HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Ազգային մոլ»-ում մնացած ապրանքների մեծ մասը վերադարձվել է, իսկ վարձակալության գումարների հարցը մնացել է օդում կախված

«Ազգային մոլ»-ի շենքում մնացած ապրանքների 90%-ը վերադարձվել է տնտեսվարողներին: Մնացածն էլ, որոնց պիտանելիության ժամկետն է լրացել կամ փչացել, ուղարկվել է փորձաքննության: Այս մասին «Հետքի»-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: 

2021 թվականի հունվարի 30-ին Երևանի Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում բացված «Ազգային մոլ» առևտրի կենտրոնի ղեկավարների ու կենտրոնում տարածք վարձակալած հայրենական արտադրողների միջև ընդամենը երկու ամիս անց վեճեր են առաջացել: Նախագծի կազմակերպիչները տնտեսվարողներից տարածքի վարձակալության մի քանի ամսվա, որոշ դեպքերում էլ՝ տարեկան  գումարներ են վերցրել, սակայն բացվելուց մոտ երկու ամիս անց հայտարարել են, որ փակում են առևտրի կենտրոնը, տեղափոխվում մայրաքաղաքի կենտրոն: Եվ չեն վերադարձրել նախապես գանձված գումարները: Կենտրոնում բացել են երկու նոր մասնաճյուղեր, որոնցից մեկը որպես «Ազգային տեքստիլ», սակայն դրանք էլ երկար կյանք չեն ունեցել: 

Այս պատմության մասին առավել մանրամասն՝ 

Թբիլիսյան խճուղի 26/8  շենքի սեփականատիրոջ՝ գործարար Ռուբեն Շախմուրադյանի հետ ևս ֆինանսնական խնդիրների մեջ են հայտնվել  «Ազգային մոլ»-ի ղեկավարները, մասնավորապես՝ մոլի փաստաթղթերում որևէ տեղ չերևացող, բայց իրականում ամբողջ նախագիծը ղեկավարող Հովհաննես Մարգարյանը: Շախմուրադյանը պնդում է, որ իրեն խաբել են և տարածքի վարձակալության գումարը պայմանավորված չափով չեն վճարել: 

Վեճից հետո  Շախմուրադյանը կողպել է շենքի դռները և թույլ չի տվել, որ տնտեսվարողները հանեն ապրանքները՝ պահանջելով, որ «Ազգային մոլ»-ի ղեկավարները ըստ պայմանավորվածության վճարեն գումարները:  «Ազգային մոլ»-ի ղեկավարներն էլ՝ ի դեմս «Կրեդիտդոկտոր ֆինքոնսալթինգ» ՍՊԸ-ի, դիմել են իրավապահներին: 

2021 թ. ապրիլին ոստիկանության Քանաքեռ- Զեյթունի բաժնում ստացված հաղորդման հիման քրեական գործ է հարուցվել:  Այն հետագայում ուղարկվել է Քննչական կոմիտե: 

Ըստ Քննչական կոմիտեի խոսնակի՝ իրավապահների միջամտությունից հետո տնտեսվարողներին թույլ են տվել հանել ապրանքները: Դա տեղի է ունեցել օգոստոսի կեսերին: 

Որոշ ընկերություններ էլ, որոնք գործ են ունեցել «Ազգային մոլ»-ի հետ, ներկայում չեն գործում: Նրանց թվում կան նաև տնտեսվարողներ, որոնք չեն էլ գնացել ապրանքները վերցնելու: 

Ամիսներ շարունակ Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում մնացած ապրանքների մի մասը փչացել է: Ենթադրվում է՝ պահման պայմանների ու պիտանելության ժամկետի լրանալու պատճառով:  Հայկական արտադրության ապրանքների շարքում եղել են ինչպես տնտեսական-կենցաղային ապրանքներ, տեքստիլ, այնպես էլ՝ սնունդ և խմիչք: 

«Հիմա ապրանքների գնահատում է կատարվում: Փորձագիտական քննություն է տարվում: Պետք է ճշտվի ապրանքների նախնական վիճակը՝ պարզելու դրանք մնալու արդյունքու՞մ են փչացել, թե՞ ոչ:  Դա արվում է փոխհատուցման հարցը լուծելու համար»,- նշեց Վարդան Թադևոսյանը: 

Ինչ վերաբերում է տարածքի սեփականատիրոջը՝ Ռուբեն Շախմուրադյանին, Վարդան Թադևոսյանը նշեց, որ այժմ չի կարող նրա հետ կապված տեղեկություններ տալ:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Շախմուրադյանն ասել էր, որ ինքն է թույլ տվել հանել ապրանքները շենքից և դժգոհություն էր հայտնել իրավապահների աշխատանքից։ «Տնտեսվարողները մեղք չունեն, «Ազգային մոլ»-ի ղերկավարությունն է մեզ խաբել: Փոխարենը այդ ղեկավարությունն իմ դեմ է դատարան դիմել, որ ես թույլ չեմ տվել ապրանքները հանել։ Ես էլ եմ դիմել ոստիկանություն, բայց իրավապահները «Ազգային մոլ»-ի կազմակերպիչներին որևէ մեղադրանք չեն առաջադրել, նրանք իրենց համար հանգիստ հեռացել են` ոչ մի պատասխանատվություն չկրելով»,- ասել է Շախմուրադյանը:

Վարձակալության վճարների վերադարձի հարցը մնացել է օդում կախված

Ինչպես նշեցինք, տնտեսվարողների մի մասը, որոնք տարածքներ են վարձակալել «Ազգային մոլ»-ում և իրենց ապրանքները վաճառքի հանձնել, ոչ միայն տուժել են շենքում մնացած ապրանքների մասով, այլև՝ մի քանի ամսվա գումար են միանգամից վճարել տարածքի վարձակալության համար, սակայն առևտրի կենտրոնը աշխատել է ընդամենը երկու ամիս: Եվ նրանից շատերին այդպես էլ չեն վերադարձվել ավել վճարված գումարները:  Վնասի չափերը խիստ տարբեր են:

Եթե շենքում մնացած ապրանքների խնդիրը մեծամասամբ լուծվել է, ապա վարձակալության գումարների հարցը մնում է օդում կախված, քանի որ «Ազգային մոլի» ղեկավարները «անհետացել են» և տնտեսվարողները չեն կարողանում նրանց հետ կապ հաստատել։ 

Տուժած տնտեսվարողներից մի քանիսը համախմբվել և պատրաստվել են միասին դատարան դիմել: Սակայն, մեծ մասը հետագայում մտափոխվել են՝  անհրաժեշտ գումար չեն ունեցել փաստաբանին վճարելու համար կամ նպատակահարմար չեն գտել: 

Տուժողներից է նաև Վանաձորում ապրող և աշխատող Անուշ Ասլանյանը («Անուշ Ասլանյան Ա/Ձ», հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ)։  Պնդում է, որ «Ազգային մոլ»-ի ղեկավարները իրենցից մեկ տարվա վարձակալության գումար են գանձել և առևտրի կենտրոնի փակվելուց հետո խոստացել են վերադարձնել գումարը՝ մոտ 200 հազար դրամ։  Մինչ օրս գումարները ոչ միայն չեն վերադարձրել, այլև՝ Անուշին որևէ կերպ չի հաջողվել կապ հաստատել նրանց հետ։ Նա որոշել է միայնակ դիմել դատարան: 

«Մոտ երկու ամիս առաջ գրավոր հայցադիմում եմ ուղարկել  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության  դատարան՝ «Կրեդիտդոկտոր ֆինքոնսալթինգ» ընկերությունից գումարը բռնագանձելու պահանջով, սակայն մինչև այսօր ոչ մի արձագանք չեմ ստացել դատարանից»,- ասում է Անուշ Ասլանյանը։ 

Թե՛ նա, թե՛ մնացած տուժած տնտեսվարողների մեծ մասը «Ազգային մոլ»-ի փակվելուց հետո այսպես էլ չեն կարողացել կապ հաստատել մոլի ղեկավարների հետ: Նրանց, ովքեր կարողացել են կապ հաստատել, «Ազգային մոլ»-ի ներկայացուցիչները խոստացել են փոխհատուցել, սակայն հետգայում կրկին «անհետացել են»: 

Երբ քննիչի միջնորդությամբ տնտեսվարողներին թույլ են տվել մտնել շենք և հանել իրենց ապրանքները, միայն այդ ժամանակ՝ «Ազգային մոլ»-ի տնօրինությունը հայտարարություն է տեղադրում ֆեյսբուքյան էջում (էջը նախկինում գրանցված էր որպես Ազգային Մոլ / Azgayin mall, հետագայում՝ Ազգային Տեքստիլ / National Textile)՝ նշելով, որ  իրենք  ի սկզբանե տուժող են եղել և շուտով ստանալու են հսկայական փոխհատուցում՝ տարածքի սեփականատիրոջից (Ռուբեն Շախմուրադյանից-հեղ.): Հետագայում այդ հաղորդագրությունը էջից ջնջվել է: Սակայն, մեզ մոտ պահպանվել է հաղորդագրության տեքստը։ 

Քննչական կոմիտեի խոսնակն էլ տեղեկացրեց, որ առանձին տնտեսվարողների կողմից քաղհայցեր չեն ներկայացվել:  

Հիշեցնենք, որ «Ազգային մոլ» նախագծի համակարգմամբ զբաղվել են բազմաթիվ անձինք՝ հաճախակի փոխվել են տնօրենները, հաշվապահները, արտահանման գծով ղեկավարը և այլք։ Տնտեսվարողների հետ պայմանագրեր ենք կնքել առնվազն երեք ընկերությունների միջոցով։ Նախագծի իրական ղեկավարն ու Ռուբեն Շախմուրադյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերած անձը Հովհաննես Մարգարյանն է, որի անունը որևէ փաստաթղթում չի երևում։ 

Հովհաննես Մարգարյանը ակտիվ մասնակցել է 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին: Լուսանկարներում՝ նա քարոզարշավների ժամանակ Դավիթ Սանասարյանի կողքին է եղել: Հովհաննես Մարգարյանի և նրա հարազատների անունը կապվում է այլ նախագծերի հետ ևս։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter