HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանելուց` արդյոք ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը

Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվում է պատասխանել այն հարցին, թե արդյոք 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը քննարկել են այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը։ Այդ մասին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել է «Հետք»-ի հարցմանն ի պատասխան։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար այն մասին, որ կողմերը քննարկել են այդ հարցը, ուստի մենք ԱԳՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք հայկական կողմն այս հանդիպման ժամանակ Սլովակիայի հետ քննարկել է այն, ինչ ուղերձներ էին փոխանցվել մյուս կողմին ու ինչ արձագանք էր տվել սլովակական կողմը։ 

Որպես տեղեկատվության տրամադրման մերժման պատճառաբանություն ԱԳՆ-ն նշում է, որ չի կարող հրապարակել կողմերի առանձնազրույցի բովանդակությունը՝ ելնելով «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետից («Տեղեկատվություն միջազգային պայմանագրերի և պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնց գաղտնի լինելու մասին առկա է պայմանավորվող կողմերի համաձայնությունը կամ ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման»)։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին սլովակական Dennik N թերթի լրագրող Վլադիմիր Շնիդլը հոդված էր հրապարակել Ադրբեջանի կողմից Սլովակիայից Dana ինքնագնաց հաուբիցի և RM-70 ՀԿՌՀ-ների ձեռք բերման մասին: Լրագրողը պարզել էր, թե ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։ Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա էր տրամադրել, իսկ դրանք տարանցել էին Իսրայելով և հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացրել էր այդ երկրի էկոնոմիկայի նախարարությունը: 

Սլովակիայում այդ ժամանակ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հրապարակայնորեն քննադատել էր Սլովակիայի գործելակերպը։ «Այս զինատեսակներն իսկապես վտանգավոր են: Դրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն, այլև Սլովակիայի հետ մեր բարեկամական հարաբերությունների պատկերը»,- նշել էր Սեյրանյանը:

Զենքի արտահանման գործարքի ետևում սլովակյան MSM ընկերությունն էր, որը պատկանում է չեխ ազդեցիկ զինագործ Յարոսլավ Ստրնադի Czechoslovak Group-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը արդիականացված RM-70 հրթիռային համազարկային կայանքներ և արդիականացված Dana հաուբիցներ Իսրայել արտահանելու լիցենզիա է տրամադրել ընկերությանը: Չեխ լրագրողները մի շարք ապացույցներ էին ձեռք բերել, որ Իսրայելը պարզապես տարանցիկ կայան է եղել, մինչդեռ զենքի իրական գնորդն Ադրբեջանն էր, որը նույնիսկ չէր էլ ժխտում այդ փաստը` ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ:

Սլովակիայի կառավարությունը, սակայն, ամեն կերպ հերքում էր այդ երկիր զինտեխնիկայի արտահանման համար իր պատասխանատվությունը: Սլովակիան նշում էր, որ համաձայնություն է տվել դա միայն Իսրայել արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որը 90-ական թվականներից ի վեր սպառազինության էմբարգոյի ենթարկված երկիր է:

«Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել ռազմական տեխնիկա արտահանել Ադրբեջան: Մենք հարգում ենք մեր միջազգային պարտավորությունները»,- ընդգծում էր Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը:

Սեպտեմբերի 14-ին մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն էր հայտնել Սլովակիային կորոնավիրուսի համավարակի ժամանակ Հայաստանին ցուցաբերած օգնության համար։ Մենք հետաքրքրվել էինք, թե ինչ օգնության մասին է խոսքը։ ԱԳՆ-ն նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին Սլովակիան, Չեխիան և Լեհաստանը, Վիշեգրադյան հիմնադրամի հետ համագործակցությամբ, և Սլովակիայի կառավարությունն առանձին Հայաստանին տրամադրել են հումանիտար օգնություն՝ բժշկական սարքավորումների տեսքով (ռենտգենյան ճառագայթներ (X-ray) սարքավորումներ, դեղորայք, դիմակներ, ախտահանիչ պարագաներ և այլն), ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ 

Միևնույն ժամանակ, Սլովակիայի կառավարության զարգացման ծրագրերի շրջանակներում, որոնք ընդգրկում են նաև Արևելյան գործընկերության մասնակից երկրները, Սլովակիայի կառավարության կողմից՝ ԵՄ և Վիշեգրադյան քառյակի համապատասխան հիմնադրամների հետ համագործակցությամբ, նախատեսված է 2 միլիոն եվրո ընդհանուր գումար, որից տարեկան կտրվածքով 50 հազար դոլար կարող է տրամադրվել Հայաստանին՝ ընդհանուր առումով հինգ նախագծի համար։ Այդ նախագծերն ունեն հումանիտար օգնության բնույթ, ներառյալ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի նպատակով։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter