HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինձ հետապնդում են վիրավորների եւ նրանց ընկերների ձայները, որ գոռում էին՝ շուտ փրկեք»

Ցերեկները պատերազմի հիշողությունները ստվերների պես հետապնդում են բուժքույր Մարգարիտա Սարգսյանին, իսկ գիշերները լռության մեջ դրանք, կարծես, կենդանանում են: Վիրավոր զինվորների ձայնը, ցավի աղաղակը դեռ նրա ականջներում է: Եվ դա այլեւս ծանրացրել է նրա կյանքը:

Սեպտեմբերի 27-ին սովորականի պես միացնելով հեռուստացույցը՝ լսում են նոր սկսված պատերազմի մասին: Այդ օրը Մարգարիտայի թոռնուհուն՝ նորածին Անգելինային, նոր էին դուրս գրել հիվանդանոցից: Որդին դստերը տուն էր տարել, ապա դուրս եկել՝ չասելով, որ պատրաստվում է մեկնել ռազմաճակատ: Միայն ուշ երեկոյան համացանցում տարածված նկարներից էին իմացել, որ նա կամավորագրվել է «Սասունցի Դավիթ» ջոկատին ու մեկնել Արցախ:

Մարգարիտա Սարգսյանն արդեն 30 տարի աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքում որպես վիրահատարանի բուժքույր: Սեպտեմբերի 27-ին վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքրոջից զանգ է ստացել: Կարճ ժամանակում ամբողջ բուժանձնակազմը հավաքվել էր, արագ պատրաստել էին վիրահատարանները եւ անհրաժեշտ պարագաները: Երկու-երեք օր հետո սկսեցին վիրավորներ ընդունել:

Հոկտեմբերի 2-ին վիրաբուժականի ավագ բուժքույրը Մարգարիտա Սարգսյանին փոխանցել էր հիվանդանոցի ղեկավարության հայտնածը, թե Արցախ մեկնած բժիշկ Տարոն Տոնոյանին վիրահատարանի բուժքույրեր են անհրաժեշտ: Մարգարիտան առանց վարանելու համաձայնել էր: Նույն օրը գիշերը տուն էր գնացել՝ հավաքելու իրերը: Տնեցիների համար անսպասելի էր նրա որոշումը, սակայն փոխել չէին կարող:

Հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի փողոցներն ամայի էին: Անօդաչուներն անընդհատ պտտվում էին, ամենուր ռմբակոծության եւ արկակոծման ձայներ էին: Այդ օրը հորդառատ անձրեւ էր գալիս: Լուսադեմին հասել էին Հադրութ: Հիվանդանոցի բակում մթության մեջ կանգնած էին բժիշկները:

Նոր գնացածներին անմիջապես ասել էին, որ ռմբակոծության ձայն լսելիս միանգամից պառկեն գետնին ու չշարժվեն: Լուսադեմին՝ ժամը 4-ին, սկսել էին վիրավորներ ընդունել ու վիրահատել: «Չէի պատկերացնում, թե ինչ կկատարվի: Անօդաչուները որ դուրս էին գալիս, ուժեղ տագնապի ձայն էր լսվում, դրանից հետո սկսվում էր ռմբակոծությունը, շատ քիչ ժամանակ հետո բերում էին վիրավորներին: Պիտի հասցնեինք ամեն ինչով օգնել նրանց»,- ասում է բուժքույրը:

Ծանր վիրավորմամբ զինվորներին տեսնելիս հուզմունքն ինքնաբուխ էր: «Բժիշկներից Մհերը ձեռքս բռնեց, ասեց՝ Մարգո, մոռանում ես ամեն ինչ, ու գնում ենք առաջ: Տղաներին օգնություն ա պետք, ու մենք ուժեղ պետք է լինենք, որ հաղթահարենք ամեն բան: Ձեռքս բռնած՝ առաջին անգամ ինքը տարավ վիրավորների մոտ: Ուղղակի պիտի տեսնեինք, թե որ մեկին կկարողանայինք շուտ օգնել»,- վերհիշում է բուժքույրը: Նրա ձայնը թրթռում է, եւ կարծես, ծանր օրերի նյարդն անընդհատ անցնում է այդ հիշողություններով:

-Ես երբեք չեմ մոռանա մի տղայի դեմք, որ խնդրում էր իրեն օգնել, բայց արդեն շատ ուշ էր: Ընկերը՝ նրա կողքը կանգնած, անընդհատ գոռում էր, որ արագացնենք: Ցավոք, գլխի վնասվածք ուներ, ոչ մի բան չէինք կարող անել, բայց աչքերը բաց նայում էր մեզ, որ օգնենք: Երանի կարողանայինք բոլորին փրկել,- ասում է Մարգարիտան, ապա հեռավոր կետերի նայելով՝ շարունակում,- դժվար է, շատ դժվար:

-Ո՞նց էիք դիմանում:

-Ես մինչեւ հիմա էլ չեմ դիմանում: Ամեն օր հիշում եմ, ու համարյա բոլոր զինվորների դեմքերն իմ աչքի առաջ են: Սա դիմանալու բան չի: Ուղղակի էդ ժամանակ, ոնց որ, մենք ուժ ունենայինք:

-Ինչն էր ուժ տալիս Ձեզ:

-Երեւի այն, որ ինչքան հնարավոր է օգնեինք մեր զինվորներին,- պատասխանում է պատերազմի բուժքույրը:

-Ի՞նչ էիք զգում, երբ չէր հաջողվում փրկել:

-Պատեկրացրեք, արցունքները աչքերիս, գնում էինք մյուս վիրավորի մոտ, որ օգնեինք: Մենք մի րոպե ժամանակ չունեինք, որ մտածեինք: Մի վիրավորին օգնելիս երկրորդին, երրորդին էին բերում: Բոլորի հետ շատ մեծ ապրումներ էինք ունենում: Ուղղակի չեմ պատկերացնում, թե մենք ոնց կարողացանք դիմանալ: Աստված մեզ ուժ էր տվել, որ զինվորներին օգնեինք, թե չէ բոլորս էլ մարդ ենք, շատ դժվար դիմադրեցինք,- ասում է զրուցակիցս:

-Մի տղա կար, մեր Արմեն Մարտիրոսյանը սրտի մասաժ էր անում նրան, Տարոն Տոնոյանն ասաց՝ Արմեն, արդեն մահացել է, թո՛ղ, ասաց՝ չի մահացել, պիտի ինքը շնչի: Երկար ժամանակ փորձում էր փրկել, մի կերպ կարողացանք հեռացնել այդ տղայի մոտից:

Չնայած կեսօրվա արեւին՝ թեթեւ քամի է բարձրանում: Պատերազմը նախկինում կենսուրախ կնոջ դեմքին դաջել է անբացատրելի տխրություն: Պատերազմից հետո նա ինքնամփոփ է դարձել:

«Հիմա երբ ինչ-որ տեղ են հրավիրում, ոչ ուզում եմ գնալ, ոչ էլ ինչ-որ մեկին տեսնել: Մտածում եմ՝ ո՞նց կարող է երաժշտություն հնչել: Հիմա երբ փողոցում մեքենայից հնչող երաժշտություն եմ լսում, ուզում եմ կանգնեցնել եւ ասել՝ չի կարելի, անջատեք: Պիտի վառ պահենք մեր տղաների հիշատակը»,- նշում է Մարգարիտա Սարգսյանը:

Պատերազմը ծանր ապրումների տեղ է, եւ երբ մարտադաշտում թնդանոթները լռում են, դրանք շարունակում են կրակել ականատեսների հիշողություններում: Մարգարիտան ասում է՝ երբ պատմում է, վերապրում է այդ օրերը: Օրական 100-ից ավելի վիրավորների էին ընդունում: Մեծամասամբ որովայնի, թոքերի վիրավորմամբ, քիչ չէին նաեւ այրվածքներով դեպքերը: Վիրահատություններն անում էին նկուղային հարկում:

Հոկտեմբերի 5-ի լուսադեմին անձրեւում էր: Այդ օրը վիրավորներ ունեին: Թշնամին արդեն սկսել էր կրակել հիվանդանոցի ուղղությամբ: Պատը փլվել էր, ապակիները ջարդվել: Բուժանձնակազմին 40 րոպե ժամանակ էին տվել՝ ամբողջ վիրահատարանը, բժշկական անհրաժեշտ իրերը հավաքելու համար, քանի որ տեղափոխվելու էին: Շատերը դեռ չգիտեին, որ թշնամին մոտեցել է Հադրութին: Տեղափոխվել էին Ազոխ, որտեղ դպրոցը վերածել էին հիվանդանոցի: Այդտեղ, սակայն, մնացել են մինչեւ հոկտեմբերի 12-ը: «Շշուկներ լսվեցին, որ նորից մոտեցել են մեզ: Տարոն Տոնոյանն այնպես էր այդ ամենը կազմակերպում, որ մեզ մոտ վախ չառաջանար: Ամեն առավոտ նայում էր մեր բոլորի դեմքին, ասում էր՝ շուտով պատերազմը կվերջանա, ու կարծես, ամեն մեկիս հայացքից մի բան տեսնում էր: Ամեն օր ինձ հարցնում էր՝ տիկին Մարգո, Ձեր տղան զանգե՞լ է, ասում էի՝ չէ: Այդ ամբողջ ընթացքում մեկ անգամ եմ խոսել տղայիս հետ»,- վերհիշում է բուժքույրը:

Ազոխից հետո Մարգարիտան եղել է Ստեփանակերտի հոսպիտալում: Այդտեղ մնացել է մինչեւ նոյեմբերի 2-ը: Այդ օրը փողոցները կրկին դատարկ էին, իրենց մեքենան թիրախավորվել էր, վերադարձը Երեւան դժվար ստացվեց: Իրենց հետ բերել էին նաեւ վիրավորների: Բայց չէին էլ մտածում պարտության մասին: Իրենց ասել էին, որ մի քանի օրով Երեւան գնան, մի քիչ հանգստանան, հետո վերադառնան Արցախ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին ենք խոսում: Ասում է՝ ոչ մի վայրկյան չեն մտածել պարտության մասին: Երբ տարբեր խմբերից վիրավորներ էին բերում, ասում էին՝ մեր վիճակը լավ է, հաղթելու ենք:

«Նայում էինք՝ ինչ հզոր, ուժեղ տղաներ էին մեր զինվորները, որովհետեւ նման կռվող տղաները չպարտվեցին»,- ասում է բուժքույրը, ապա նշում, որ դեպքեր են եղել, երբ վիրավոր զինվորին վիրակապելիս նա խնդրել է արագացնել, որ վերադառնա ռազմաճակատ՝ ընկերների մոտ:

-Կա՞ն հարցեր, որ Ձեզ տալիս եք,- հարցնում եմ Մարգարիտային:

-Միշտ մտածում եմ՝ ինչի՞ պատերազմ պիտի լիներ: Մտածում եմ՝ 21-րդ դարում պիտի կարողանայինք լուծել այս հարցը, չունենայինք այսպիսի կորուստ, չկորցնեինք մեր հզոր տղաներին: Չէի ցանկանա, որ նորից պատերազմ լիներ, եւ մեր մայրերը նորից սգային… Էս պատերազմը պիտի չլիներ:

-Կա՞ ձայն, որ մինչեւ հիմա հետապնդում է Ձեզ:

-Վիրավորների ձայները եւ նրանց ընկերների, որ գոռում էին՝ շուտ փրկեք, փրկեք: Մինչեւ վերջ կանգնում էին կողքերս, որ տեսնեին՝ ինչ օգնություն ենք ցույց տալիս,- պատասխանում է բուժքույրը:

Պատերազմը Մարգարիտա Սարգսյանից վերցրել է հանգստությունը: Պատմում է, որ երբ Ստեփանակերտից նոր էր եկել, մտածում էր, թե չի կարողանա աշխատել: Սկզբից դժվար էր մասնակցել վիրահատություններին, որովհետեւ աչքի առաջ բոլորը զինվորներ էին թվում: Դա տեւել է մոտ մեկ ամիս: Ասում է՝ չէր էլ պատկերացնում, որ կկարողանա դարձյալ առօրյա կյանքի մեջ մտնել. «Ես ամեն օր վերապրում եմ այն: Երբ պառկում եմ քնելու, բոլորը նորից հիշում եմ, բոլոր երեխաներին հիշում եմ»:

Դեկտեմբերին Մարգարիտայենց բակում շինարարություն անելիս քարերը թափվել էին, պայթյունի պես ուժեղ ձայն էր լսվել, նրան թվացել էր, թե անօդաչուներ են հայտնվել երեւանյան երկնքում: Պատերազմից ամիսներ անց այդ ձայնը դեռ նրա ականջներում է:

Պատերազմից հետո վիրավոր տղաներից մեկի հետ շարունակում են կապ պահել: Նրան Ազոխից Ստեփանակերտ էին հասցրել, հետո ուղարկել Երեւան: Պատերազմից հետո Մարգարիտան որդու համար, որը նոյեմբերի 5-ին Երեւան էր վերադարձել, մատաղ էր արել եւ հրավիրել էր նաեւ այդ տղային: Հոկտեմբերի 7-ին վերջինիս հարսանիքն է, Մարգարիտան եւս հրավիրված է:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Մարգարիտա Սարգսյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter