HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը ցանկանում է ավելացնել ճանապարհների պահպանմանն ուղղվող պետական միջոցների ծավալը

Կառավարությունը ցանկանում է առկա գնաճին համապատասխան բարձրացնել ճանապարհներին պահպանմանն  ուղղվող պետական միջոցների ծավալները՝ նպատակ ունենալով ապահովել այդ ծախսերի արդյունավետությունը: Գործադիրի այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ներկայում ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները, դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, մետաղական արգելափակոցների պահպանման աշխատանքներն իրականացվում են հիմք ընդունելով դեռ 2010 թվականին կատարված աշխատանքների արժեքի հաշվարկները: Ինչպես ասվում է որոշման նախագծում, անցել է 10 տարի՝ բարձր գնաճի պայմաններում աշխատանքներն իրականացվում են նույն արժեքով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հիմնավորմամբ՝ այս հանգամանքն ուղղակիորեն ազդում է աշխատանքի որակի վրա,  կապալառու կազմակերպությունների դժգոհության տեղիք է տալիս, նրանք հրաժարվում են առկա պայմաններով մասնակցել աշխատանքների գնման ընթացակարգերին, ինչը, ըստ նախագծի, պետության գերակա ոլորտի շուկայում անխուսափելիորեն առաջացնելու է պահանջարկի և առաջարկի մեծ ճեղքվածքի:

Որոշման նախագծում նշված է, որ գնային քաղաքականության նման պայմաններում հնարավոր չէ ապահովել ճանապարհների սպասարկման որակի բարձրացումը։ Ուստի նախագծով առաջարկվում է առկա գնաճին համաչափորեն բարձրացնել ճանապարհներին պահպանմանն ուղղվող պետական միջոցների ծավալները՝ ապահովելով այդ ծախսերի արդյունավետությունը:

Կառավարությունը նախատեսում է ներդնել նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր համակարգ, ինչը թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի միջոցով։

Նախագծով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել ճանապարհների սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների համար։ Օրինակ՝ սահմանվում է, որ պահպանվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 40 կմ համար անհրաժեշտ է 1 միավոր տեխնիկա:

Բացի այդ, սպասարկման աշխատանքներում ներգրավված կոմբինացված ճանապարհային մեքենաների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նախագծով առաջարկվում է, որ սպասարկման աշխատանքներում կարող են ներգրավվել 25 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ: Սահմանվում է նաև, որ սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների 70 տոկոսը պետք է հանդիսանա կապալառուի սեփականությունը, հակառակ դեպքում գործնականում կապալառուները սպասարկման աշխատանքներում հիմնականում շահագործում եմ վարձակալության իրավունքով պատկանող տեխնիկան, ինչը, ըստ կառավարության, գործնականում խնդիրներ է առաջացնում:

Կառավարությունն ընդգծում է, որ նախագիծը 2021 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter