HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն նույն քանակի և նույն տեսակի ծառերի տնկման պահանջ․ նախագիծ

Շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ) Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է պարտավորեցնել քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող հողերում յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն նույն տեսակի և նույն քանակի ծառեր տնկել։ Այս նախաձեռնությունը Շրջակա միջավարի նախարարությունը հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՇՄՆ-ն առաջարկում է Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9-րդ մասով, համաձայն որի՝ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից (պետական, համայնքային, մասնավոր), կարգելվի ծառերի վնասումը կամ ոչնչացումը, իսկ դրանց հատումը կարող է իրականացվել համայնքի ղեկավարի թույլտվությամբ հետևյալ դեպքերում՝ սանիտարական կամ խնամքի հատումներ իրականացնելու (բացառությամբ՝ պտղատու ծառերի), հողամասը նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու, կառուցապատման նպատակով ձեռք բերված հողերում ծառահատում իրականացնելու, ծառապատում իրականացնելու։

Ըստ օրինագծի՝ ծառահատման համար համայնքի ղեկավարի թույլտվությունը չի պահանջվի վթարային կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախատեսվող գործունեություն իրականացնելու դեպքերում։

Շրջակա միջավայրի նախարարության մշակած օրենքի նախագծի համաձայն՝ ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը պարտավոր են ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ ծառապատել համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով։

Եթե տվյալ հողամասի սեփականատերը հատված ծառերի փոխարեն ծառատում չի իրականացնում, ապա Կառավարության սահմանած չափով և կարգով (բացառությամբ պետական և համայնքային հողերի) սեփականատերը պարտավոր է գումար մուտքագրել տվյալ համայնքի բյուջե, ինչը կարող է օգտագործվել միայն տվյալ համայնքում ծառապատում իրականացնելու նպատակով։

Հավելենք, որ ՇՄՆ-ի այս նախաձեռնությունը օրինական ուժ ստանալու համար դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter