
Էջմիածնում շտապօգնության կանչերը «տեխնիկական» պատճառներով կարող են չսպասարկվել
Էջմիածնում եզակի չեն դեպքերը, երբ շտապօգնության կանչերը «տեխնիկական պատճառներով» ուշ են սպասարկվում կամ չեն սպասարկվում: Իհարկե, շտապօգնության բաժանմունքում բառացի չեն ասում, որ կանչը չեն սպասարկելու, սակայն թվարկելով խնդիրները բացատրում են, որ ձեր հիվանդին սեփական միջոցներով ու ավտոմեքենայով բերեք հիվանդանոց, հակառակ դեպքում հնարավոր է սպասեն մի քանի ժամ:
Խորհուրդ են տալիս հիվանդին տեղափոխել հիվանդանոց կամ ճարահատյալ սպասել շտապօգնության ավտոմեքենային
«Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի շտապօգնության բաժանմունքն ունի չորս ավտոմեքենա, որից նոր են համարվում 2010-2011թթ. արտադրության «Ֆորդ» մակնիշի երկու ավտոմեքենաները և 2003թ. արտադրության «Գազելը»: Հիվանդանոցի չորրորդ՝ «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան 25 տարեկան է և գրեթե ամբողջությամբ շարքից դուրս է եկել:
«Ռաֆ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայում բժշկական ոչ մի սարքավորում չկա: Շտապօգնության բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Վարդապետյանի խոսքերով՝ այդ ավտոմեքենայով միայն բժիշկ ու հիվանդ են տեղափոխում: Նույն վիճակում է գտնվում նաև «Գազել» մակնիշի ավտոմեքենան, իսկ «Ֆորդ»-երը ապահովված են թթվածնի բալոնով, շնչառական ուղիները մաքրող ներծծիչ ապարատներով:
Սկզբում «Ֆորդ» ավտոմեքենաներում եղել են էլեկտրասրտագրման ապարատներ, սակայն դրանք հենց առաջին տարվա ընթացքում շարքից դուրս են եկել և այժմ չեն օգտագործվում:
«Այս պահին ունենք նոր ավտոմեքենաների կարիք: Շատ կցանկանայինք, որ չորս նոր ավտոմեքենա ունենայինք, որովհետև չկա օր, որ վարորդը «Ռաֆը» հերթափոխից հետո չտանի վերանորոգման:
Նույնը նաև «Գազել» մակնիշի ավտոմեքենային է վերաբերում: «Ֆորդերը» նույնպես սկսել են խափանումներով աշխատել: Պատկերացրեք` այդ ավտոմեքենայով գնում եմ կանչի՝ հիվանդ մարդու մոտ, ես չգիտեմ տեղ կհասնեմ, թե ոչ: Եթե մեքենան ճանապարհին փչանում է, զանգում ենք հիվանդին զգուշացնում ենք, որ ձեր կանչը տեխնիկական պատճառով մի փոքր կուշանա: Երկրորդը՝ տեղյակ ենք պահում հերթակառավարիչին, որ մեր ավտոմեքենան չի աշխատում, մյուս բրիգադի մեքենան է գալիս հասնում, կամ դուրս է գալիս երրորդ ավտոմեքենան: Իսկ չաշխատող ավտոմեքենան գնում է վերանորոգման»,- ասում է Հռիփսիմե Վարդապետյանը:
Եղել են դեպքեր, երբ հիվանդատերերը լեզվակռվի մեջ են մտել կանչը սպասարկող բուժանձնակազմի հետ: Պատճառն այն է, որ այդ օրվա կազմի «բախտը» չի բերել և իրենց բաժին է հասել հին ավտոմեքենա: Հատկապես ֆինանսապես կայուն վիճակում գտնվող հիվանդատերերը անվստահություն են հայտնում մաշված շտապօգնության ավտոմեքենայով կանչը սպասարկող բուժանձնակազմին, նշելով, թե ձեր վարած ավտոմեքենան ինչ է, որ օգնության որակը ինչ լինի:
Բաժանմունքի վարիչի խոսքերով՝ օրվա ընթացքում հերթապահում է երկու շտապօգնության ավտոմեքենա, իսկ մյուս երկուսը այդ օրը չեն աշխատում: Անդրադառնալով կանչերի թվին՝ Հ. Վարդապետյանը նշում է, որ հնարավոր է 3-4 ժամ հանգիստ նստեն, կանչ չլինի, բայց կարող է 30 րոպեի ընթացքում 4-5 կանչ գրանցվի: Հարցին՝ երկու ավտոմեքենայով հասցնում եք սպասարկել կանչերը, բաժանմունքի վարիչը նշում է, որ «պահը գիտի»:
«Չենք ասում մերժում ենք, չենք սպասարկում, բայց ուշացումներ լինում են: Զգուշացնում ենք իրենց, որ մեքենան կուշանա, եթե հնարավորություն ունեք հիվանդին բերեք հիվանդանոց ձեր մեքենայով, եթե հնարավորություն չունեք, ուրեմն պետք է ճարահատյալ սպասեք մինչև ավելի վաղ գրանցված կանչը սպասարկեն և գան իրենց հիվանդի մոտ»,-ասում է Հռիփսիմե Վարդապետյանը:
Շտապօքնության բաժանմունքի վարիչն ասում է, որ հնարավոր է ծանրաբեռնված ժամանակ «գիծ» հանել նաև երրորդ ավտոմեքենան, սակայն ֆինանսական միջոցները չեն բավարարում:
«Սա ֆինանսավորման հետ կապված հարցեր են, իրավասու չեմ պատասխանելու: Անկախ ամեն ինչից կանչերը օրական սպասարկում է երկու ավտոմեքենա՝ երկու բրիգադով: Օրվա ընթացքում մեր կանչերը տատանվում են 35-45-ի սահմաններում: Շտապից շտապ կանչեր էլ են լինում, առաջինը սպասարկում ենք ըստ անհրաժեշտության, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող պայմաններից ելնելով ենք հերթագրում մեր կանչերի սպասարկումը»,-ասում է Հ. Վարդապետյանը:
Շտապօգնության ավտոմեքենաներում չկան անհրաժեշտ սարքավորումներ
Բաժանմունքի վարիչը բացի նոր ավտոմեքենաների պահանջարկից, նշում է նաև ավտոմեքենաներում բացակայող բժշկական սարքավորումների մասին: Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ շտապօգնության ավտոմեքենաների մեջ լինի սարքավորումներ, բայց «իրենց հույսը դնում ենք հիմնականում սեփական ուղեղի վրա»:
«Եթե ես ասեմ, որ էլեկտրասրտագրության ապարատը 100%-ով դիագնոզ է տալիս, այդպես չէ: Մենք ավելի շատ մեր հույսը մեր գիտելիքների վրա ենք դնում ու մեր փորձի, բայց շտապօգնության ավտոմեքենաներում պետք է լինեն գոնե առաջին բժշկօգնության սարքեր, օրինակ՝ դեֆիբրիլյատոր, կարդիոգրամայի ապարատ, արտածծիչ ապարատներ, սակայն չունենք: Փոխարենը անշարժացման շինաների և դեղորայքի պակաս չունենք»,-ասում է Հ. Վարդապետյանը:
Նշենք, որ Վաղարշապատի շտապօգնության ծառայությունը սպասարկում է Էջմիածին քաղաքն ամբողջությամբ և հարակից 41 գյուղերը: Միայն Էջմիածին քաղաքն ունի 57.600 բնակիչ: Արդեն պարզ է, թե որքան կարող են կազմել «տեխնիակական պատճառներով» չսպասարկվող կանչերի թիվը:
Տիկին Վարդապետյանը, որպես սպասարկման դժվարություն առանձնացրեց նաև անմխիթար ճանապարհների հարցը: Ըստ նրա, իբր փոսերով հարուստ ճանապարհները քիչ են, որոշ հատվածներում էլ ճանապարհների վրա արհեստական խոչընդոտներ՝ թմբեր են կառուցված:
«Պատկերացրեք ծանր ինսուլտով հիվանդ ենք տեղափոխում, ինչքան էլ մեքենայի ընթացքը դանդաղացնենք, որ թմբի վրայով հանգիստ անցնենք, հիվանդին «վերև-ներքև» ենք անում ու մտածում ենք, որ հիվանդը կարող է տեղում մնալ, եթե փրկվեց, ուրեմն լավ է: Ամեն մի տատանումն հիվանդի վրա բացասական է ազդում: Միջինը ամենահեռու տարածք պետք է հասնենք 15 րոպեի սահմաններում, բայց դա կապված է ճանապարհների վատ վիճակից, մեր վարորդների քաղաքացիական դաստիրարակության պակասից: Այսօրվա վիճակով, շտապօգնության ավտոմեքենային տեղ չեն տալիս, հակառակը, մի բան էլ վարորդները ձեռքը հանում թափ են տալիս, թե ով ես, որ ազդանշան ես տալիս, ճանապարհ ես պահանջում»,-ասում է բաժանմունքի վարիչը և թվարկում հիվանդանոցաային անհարմարությունները:
Պարզվում է հիվանդանոցը ջուրը ստանում է ժամով: 1-2 ժամ ջուր տալիս են առավոտյան ժամը 7-9ը, մի երկու ժամ էլ տալիս են 6-8-ը ընկած հատվածում: Մնացած ժամանակ օգտագործում են շշերով հավաքած ջուրը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել