HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պերմի համալսարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 43-ի

Սեպտեմբերի 20-ին Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած հարձակման տուժածների թիվը հասել է 43-ի։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Պերմի երկրամասի առողջապահության նախարար Անաստասիա Կրուտենին։  

Վերջինիս տվյալներով՝ 12 տուժածներ գտնվում են քաղաքային երեք հիվանդանոցներում։ Նրանց թվում Կրուտենը ներառել է նաև հարձակում իրականացրած Թիմուր Բեկմանսուրովին։ 

«Ծանր վիճակում միայն մեկն է՝ հրաձիգը։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,- նշել է Կրուտենը՝ հաստատելով, որ անդամահատել են նրան սրունքի մի մասը։ Եվս յոթ տուժածներ, որոնք ստացել էին ծանր վիրավորում, ավելի վաղ բուժման նպատակով ուղարկվել էին Մոսկվա։ 

Ավելի ուշ, տեղական 59.ru-ն և ПроПермь-ը հայտնել են, որ տեղական առողջապահական գերատեսչությունը տուժածների թվում դասել են ոչ միայն հարձակումն իրականացրած անձին, այլև՝ վեց զոհերին։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ի առավոտյան զինված անձը հարձակվել էր Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի վրա։ Առավոտյան 11-ի մոտ զինվորական արտահագուստով հանցագործը կրակ է բացել համալսարանական մասնաշենքի բակում, որից հետո մտել համալսարանի ութերորդ մասնաշենք։ Զինված անձն արձակել էր առնվազն 30 կրակոց, ենթադրաբար, 12 միլիմետր տրամաչափով Huglu 12 զինատեսակից, որն օրինական ճանապարհով ձեռք էր բերել այս տարվա մայիսին։ 

ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ։ Ի սկզբանե հայտարարվում էր 5 զոհի և ևս 6 տուժածի մասին։ Հարձակում իրագործած անձը 18-ամյա Թիմուր Բեկմանսուրովն է։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ հրաձիգը եղել է այդ համալսարանի ուսանող։ Նա սովորել է նույն բուհի իրավագիտության ֆակուլտետում՝ «Դատական փորձաքննություն» մասնագիտացմամբ։

Հարձակումից առաջ Բեկմանսուրովը ВКонтакте-ի իր էջում գրառում էր արել, որտեղ խնդրել էր իր գործողությունը չդիտարկել որպես ահաբեկչություն և հայտարարել, որ չի անդամակցում ծայրահեղական կազմակերպությունների։ Նրա գրառման մեջ եղել են այսպիսի տողեր։ «Ես ինձ ատում եմ, բայց ուզում եմ ցավ պատճառել բոլոր նրանց, որոնք կկանգնեն իմ ճանապարհին»։ Ավելի ուշ, սոցիալական ցանցը ջնջել էր այդ գրառումը։

Լուսանկարը՝ Алексей Романов / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter