HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Պատվաստվե՞լ, եթե կան հակամարմիններ, ինչպե՞ս այն կանդրադառնա վերարտադրողական առողջության և հղիների վրա. COVID-19

Կորոնավիրուսի պատվաստման մասին շրջանառվում են տարբեր տեսակի տեղեկություններ, որոնք միշտ չէ, որ հավաստի են կամ համապատասխանում են իրականությանը։ 

Դրանց մի մասը, ըստ ոլորտի մասնագետների, վտանգավոր է ոչ միայն տեղեկատվական առումով, այլև ուղղակիորեն կարող է վնասել մարդու առողջությանը։

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանն ու ԵՊԲՀ-ի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանն անդրադարձել են պատվաստման հետ կապված մի շարք հարցերի, ինչպես, օրինակ, արժե՞ պատվաստվել, եթե արդեն կան հակամարմիններ, ու որքա՞ն են դրանք պաշտպանում, ինչպե՞ս է անդրադառնում պատվաստումը հղիների և վերարտադրողական առողջության վրա, եթե պատվաստված մարդիկ կարող են վարակել, ինչու՞ նույնպես ՊՇՌ թեստ չեն հանձնում, ինչու՞ պատվաստելուց առաջ որևէ հետազոտություն չի արվում, և ինչո՞վ է վտանգավոր պատվաստման սերտիֆիկատների վաճառքը։

 

 

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն ասում է, որ պատվաստման գործընթացին վնասում են մարդիկ, որոնք, կապ չունենալով ոլորտի հետ և մասնագետ չլինելով, ինչ-որ չստուգված տեղեկություններ են տարածում, մյուս կողմից էլ՝ մասնագետներն ակտիվ չեն ստույգ և մատչելի տեղեկությունների տրամադրման հարցում, ինչի պատճառով և՛ խախտվում է հավասարակշռությունը, և՛ ձևավորվում են միֆերը։

Ըստ նրա՝ «հակապատվաստումային» ոչ մասնագետները կամ մասնագետներն ինչ-որ շահեր են հետապնդում, և պատվաստումը ներկայացնում են որպես «մութ ուժերի» կազմակերպած գործընթաց։ Ա. Սողոյանն ընդունում է, որ ոլորտում, իհարկե, կան «փոքր թերություններ», բայց դրանք տարածվում են պատվաստման ողջ գործընթացի վրա, և մարդկանց գիտակցաբար կամ անգիտակցաբար մոլորեցնում։

«Եթե բավարար լինեին արված միջոցառումները, չէր լինի այդ «հակա» արշավի աստիճանն այն, որը կա, մեզանից յուրաքանչյուրն իր պրոյեկցիաներն է արել, մտածել է՝ եթե ես հասկանում եմ, կարծում եմ՝ մնացածներն էլ են հասկանում, ու անհրաժեշտություն չկա անընդհատ վեր կենալ խոսելու, բացատրելու»,- ասում է Սողոյանը՝ ընդգծելով, որ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց ասածների համար, իսկ տեղյակ մարդիկ պետք է շատ խոսեն, որ ինֆորմացիոն բալանսը պահպանվի։

«Պատվաստումները պանացեա չեն, բայց այլընտրանք այսօր պատվաստումները չունեն»,- եզրափակեց Սողոյանը։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը մեջբերում արեց միջազգային փորձից և հետազոտություններից՝ նշելով, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստվածների տոկոսը բավականին բարձր է։ 

Ըստ նրա՝ մինչ օրս աշխարհում մի քանի միլիարդ տարբեր տեսակի պատվաստանյութ  է կիրառվել։ Այսօր շատ երկրներ էլ կան, որտեղ բնակչության մոտ 80%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. դրանք հիմնականում բարձր եկամուտ ունեցող պետություններն են՝ Հյուսիսային Եվրոպայի երկրները, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, ԱՄՆ-ում չափահաս բնակչության մեջ պատվաստվածների թիվը մոտ 50%-ից ավելի է։

Չինաստանում նույնպես ամբողջ չափահաս բնակչության մոտ 80%-ն է պատվաստված, Պեկինում այդ ցուցանիշը հասնում է 97%-ի։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում, ըստ Վարդուհի Պետրոսյանի, բուժաշխատողների պատվաստվածության թիվը 90%-ի է հասնում։ 

«Դա լավ օրինակ է քաղաքացիների համար, էստեղ մենք նույնպես անելիքներ ունենք, որ բուժաշխատողների շրջանում նույնպես այդ տոկոսը բարձր լինի, և որոշակի միֆեր չգան հենց բուժաշխատողների շրջանակից կամ երբեմն ուղղակի բժշկական դիպլոմ ունեցողներից»,- ասում է նա՝ ընդգծելով, որ վիրուսի վարքագիծը փոփոխվում է, նոր գիտական տվյալներ են ի հայտ գալիս, ու շատ կարևոր է տեղեկություն տրամադրելիս հետևել ամսաթվերին։

Այս առումով նա հիշատակեց հղիների և պատվաստանյութերի մասին տարածվող ապատեղեկատվությունը վիժումների մասին. քանի որ հղիները ռիսկային խումբ են համարվում, չեն ընդգրկվում պատվաստանյութերի արտադրման և փորձարկման փուլերում, այդ պատճառով էլ նրանց վրա ազդեցության մասին տվյալները քիչ են, ու այդ համատեքստում սկսվում են տարբեր տեղեկություններ շրջանառվել։

Սակայն այսօր, ըստ Պետրոսյանի, արդեն կան պատվաստված 99 000 հղի կանանց մասին տվյալներ ԱՄՆ-ից, որոնք վերլուծվում են, պարբերաբար տվյալներ են տրամադրում նաև այլ երկներ, օրինակ՝ Իսրայելը, Ռուսաստանը և այլն»։

«Եթե մի քանի ամիս առաջ նայենք, առաջարկվում էր հղիների նկատմամբ ավելի զգուշավոր լինել պատվաստելիս։ Քանի որ նորանոր գիտական տվյալներ են ի հայտ գալիս, այդ առաջարկները փոփոխության են ենթարկվում։ Ես կարող եմ օրինակ բերել ռուսական պատվաստանյութից, քանի որ հունիս ամվսա վերջում իրենց Առողջապահության նախարարության կողմից եղավ հայտարարություն այս մասին, և եղած տվյալները թույլ էին տալիս այլ գնահատական տալ՝ արդյոք պետք է հղիներին պատվաստել, թե ոչ, քանի որ հղիները, եթե հիվանդանում են, կարող են հետևանքները շատ ավելի ծանր լինել։ Արդեն գիտական փաստարկներ կան, երբ համեմատում ենք հղիներին և ոչ հղիներին, թե ինչպես են այս հիվանդությունը տանում, տեսնում ենք, որ հղիների մոտ կարող է շատ ավելի ծանր ընթանալ, այդ պատճառով որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվեն այս բոլոր ռիսկերը»։

Ուսումնասիրությունները պարզել են նաև, որ կրծքով կերակրող կանանց մոտ պատվաստումից առաջացած հակամարմինները կարող են փոխանցվել նաև նորածին երեխաներին։

Վարդուհի Պետրոսյանն ասում է, որ կերակրող կանանց մոտ չի հայտնաբերվել այնպիսի կողմնակի ազդեցություն, որը կտարբերվի մնացած մարդկանց մոտ հանդիպած ազդեցություններից։

Ինչպե՞ս է պատվաստումն անդրադառնում վերարտադրողական առողջության վրա։

Այս հարցը նույնպես ուսումնասիրել են տարբեր երկրների մասնագետներ, սակայն վնասակար ազդեցության մասին շրջանառվող տեղեկությունները գիտականորեն հերքվել են։

«Ե'վ տղամարդկանց մոտ, և’ կանանց մոտ չկան գիտական տվյալներ, որ պատվաստումը կարող է ազդել վերարտադրողական առողջության վրա,-ասում է Վ. Պետրոսյանը։- Չկա պատվաստանյութ, որն ունենում է բացասական ազդեցություն վերարտադրողական առողջության վրա թե’ տղամարդկանց մոտ, թե’ կանանց մոտ, սակայն արդեն հայտնի է, որ COVID-19 հիվանդությունը կարող է բերել  վերարտադրողական առողջության խնդիրների, ինչպես նաև՝ ազդում է այլ օրգան համակարգերի վրա»։

Պատվաստվե՞լ, եթե կան հակամարմիններ

ԵՊԲՀ-ի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք այն մարդիկ, ովքեր արդեն վարակվել են և ունեն հակամարմիններ, պատվաստման կարիք ունեն, կամ պե՞տք է, արդյոք, պատվաստվելուց առաջ որոշել դրանց քանակը։ 

Նախ՝ նա նշեց, որ հակամարմինները մեր իմունային համակարգի միակ պաշտպանող օղակը չեն, թեև դրանք առավել հեշտ չափելի են, սակայն, դրանից բացի, մարդն ունի նաև բջջային իմունիտետ, որի գնահատականը տալու համար շատ ավելի նուրբ լաբորատոր աշխատանք է պետք իրականացնել։

Մյուս կողմից, քանի որ տվյալները քիչ են, հնարավոր չէ այժմ հստակ ասել, թե հակամարմնի որքան տիտրի (քանակի) դեպքում մարդը լիովին կպաշտպանվի կորոնավիրուսից. նման տվյալներ, Գրիգորյանի խոսքով, կլինեն մոտ ապագայում։

«Մենք հակամարմինները հաճախ դիտարկում ենք՝ որպես միատիպ շախմատի զինվորներ, որ բոլորի արժեքը նույնն է, բայց բանն այն է, որ որքան ավելի հաճախ շփում ունեցավ մեր օրգանիզմը վիրուսի հարուցչի հետ կամ նրա բաղադրիչ հանդիսացող սպիտակուցների հետ, այնքան մեր օրգանիզմը հնարավորություն ունի բարելավել այդ հակամարմինների որակը, դա անվանում են հակամարմնի ավիդություն»,-ասում է նա՝ նշելով, որ հաջորդ անգամ վիրուսին հանդիպելիս դրա դեմ պայքարի զենքերն ավելի «սրված» կլինեն՝ է'լ ավելի զորեղացնելով իմունային համակարգը։

Ահա այս պատճառով է նա պնդում, որ նույնիսկ եթե մարդը վարակվել է կորոնավիրուսով, ապա, միևնույն է, արժե պատվաստվել։

Արտեմ Գրիգորյանի կարծիքով՝ քանի որ թե’ բնական ճանապարհով ձևավորված հակամարմինները, թե' պատվաստումից հետո ձևավորվածներն ունեն մարման՝ նվազման միտում, գուցե հետագայում կարիք առաջանա նորից պատվաստվել՝ ամրապնդելով իմունիտետը։

Վարդուհի Պետրոսյանն ասում է՝ ԱՄՆ-ը և Իսրայելը համեմատել են հիվանդացության հետեւանքով բնական իմունիտետ ձեռք բերած եւ պատվաստման շնորհիվ իմունիտետ ձեռք բերած մարդկանց եւ արձանագրել, որ հիվանդանալուց հետո պատվաստվածներն ամենաուժեղ իմունիտետն ունեն։

«Այն մարդիկ, ովքեր արդեն հիվանդացել և լավացել են, ինչու՞ պետք է պատվաստվեն։ Գիտական հետազոտություններն ապացուցում են, որ երբ պատվաստվում են, իրենց պաշտպանվածությունը շատ ավելի ուժեղ է լինում։ Այն մարդը, ով հիվանդացել ու պատվաստվել է, 2,5 անգամ ավելի քիչ ռիսկ ունի կրկնավարակի, քան այն մարդը, ով հիվանդացել, լավացել է ու չի պատվաստվել»։

Ինչու՞ պատվաստվելուց առաջ որևէ հետազոտություն չի արվում

Վարդուհի Պետրոսյանը պնդում է, որ չկա որևէ գիտական տվյալ, անհրաժեշտություն կամ նման առաջարկ, որ որևէ պատվաստում ստանալուց առաջ պետք է իրականացնել լայնածավալ բժշկական կամ առանձին հետազոտություն։ Նույնը վերաբերում է նաև հղիներին։

Եթե պատվաստված մարդը կարող է վարակել, ինչու՞ նա նույնպես թեստ չի հանձնում

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ԱՆ հրամանը, որով աշխատողները կա’մ պետք է պատվաստվեն, կա’մ ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն, հակառակ դեպքում գործատուն կտուգանվի։ 

Վարդուհի Պետրոսյանն ասում է, որ Հայաստանը միայնակ չի մշակում իր ուղեցույցները, հաշվի է առնում միջազգային փորձն ու ապացուցողական բազան, գիտական տվյալները, որի հիման վրա էլ կայացվում են որոշումները։

«Պատվաստումը բերում է նրան, որ պատվաստված մարդը շատ ավելի քիչ հավանականությամբ է վարակվելու, չնայած, այո', դելտա շտամի դեպքում այս հավանականությունը մի փոքր թուլացել է։ Երկրորդ՝ պատվաստված մարդը շատ ավելի քիչ հավանական է, որ վարակը փոխանցի մեկ այլ մարդու, որովհետև այստեղ կա վիրուսի կոնցենտրացիայի խնդիր վերին շնչուղիներում, որի միջոցով էլ տարածվում է հիվանդությունը։ Ասեմ նաև, որ վերջերս ապացուցվել է, որ պատվաստվածների մոտ, եթե կա վարակ, այդ վարակի տևողությունը տևում է շատ ավելի կարճ, քան չպատվաստվածների մոտ»,- ասում է Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկանը։

Թեեւ ոչ մի հանրային առողջապահական միջոցառում 100% արդյունավետություն չունի, Վարդուհի Պետրոսյանի համոզմամբ՝ պատվաստումն ավելացնում է պաշտպանվածության մակարդակը ու նպաստում վարակի տարածման նվազեցմանը։

Ինչու՞ է պատվաստման կեղծ սերտիֆիկատ ստանալը վտանգավոր

Վարդուհի Պետրոսյանը վստահ է՝ պատվաստման կեղծ սերտիֆիկատի տրամադրումը, որը հատկապես տարածված է նախկին խորհրդային երկրներում, շատ վտանգավոր է, քանի որ երբ մարդիկ այն ստանում են և հետո իսկապես հիվանդանում՝ ծանր, ծայրահեղ ծանր դրսևորումներվ, նույնիսկ կարող են մահանալ, դա կարող է վատ անդրադառնալ ամբողջ պատվաստման գործընթացի վրա, աղավաղել ստացվող տվյալները ու հիվանդության պատկերը։

Նա խնդրեց և հորդորեց քաղաքացիներին և բուժշախատողներին զերծ մնալ պատվաստման թերթիկները կեղծելուց։

Արտեմ Գրիգորյանն էլ նշեց, որ իր համար այս գործընթացում բժշկի պատասխանատվության չափն ավելի մեծ է, քան սովարական քաղաքացունը, քանի որ «բժշկի մասնագիտությանը հարիր չէ», դրանով նա կարող է մասնակցել «այդ մարդու սպանությանը»։

«Ամեն երկրում էլ միշտ, բոլոր ժամանակներում եղել են «հակա» շարժումներ, դա նորմալ է, որ կան. ինչ-որ ազդեցություն պետք է հակազդեցություն ծնի, իսկ հետո, երբ զավեշտալի բաներն ասում են, ծիծաղում ես, բայց կողքիդ ինչ-որ մեկը հավատում է դրան», -եզրափակեց նա՝ հույս հայտնելով, որ կրթական ցենզի բարձրացումը կարող է նվազեցնել նման դեպքերի թիվը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter