HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պռոշյանի կոնյակի գործարանում օրերով հերթ են կանգնում, որ կարողանան խաղողը հանձնել

Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի մասնաճյուղ տանող ճանապարհի ասֆալտն ամբողջությամբ ողողվել է մարզում աճեցված խաղողի հյութով: Կոշիկները կպչում են ասֆալտին, ու քայլելը դժվարանում է: Ամեն օր գործարանի ճանապարհին իրար հետևից կանգնում են խաղողով բեռնված բեռնատարներն ու սպասում մթերման իրենց հերթին: Դրանք ձգվում են մինչև 500 մետր: Այդ ընթացքում ասֆալտը հասցնում է «խմել» մեքենաներից թափվող խաղողի հյութը և սևանալ:

Երեկ՝ ժամը 14:00-ի դրությամբ, «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի Արմավիրի մասնաճյուղում ընդունել էին խաղողով բեռնված 5 ավտոմեքենա: Գործարանից պատճառաբանում էին, թե էլեկտրաէներգիան անջատվել է, մթերում չեն կարող իրականացնել: Սակայն, «լույսերը տվեցին», երբ լրագրողներ եկան գործարանի տարածք: Հավաքված գյուղացիները խնդրում էին, որ լրագրողները չգնան, որպեսզի «լույսերը նորից չգնան», և մթերումն անխափան իրականացնեն:

Գյուղացիներն ամեն օր հաշվում են իրենց վնասները: Վազի վրա մնացած գերհասունացած խաղողն արդեն ցամաքում է, քաշ է կորցնում: Սկսվող անձրևներն էլ փչացնելու են բերքը: Գործարանը դարպասին փակցրել է, որ մթերման վերջին օրը հոկտեմբերի 9-ն է: Այս տեմպերի դեպքում գյուղացիները վստահ են, որ չեն հասցնելու խաղողը հանձնել մթերման:

Խաղող հանձնողներից բացի, անձրևի տակ ժամերով սպասում էին նաև կտրոն ստացողները, որպեսզի գործարանում օր ամրագրեն, կարողանան նշված օրը խաղողը բերել մթերման: Պարզվում է՝ գործարանն առանց այդ կտրոնի գյուղացիներից խաղող չի մթերում:

Խաղողագործներն ամեն օր գալիս են, հերթագրվում, որպեսզի կտրոն ստանան, սակայն գործարանից հայտարարում են, թե կտրոն չկա, վաղը կամ մի քանի օրից կարող են գալ: Գյուղացիները նորից հետ են գնում: Օրինակ՝ երեկ մոտ 120 մարդ էր հերթագրվել կտրոն ստանալու համար, առաջին 64 հերթագրվածին կտրոն հատկացվել էր, մնացածին պատասխանել էին, թե չեն կարող հատկացնել, ազատ տարաներ չունեն մթերում իրականացնելու համար: Թե երբ կկարողանան հաջորդ կտրոնները հատկացնել՝ հստակ պատասխան չեն տալիս:

Գյուղացիները կատակով նշում էին, որ քիչ է մնում տեղափոխվեն գործարան՝ ապրելու: Այստեղ իրենց դեմքն ավելի շատ են տեսնում, քան իրենց տներում: Նույնիսկ հացը գործարանի մոտակայքում են ուտում:

Արամայիս Կնյազյանը Սարդարապատ գյուղից է: Տարիներ շարունակ պայմանագիր է կնքել հենց «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի հետ: Նրա պնդմամբ՝ սեպտեմբերի 4-ից գալիս է, որ ճշտի, թե երբ կարող է խաղող քաղել, համապատասխան օրվա համար կտրոն վերցնի, սակայն այդպես էլ իր հերթը չի հասնում: Չի հիշում արդեն, որերորդ ցուցակն է պատռում ու գցում աղբամանը:

Նույն վիճակում էր հայտնվել նաև Արցախի երկու պատերազմի մասնակից, վիրավորում ստացած Մհեր Բալյանը: Նա Արմավիրի մարզի Խանջյան գյուղից է: Մի քանի օր եկել է, հերթ կանգնել ու գնացել տուն: Առողջական վիճակն այլևս չի ներում, որ ժամերով հերթ կանգնի, նրա փոխարեն ընկերն էր եկել՝ Մհերի փաստաթղթերը ձեռքին: Մհերը 20 տոննայի պայմանագիր ունի գործարանի հետ, խնդրում է՝ գոնե 10-12 տոննան ընդունեն:

Գետաշեն գյուղի բնակիչ Սամվել Օհանյանը նշեց, թե իրենք ևս լավ վիճակում չեն: Պայմանագիրը կնքել է հայրը, սակայն վերջինս 71 տարեկան է, ի վիճակի չէ օրերով հերթ կանգնել, ստիպված ինքն էր եկել: Պնդում էր, թե 15 տոննա խաղող ունի հանձնելու, սակայն դեռ մեկ կիլոգրամ չի քաղել:

Ակնալիճ գյուղից Լևոն Ավետիսյան արդեն 10 օր է՝ գալիս է կտրոնի հետևից, սակայն՝ անօգուտ: Լևոնը պատմեց, որ 3 հա խաղողի այգի ունի, վազերին դեռ 30 տոննա խաղող է մնացել: Սեպտեմբերի 7-ին և 10-ին 115 դրամով կարողացել է մոտ 14 տոննա խաղող հանձնել «Պռոշյանի կոնյակի գործարան»-ին: Դրանից հետո ներմուծել են կտրոնային համակարգն, ու մինչ օրս չի հաջողվում հանձնման օրվա կտրոն ստանալ:

«Մի քանի տարի առաջ Զարգացման բանկով խրախուսեցին, շպալեր առանք, այգի հիմնեցինք, հիմա էլ չենք կարողանում բերքն իրացնել: Դռնեդուռ ընկած՝ խնդրում ենք, որ մեր տանջանքը ջուրը չընկնի»,- ասում է Լ. Ավետիսյանը:

Հանձնած խաղողի դիմաց գյուղացիներին տեղում չեն վճարում: Վերջիններս չգիտեն, թե երբ գումար կստանան: Սակայն, այսօր նրանց ավելի շատ հուզում է բերքի մթերումը:

Հավաքվածները պատմեցին, որ գրեթե բոլոր մթերումներից նվազագույնը 10% գործարանը պահում է անում: Եղել են դեպքեր, որ նույնիսկ 15% են պահել: Հարցին՝ գուցե խաղողի որակն է վատը, Լ. Ավետիսյանը պատասխանեց. «Լավ, մեկինն է վատը, երկուսինն է վատը, բոլորինը վա՞տ է: Ճիշտ հակառակը, այս տարի խաղողն ավելի լավ որակի է, անձրևներ չեն եկել, չի նեխել, հիվանդություններ չեն եղել»:

Խաղողագործները չէին ընդունում գործարանից հնչող պատասխանը, թե մթերման հնարավորություն չունեն, քանի որ տարաները լցվել են: Հակադարձում են, թե յուրաքանչյուրի հետ կնքվել է պայմանագիր և արձանագրվել է ընդունվող խաղողի քանակը: Հետևաբար մթերող ընկերությունը նախապես գիտեր, թե ինչ ծավալների հետ է գործ ունենալու:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև գործարանի Արմավիրի մասնաճյուղի պատասխանատուներից: Տնօրեն ներկայացած Աննա անունով մի կին, շատ կտրուկ պատասխանեց, թե մեր հարցերին չի կարող պատասխանել և արագ հեռացավ: Անվտանգության աշխատակիցներն էին փորձում պարզաբանել, թե օր ու գիշեր աշխատում են, բայց գյուղացիներն իրենց աշխատանքը չեն գնահատում:

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Լիլիա Պողոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ համատարած 10% պահումը սխալ դիտարկում է, քանի որ որոշակի տոկոս պահվում է միայն այն դեպքում, երբ խաղողը չի ունենում գործարանի սահմանած որակական ցուցանիշները:

«Մենք 130 դրամ սահմանել ենք այն խաղողի դիմաց, որը բարձր որակ ունի: Համատարած ոչ մի պահում չի արվում: Մենք գնողն ենք, գյուղացիները՝ վաճառողը, բնականաբար պետք է ասեն, որ պահվում է»,- ասում է ընկերության հաշվապահը:

Լիլիա Պողոսյանը նշեց, որ Հայաստանի ամենախոշոր գործարաններից մեկը «Պռոշյանի կոնյակի գործարան»-ն է, որը բաց է ու խաղող է ընդունում, մնացածը փակվել ու իրենց համար նստել են, ոչ մի բան չեն անում:

Հաշվապահն ասաց, թե գործարանն անսահմանափակ տեղեր չունի, իսկ փակված մի քանի գործարանի փոխարեն իրենք են խաղողն ընդունում, ինչը դժվարություններ է առաջացնում:

«Մենք ինչով ենք մեղավոր, որ փակվել են: Հիմա մեր մոտ գալիս են նաև այն մարդիկ, ովքեր այլ գործարանների հետ ունեն պայմանագրեր, խաղողը չեն մթերում, գալիս են մեր գործարան: Ամեն օր նախարարությունից ցուցակ են ուղարկում, որ գիտեք այս մարդիկ ուրիշ ընկերություններում ունեն պայմանագրեր, բայց խնդրում ենք իրենց ձեր մոտ ընդունեք: Հիմա մենք ո՞ր մեկի պահանջը կատարենք, մենք էլ չգիտենք: Կարելի՞ է մի գործարանի վրա այդքան մեծ բեռ լցնել»,-ասում է Լ. Պողոսյանը:

Հաշվապահն անընդհատ կրկնում էր, որ տեղերը շատ սահմանափակ են, տարաներն արդեն լցվել են: Հարցին, թե հնարավոր է լինի իրավիճակ, երբ խաղողագործի հետ ունենան պայմանագիր, սակայն չկարողանան նրանից խաղող գնել:

«Նույնիսկ, եթե մեր հետ ունեն պայմանագիր, կարող են ուրիշ ընկերություն գնան: Այնտեղ տուգանքներ չկան: Հա, պայմանագիրը կնքել ենք, բայց չբերելու դեպքում տույժեր չենք կիրառում, մենք էլ կարող ենք և չընդունել: Բայց փորձում ենք մաքսիմում բոլորից ընդունել, հատկապես նրանցից, ովքեր մեզ մոտ ունեն պայմանագիր»,- հավելեց հաշվապահը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել էր Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին:

Օրեր անց՝ սեպտեմբերի 15-ին, Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հանդիպում էր կայացել խաղող մթերող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մթերման ընթացքում առաջացած խնդիրների քննարկման նպատակով։ Ներկա գտնվող կազմակերպությունները համաձայնել են բարձրացնել տեխնիկական սորտի խաղողի մթերման նվազագույն գինը՝ գործող 115 դրամի փոխարեն սահմանել 130 դրամ։ Սակայն, ստացվում է, որ որոշակի պահումներով, գյուղացին խաղողը հանձնում է դարձյալ նախկին գնով:

Այդ ժամանակ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը դեռևս 2021թ. հուլիսի 18-ին հանդիպել էր գինի և կոնյակ արտադրող ընկերությունների հետ. «Այսօր հանդիպել ենք գինեգործների և կոնյակագործների հետ՝ խոսելու մի շարք հարցերի շուրջ, որոնցից ամենակարևորը խաղողի մթերմանը նախապատրաստվելն է։ Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ ըստ այսօր մեզ տրամադրած տեղեկատվության, մթերման գործընթացը նախատեսվում է սահուն կազմակերպել։ Քննարկել ենք նաև ոլորտի երկարաժամկետ ու միջնաժամկետ պլանները, վերլուծել և վեր ենք հանել այն խոչընդոտները, որոնք պետք է հիմա վերացնել, որպեսզի ոլորտն ավելի արագ զարգանա»,- ասել էր Վահան Քերոբյանը:

Ամիսներ անց արձանագրվեց, որ գործընթացն այդքան էլ սահուն չի իրականացվում, ինչպես կանխատեսում էր նախարարը, և գյուղացիները կանգնած են տարվա բերքը փչացնելու վտանգի առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter