«Նոր Երևան». ՀՔԾ նախկին գլխավոր քարտուղարի ընկերությունը 50 շենքից բաղկացած թաղամաս կկառուցի
Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն նոր թաղամաս է կառուցելու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Բաբաջանյան 42/5 հասցեում ընկերությունը շուրջ 8 հա տարածք է ձեռք բերել և պատրաստվում է 9-20 հարկանի 50 բնակելի շենք կառուցել: Թաղամասը կոչվելու է «Նոր Երևան» և ունենալու է 4000 բնակարան:
Սեպտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ճարտարապետահատակագծային առաջադրանք է տրամադրել: Համաձայն դրա` կառուցապատողը 40%-ից ավելի կանաչապատ տարածք պետք է ապահովի, համալիրի կազմում նախատեսի մանկապարտեզ, ակտիվ և պասիվ հանգստի գոտիներ` խաղահրապարակներ, զրուցարաններ, ինչպես նաև համալիրի սպասարկման համար անհրաժեշտ այլ օժանդակ շինություններ, ստորգետնյա ավտոկայանատեղի`ապահովելով բնակարանների թվաքանակի առնվազն 70-80 %-ին համապատասխան:
Առաջադրանքի գործողության ժամկետը 3 տարի է, սակայն նշված է, որ հնարավոր է մասնաշենքերի փուլային համաձայնեցում:
«ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մարգարյանն այս թաղամասի կառուցումն աննախադեպ է համարում, քանի որ շուկայում առկա ամենացածր գներից մեկն են առաջարկելու շահառուներին` 1 քմ-ը վաճառվելու է 590 դոլարին համարժեք դրամով: Ավելին, այս արժեքը սահմանվել է հաստատուն, և որևէ թանկացում չի լինելու բնակարանի տեղի, հարկայնության, տեսարանի և այլ բարենպաստ պայմանների կամ առավելության պարագայում:
«Սկզբից ասում էին` վերևի հարկերն ավելի թանկ վաճառվող են, մեզ մոտ Ադոնց փողոցի նախագծում հակառակն եղավ, դրա համար բացարձակ խտրականություն չենք դրել: Մարդիկ չեն հավատում, գրում են` «ձև չի»: Ամրագրումները մյուս շաբաթվանից սկսելու ենք»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց տնօրենը:
Էդուարդ Մարգարյանը նշեց, որ նախատեսում են նախագծի լայնամասշտաբ շինարարությունն ավարտին հասցնել փուլային տարբերակով` մի մասը` մինչ 2024 թվականը, իսկ ամբողջական համալիրը` 2026 թվականին:
«Էս անգամ չենք սահմանափակել որևէ բանով. կապ չունի մարդն ինչ մասնագիտության է, մարզից է, թե Երևանից, խնդիրը դրել ենք, որ մարդը կարողանա 590 դոլարին համարժեք դրամով բնակարանի տեր դառնա»,- ասաց Է. Մարգարյանը:
Մեր դիտարկմանը, թե արդյոք դա էժան է համարում, «ՄԼ մայնինգի» տնօրենը պատասխանեց. «Մեր շուկայի համեմատ դա շատ էժան է»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այդ հատվածն, ըստ Էդուարդ Մարգարյանի, ընտրվել է երկու պատճառով, նախ` Կենտրոնը բեռնաթափելու, երկրորդ` երկաթգծերից ապագայում օգտվելու համար:
«Բոլորը Կենտրոն, Կոմիտաս, Արաբկիր են ձգտում, ճիշտ չէ, լցվում է Կենտրոնը, քաղաքի բեռնաթափման խնդիր կա: Իսկ էստեղ ծայրամաս է, անտեր վիճակի հող էր, էդ հողը ձեռք բերելուց հետո և քաղաքապետարանի հետ քննարկումներից հետո որոշեցինք, որ համալիր կառուցենք: Այդտեղ ժամանակին նաև երկաթգծեր էին գնում, որը կարող է նաև մետրոյի գծեր դառնալ, և վերգետնյա մետրո աշխատի մինչև այդտեղ, որովհետև գծերը կան»,- ասաց տնօրենը:
8 հա հողը «ՄԼ մայնինգ»-ի սեփականությունն է: Այն ձեռք են բերել սնանկության աճուրդում: Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների` «ՄԼ մայնինգ»-ի սեփականության իրավունքը գրանցվել է այս տարվա փետրվարին: Սակայն նույն փաստաթղթի համաձայն, այն նաև գրավադրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում:
Նախագիծը դեռևս պետք է Շրջակա միջավայրի անվտանգության գնահատման փորձաքննություն անցնի: Նախագիծը Շրջակա միջավայրի նախարարության կայքում դեռ չկա:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել