
«Հայաստանը ծայրից ծայր անցնելու, հետազոտելու, սիրահարվելու ու մանրուքներով բացահայտելու երկիր է»
Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված «Մեր հայրենիք» խորագրով ֆոտո եւ վիդեո աշխատանքների ցուցադրություն էր կազմակերպվել Գյումրու «Երանուհի եւ Մարիամ Ասլամազյան քույրերի» պատկերասրահում: Մասնակիցները 4-ն էին՝ լուսանկարիչներ Արմեն Տեր-Մկրտչյան, Գուրգեն Գինոսյան, Գայանե Եղիազարյան եւ Գագիկ Ղազարե: Լուսանկարիչ Գուրգեն Գինոսյանը ներկայացել էր 30 լուսանկարով՝ արված Հայաստանի տարբեր մարզերում:
«Հայաստանը մանրակրկիտ սիրելու երկիր է: Հայաստանը ծայրից ծայր անցնելու, հետազոտելու, սիրահարվելու ու մանրուքներով բացահայտելու երկիր է: Իսկ մենք շատ հաճախ չենք նկատում ոչ միայն հեռվում եղածն, այլեւ հենց մեր կողքինը,- ասում է լուսանկարիչ Գուրգեն Գինոսյանը,- գուցե սա է պատճառը, որ կորցնում ենք՝ առանց ցավ ապրելու, առանց հասկանալու ունեցածի իրական արժեքը»:
Ըստ լուսանկարչի, հայրենիքը մեր մեծ տունն է, այլ կերպ ասած՝ մեր փոքր տան մեծ մոդելը: «Յուրաքանչյուրս գիտենք մեր տունը, բակն ու շրջակայքն ամենայն մանրամասնությամբ, սակայն երկրի ամբողջական ճանաչողությունը մղված է հետին պլան: Պիտի հայի գիտակցության մեջ ամրապնդել «Իմ տունն իմ ամրոցն» է հասկացությունն ու այն մեծացնել, տարածել, սարքել երկրի մասշտաբներին համապատասխան: Ես գործի բերումով Հայաստանում շատ եմ շրջել, բայց էն ժամանակ տեսածիս նույն հայացքով չէի նայում, ինչ պատերազմից հետո»,- խոստովանում է զրուցակիցս:
Լուսանկարների մեծ մասն արվել են արցախյան պատերազմից առաջ եւ հետո: Սկսել է ծայր հյուսիսից՝ Արփի լճից եւ հասել մինչեւ Մեղրի: Գուցե դա է պատճառը, որ ցուցահանդեսին ներկայացել է «Հյուսիս-Հարավ» խորագրով: Որոշակի բարդություններ է ունեցել Սյունիքում աշխատելիս՝ հարավ ուղեւորվել է այն ժամանակ, երբ արդեն ճանապարհին ծածանվում էին թշնամու դրոշները: Որոշակի խնդիրներ են առաջացել նաեւ լեռնային տեղանքում մեքենայով տեղաշարժվելիս: «Սյունիք ուղեւորվելուց հետո էլ մեքենա չունեմ, շարքից դուրս եկավ,- Գուրգենը ժպտում է,- իրականում այնտեղ շրջելու համար ամենագնաց էր պետք, իմ մեքենայով որքան կարողացա, այնքան «մագլցեցի», բայց դե չձգեց էլի»:
Գուրգենը փորձել է լուսանկարներով բացահայտել այն, ինչ սովոր է մեր աչքին, սակայն հենց այդ սովոր լինելու պատճառով տեղ չի գտնում մեր հիշողություններում: Լուսանկարել է վայրեր, որոնք համարվում են ոչ գրավիչ զբոսաշրջային առումով եւ շատ դեպքերում արժանիորեն չեն գնահատվում հենց տեղացիների կողմից:
«Լեռներն եմ շատ նկարել: Մենք հենց լեռներում ենք ուժեղ ու անպարտ,- նկատում է զրուցակիցս,- կուզենայի որ էս գաղափարը ծնողները ամրապնդեն իրենց զավակների մոտ փոքրուց: Նաեւ էն, որ երկրիդ առումով լավ ու վատ, նայելու կամ չնայելու, սիրելու կամ չսիրելու արժանի տեղեր չկան: Կա սիրելու արժանի հող, բնություն, երկիրդ հյուսիսից հարավ, արեւմուտքից արեւելք քոնը համարելու մտածողություն»:
Հենց այդ մտայնությամբ էլ լուսանկարիչը ոչ մի լուսանկար չի մակագրել: Ասում է՝ կոնկրետ իրեն համար տարբերություն չկա սարի գագաթը Շիրակում է նկարել, թե Սյունիքում, երկինքը Վայքում է ավելի գեղեցիկ ստացվել, թե Տավուշում, եւ որ մի հատվածում է մայրամուտն ամենաազդեցիկը:
Լուսանկարները՝ Գուրգեն Գինոսյանի
Մեկնաբանել