HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Անահիտ Ավանեսյան. «Հոկտեմբերի 1-ից պահանջը հավասարապես ազդելու է նաև պետպաշտոնյաների վրա»

Դելտա շտամով պայմանավորված՝ մահացության և ծայրահեղ ծանր ընթացքի համամասնության մեծացում կա: Այս մասին Կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ նրա՝ անցյալ տարի 764 դրական դեպքից հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի քիչ, քան հիմա է:

«Սա նշանակում է, որ նույն ցուցանիշի պարագայում զբաղեցնում ենք ավելի շատ մահճակալներ, մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում: Այս պահին մեզ մոտ ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: Վերակենդանացման 319 մահճակալներից զբաղված է 289-ը: Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը այն քաղաքացիներն են, որոնք պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջին՝ Ավանեսյանն ասաց, որ 14 օրը մեկ թեստավորման պահանջը ևս մի ֆիլտր է, բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք և հակացուցում ունեցող քաղաքացիները:

Նախարարի խոսքով՝ հակացուցումների վերաբերյալ բժշկական տեղեկանք պետք է տրամադրվի.

«Լինում են ժամանակավոր և բացարձակ հակացուցումներ։ Եթե քաղաքացին ունի քրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել, երբ կանցնի սրման ընթացքը, նա կարող է հանգիստ պատվաստվել։ Առաջինը հենց նրան է ցուցված պատվաստելը։ Մեր հոգածության կենտրոնում ռիսկի խմբում գտնվող մեր քաղաքացիներն են»։

Նախարարը հայտնեց՝ կանոնը հավասարապես գործում է բոլորի համար՝ թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտի աշխատակիցների համար

«Որևէ տարբերակում հրամանի մեջ դրված չէ: Բոլորը նույն կանոնի հետևանքները պետք է կրեն։ Պետական ապարատում ունենք պատվաստումների 70 տոկոսից բարձր ցուցանիշ։ Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջը հավասարապես ազդելու է նաև պետական պաշոտններ զբաղեցնող անձանց վրա: Եթե չպատվաստված անձ լինի, պարտավոր է 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»,- եզրափակեց Անահիտ Ավանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter