
Իլհամ Ալիև. «Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ Երևանին կոչ անելով ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև։ Այդ մասին Ալիևը սեպտեմբերի 23-ին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում իր ելույթի ժամանակ, որը տեսագրվել էր նախապես։
«Հակամարտությունն ավարտվել է, այդ իսկ պատճառով Ադրբեջանն արդեն հայտարարել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին, որը հիմնված կլինի միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմաններում։ Այդպիսի պայմանագիրը կարող է մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության և համագործակցության տարածաշրջան։ Սակայն մենք դեռևս մեր առաջարկության շուրջ դրական արձագանք չենք տեսնում Հայաստանի կողմից»,- նշել է Ալիևը։
Նրա խոսքով՝ ոլորտներից մեկը, որը կարող են ծառայել խաղաղությանն ու համագործակցությանը, կարող են լինել տրանսպորտային նախագծերը։ Նա նշել է, որ տարածաշրջանի համար նոր հնարավորություն կարող է դառնալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ»։
Ինչպես ընդգծել է Ալիևը, «Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասում, և բոլորը դա պետք է հաշվի առնեն»։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ընտրություն անի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ տարածքային պահանջների միջև։
Լուսանկարը՝ արխիվային/ Reuters գործակալություն
Մեկնաբանել