» շարժման հիմնադիրներից մեկի և 1996-2001 թվականներին Աֆղանստանի ղեկավար՝ Օմար մոլլայի մերձավորներից մեկը։ Ահունդի տեղակալ կդառնա Աբդուլ Ղանի Բարադարը, որը մինչ օրս ղեկավարում է իսլամիստների քաղաքական բյուրոն։ 

Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար կնշանակվի Սիրադջուդին Հաքանին։ Վերջինս «Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման հիմնադիրն է։ «Թալիբան» շարժման հիմնադիրներից մեկի՝ Օմար մոլլայի որդին՝ Մոհամադ Յաղուբը առաջադրվել է պաշտպանության նախարարի պաշտոնում։ Ամիր Խան Մութաքին կդառնա արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, իսկ Շեր Մոհամադ Աբաս Սթանիքզայը՝ նրա տեղակալ։

Մոհամադ Հասան Ահունդը, Աբդուլ Ղանի Բարադարը, Սիրադջուդին Հաքանին և «Հաքանիի ցանց»-ի մյուս անդամները գտնվում են ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ։

Այն մասին, որ թալիբներն ավարտել են ապագա կառավարության շուրջ բանակցությունները, լրատվամիջոցները հայտարարել էին դեռ սեպտեմբերի 1-ին։ Ավելի վաղ, «Թալիբան»-ը հայտարարել էր, որ Աֆղանստանի նոր կառավարությունը կլինի ներառական, սակայն նախարարների կաբինետը կազմվել է միայն թալիբներից։ Ավելին, տեղական որոշ լրատվամիջոցների պնդմամբ, կառավարության կազմում փուշթուական երկու հիմնական ցեղերի ներկայացուցիչներն են՝ դուրանի և գիլզայի։ Չկան այլ ազգությունների և ժողովուրդների ներկայացուցիչներ։ «Ոչ մի տաջիկ, խազար կամ ուզբեկ չկա»,- նշում է Afghanistan Fact Checks առցանց պարբերականը։

«Թալիբան» շարժումը, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, իր իշխանությունն է հաստատել այդ երկրի գրեթե ողջ տարածքում։ Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել էր երկիրը, իսկ գրոհայիններն առանց դիմադրության մտել էին Քաբուլ։ Փանջշեր պրովինցիայում դիմադրության ուժերը սկսել էին պայքար ծավալել թալիբների դեմ։ Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել էր, որ Փանջշերը ևս անցել է թալիբների վերահսկողության տակ, իսկ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter