HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի հիվանդանոցի բժշկուհին խնդրում է իրենց հատկացնել շտապօգնության ավտոմեքենաներ

Էջմիածնում շտապօգնության կանչերը տևական ժամանակ է ուշացումներով են սպասարկվում: Մեկ ժամից մինչև 80 րոպե ուշացումները «սովորական» են դարձել: Պատճառը՝ ավտոմեքենաների պակասն է: Շտապօգնության 8 ավտոմեքենաներից սարքին վիճակում են միայն 2-ը, որոնցով էլ սպասարկվում են  քաղաքի և հարակից գյուղերի 126 հազար 641 բնակիչներին:

Օրական աշխատում է շտապօգնության երկու խումբ: Վերջիններս սպասարկում են նաև կորոնավիրուսով վարակված հիվանդների տեղափոխումը կենտրոնացված հիվանդանոցներ՝ Վեդի, Ապարան և այլն: Եթե այնպես է ստացվում, որ շտապօգնության հերթական կանչը համընկնում է «Քովիդ»-ով վարակված հիվանդին տեղափոխելու հետ, ապա հիվանդները ստիպված են սպասել այնքան՝ մինչև ավտոմեքենան, օրինակ՝ գնա Ապարան, հետ վերադառնա նոր միայն սպասարկի իրենց կանչը: Սակայն սա էլ հարց է, թե երբ կսպասարկվի:

Կորոնավիրուսով հիվանդ տեղափոխելուց հետո ավտոմեքենան 40 րոպեից մինչև մեկ ժամ ախտահանվում է: Այդ ժամանակահատվածում սպասարկում է միայն մեկ խումբը: Իսկ եթե այնպես ստացվի, որ երկու ավտոմեքենան էլ կորոնավիրուսով հիվանդ տեղափոխի, ապա 126 հազար 641 բնակիչ կմնա առանց առաջին բուժօգնության:

Էջմիածնի տարբեր հատվածներում շտապօգնության խափանված մեքենաների տեսարանները ևս նորություն չեն բնակիչների համար: Վերջերս էլ կորոնավիրուսով վարակված քաղաքացուն գիշերով Մասիս տանելու ճանապարհին էր խափանվել ավտոմեքենան և անձնակազմն ու հիվանդը ստիպված են եղել մեկ ժամից ավելի սպասել:

Հաճախ այնպես է ստացվում, որ կանչեր շատ են լինում, և շտապօգնության կանչ ընդունող աշխատակիցը դրանք հերթագրում է: Որ կանչը շուտ է եղել, առաջինը դա է սպասարկվում կամ՝ ըստ հրատապության:

«Եթե դեպքը շտապ է, ինքներդ մեքենայով բերեք հիվանդանոց»,- օրվա կանչերի մեծ մասի դեպքում 1-03 զանգահարած քաղաքացիները լսում են շտապօգնության աշխատակցուհու այս հորդորը:

Հերթական կանչի ժամանակ շտապօգության ավտոմեքենան հենց Էջմիածին քաղաքում ուշացել էր 80 րոպե: Շտապօգնության բժշկուհի Անահիտ Զարգարյանն ասաց, որ սպասարկող երկու ավտոմեքենաներն էլ զբաղված էին, մեկը «Քովիդ»-ով հիվանդ է տեղափոխել Ապարանի հիվանդանոց, մյուսը՝ գնացել է Երևան:

«Ես դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ պաշտոնյա և ոչ պաշտոնյա, մենք ավտոմեքենայի խնդիր ունենք: Շատ ընտիր թիմ ունենք, կրթված ու պրոֆեսիոնալ են, բայց ավտոմեքենայի պատճառով խնդիրներ ենք ունենում: Մեքենաները կարող են 5 րոպեն մեկ անսարք լինել: Խնդրում եմ բոլորիդ՝ մեզ օգնեք շտապօգնության մեքենայով»,- ասում է Անահիտ Զարգարյանը:

Բժշկուհու ասելով՝ միայն ավտոմեքենայի պակասն է, որ դժգոհություններ են առաջանում և այդ հարցը պետք է շտապ կարգավորվի:

«Անգամ երկու  ավտոմեքենաները, որոնք աշխատում են, դրանք էլ 100 տոկոսանոց չեն: Ունեցել ենք շատ դեպքեր, երբ մնացել ենք ճանապարհին կամ կանգնած ենք եղել լուսացույցի կարմիր լույսի տակ, բայց արգելակների պատճառով մեքենան ինքն իրեն շարժվել և հարվածել է դիմացի ավտոմեքենային»,- ավելացնում է բժշկուհին:

«Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի շտապօգնության բաժնի վարիչ Հռիփսիմե Վարդապետյանն ընդունում է, որ կանչերն ուշացումներով է սպասարկվում: Նա ևս նշում է, որ պատճառը միայն ավտոմեքենաների պակասն է: Մասնագետների պակաս չունեն և քաղաքացիների բողոքներն էլ պայմանավորված են ոչ թե որակով, այլ ուշ տեղ հասնելով:

Նշենք, որ ավտոմեքենաների թվով պայմանավորված շտապօգնության կանչերի ուշ սպասարկման երևույթն Էջմիածնում նոր չէ: Դեռևս 6 տարի առաջ «Հետք»-ը դարձյալ նյութ էր հրապարակել այդ մասին: Այս տարիների ընթացքում պատկան մարմինները՝ Արմավիրի մարզպետարանն ու Առողջապահության նախարարությունը, պատշաճ քայլեր չեն ձեռնարկել: 

Այս ընթացքում ավելացրել են ավտոմեքենաների թիվը, սակայն դրանք եղել են հնամաշ և կարճ ժամանակում դարձյալ շարքից դուրս են եկել: Հաշվետվություններում ցույց են տվել, թե հատկացվել են մեքենաներ, սակայն իրականում դրանք չեն օգտագործվում՝ անսարքության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter