HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻԵԴ-ն այս անգամ էլ արձանագրել է Լևոն Բարսեղյանի՝ հավաքների ազատության իրավունքի խախտումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սեպտեմբերի 21-ին ևս մեկ վճիռ է կայացրել Հայաստանի դեմ: Այս անգամ արձանագրվել է, որ պետությունը խախտել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանի՝ հավաքների և միավորման ազատության իրավունքը: Հայաստանի կառավարությունը Լ. Բարսեղյանին պետք է վճարի 1500 եվրոյին համարժեք դրամ, որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Հիշեցնենք, ՄԻԵԴ-ը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի («Հայկական ժամանակ» օրաթերթ) գործով ևս Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել՝ պարտավորեցնելով ՍՊԸ-ին վճարել 9000 եվրոյին համարժեք դրամ հատուցում: Այս դեպքում խախտվել էր ընկերության արտահայտվելու ազատության իրավունքը:

Նշված երկու գործերն էլ վերաբերում են նույն իրադարձություններին: Մասնավորապես, 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շուրջօրյա հավաքներ էին սկսել Ազատության հրապարակում: Ոստիկանական ուժերը հավաքները ցրեցին և մարտի 1-ին Երևան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն:

2008թ. մարտի 2 -ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Լևոն Բարսեղյանը ժամանել է Գյումրու կենտրոնական Թատերական հրապարակ և փորձել է մտնել հրապարակ` բողոքի ակցիա անցկացնելու համար: Սակայն մերժվել է նրա մուտքը ոստիկանության ծառայողների կողմից: Բարսեղյանը չի ենթարկվել նրանց հրամաններին և տարվել է ոստիկանական բաժանմունք:

Ոստիկանական բաժանմունքում վարչական գործ է հարուցվել Բարսեղյանի նկատմամբ՝ ոստիկանության ծառայողների օրինական հրամաններին չենթարկվելու պատճառաբանությամբ: Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Բարսեղյանից բացատրություն են վերցրել և ազատ արձակել:

Ոստիկանությունը դիմել է դատարան՝ Լևոն Բարսեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Բարսեղյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանության դեմ: Նա առաջին հերթին պնդել է, որ ոստիկանությունը չի կարողացել հիմնավորել, որ նա մյուսներին կոչ է արել հանրահավաք անցկացնել՝ պնդելով, որ ինքը հանրահավաք կազմակերպելու նպատակ չի ունեցել: Ամեն դեպքում, մարդկանց հրավիրելը արգելված արարք չի եղել, հետևաբար չէր կարող օրենքով պատժվել: Ավելին, որևէ ապացույց չի ներկայացվել, որ տվյալ պահին ավելի քան 100 մարդ է հավաքվել Թատերական հրապարակի մոտ կամ դրա մերձակայքում, հետևաբար, այն պնդումը, որ ինքը մյուսներին կոչ է արել հանրահավաք անցկացնել առանց նախնական ծանուցման, անհիմն է, քանի որ օրենքը չէր պահանջում նախնական ծանուցում, եթե հանրահավաքին մասնակցում է 100-ից պակաս մարդ: Հետևաբար՝ ոստիկանության հասցեագրված հրամաններն իրեն ուղղված չէին կարող օրինական համարվել:

2008թ. հունիսի 10-ին Վարչական դատարանը բավարարել է ոստիկանության հայցը և մերժել Լևոն Բարսեղյանի հակընդդեմ հայցը՝ վերջինիս ենթարկելով վարչական տույժի` 50 000 հայկական դրամի չափով:

Ինչպես «Դարեսկիզբ» ՍՊԻ-ի, այնպես էլ այս գործով կառավարության ներկայացուցիչը պնդել է, որ Հայաստանը Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն՝ շեղվել էր 11-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորություններից (Արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում), հետևաբար, Բարսեղյանի դիմումը պետք է մերժվի: Կառավարությունն ընդունել է, որ չնայած նախագահի հրամանագրով արտակարգ դրությունը վերաբերում էր միայն Երևան քաղաքին, սակայն արտակարգ դրություն կար նաև երկրի երկրորդ քաղաքում ՝ Գյումրիում: Հետևաբար, այդտեղ ևս պարտավորությունների շեղում էր անհրաժեշտ, քանի որ ռիսկ կար Երևանի իրադարձությունների և Գյումրիում այդ իրադարձությունների կրկնության միջև:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Հայաստանի նախագահի կողմից 2008թ. մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը և համապատասխան շեղումը վերաբերում էին բացառապես Երևանին, մինչդեռ սույն գործի հանգամանքները տեղի են ունեցել Գյումրի քաղաքում, որոնց նկատմամբ վերը նշված միջոցները չեն կիրառվել: Ըստ Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի՝ Կոնվենցիայի 15-րդ հոդվածը թույլ է տալիս շեղումներ կատարել Կոնվենցիայից բխող պարտավորություններից միայն «այնքանով, որքանով խիստ անհրաժեշտ է իրավիճակի ծայրահեղությամբ»:

Դատարանը նշել է, որ միջամտությունը չպետք է դիտարկվի ուղղակի արգելք՝ իրավական կամ դե ֆակտո, այլ կարող է բաղկացած լինել իշխանությունների ձեռնարկած տարբեր այլ միջոցառումներից:  Հավաքների ազատությանը վերաբերող Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «սահմանափակումներ» տերմինը ներառում է ինչպես միջոցառումներից առաջ, այնպես էլ դրա ընթացքում ձեռնարկված միջոցառումները, ինչպես օրինակ՝ նախնական արգելքը, հանրահավաքի ցրումը կամ մասնակիցների ձերբակալությունը, ինչպես նաև դրանից հետո ձեռնարկված պատժամիջոցները, ներառյալ հանրահավաքին մասնակցելու համար նշանակված տույժերը:

Գործով կողմերը չեն վիճարկել միջամտության առկայությունը: ՄԻԵԴ-ն էլ նշել է, որ ոստիկանությունը խոչընդոտել է Լևոն Բարսեղյանին Գյումրիի կենտրոնում քաղաքական բողոքի ակցիա անցկացնելուն: Երբ նա չի ենթարկվել, ձերբակալվել է, իսկ հետագայում պատժվել է այդ գործողությունների համար: Ուստի, Դատարանը գտնում է, որ միջամտություն է եղել Բարսեղյանի խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ:

Դատարանը կրկնել է իր նախկին դիրքորոշումներն այն մասին, որ հավաքների ազատության իրավունքը, որը ժողովրդավարական հասարակության հիմքերից է, ենթակա է մի շարք բացառությունների, որոնք պետք է նեղ մեկնաբանվեն և ցանկացած սահմանափակումների անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հաստատվի: Քննելով այն, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», պետություններն ունեն որոշակի, բայց ոչ անսահմանափակ գնահատման սահման: 

Դատարանը նաև փաստել է, որ գործում չկա որևէ ապացույց, որից կարող են ենթադրել, որ Բարսեղյանը բռնի մտադրություններ է ունեցել կամ ուրիշներին դրդել է կատարել բռնի գործողություններ կամ նմանատիպ դատապարտելի գործողություններ: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ իշխանությունները, ներառյալ ներպետական ​​դատարանները, չեն տրամադրել «համապատասխան և բավարար» պատճառներ ՝ հիմնավորելու Լևոն Բարսեղյանի հավաքների ազատության իրավունքի միջամտությունը, որը, նման հանգամանքներում, չի կարելի ասել, որ անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում: Ըստ այդմ, տեղի է ունեցել Կոնվենցիայի 11 -րդ հոդվածի խախտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter