HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ութ հոգի

2020-ի սեպտեմբերի 27-ին լրացավ երեսունս: Առավոտյան արթնացա վատ զգացողությամբ, մտածեցի՝ նոր տարիքի առանձնահատկությունն է: Լրահոսն օրվա նշանակությունն աստիճանաբար փոխեց. պատերազմ է: Երեկոյան հրապարակի մոտ ընկերուհուս էի սպասում ու ուշադիր դիտում շուրջս, փորձում էի հասկանալ՝ մարդիկ զգացե՞լ են պահի լրջությունը, շատրվանների երգ դնողը հասկացել է հաստատ. երգող շատրվանները պարում էին Վագների ռազմաշունչ «Վալկիրիայի» տակ, հետո՝ ցնծում Բեթհովենի «Ձոն ցնծությունից»: Սիմվոլիկ մեկ կտոր տորթ ու մոմեր առանք խանութից, գնացինք Օպերայի մոտի Թումանյանի արձանի քարին նստեցինք, ուժեղ քամի էր, երկար փորձում էինք վառել մոմերը: Ընկերուհիս վառում էր, ինձնից շուտ քամին էր հանգցնում, վերջը մի ակնթարթ բռնացրինք, վառեցինք, հասցրի քամուց արագ փչել:

Էս պատմությունը մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 27-ին, արդեն Էդոյին էի պատմում` դիրքերում գիշերվա հերթապահության ժամանակ, հետո պատմել եմ Վահրամին, Արսենին, Վարդանին, Ռուստամին, Սամոյին, Անդոյին: Մեր ութ հոգանոց ջոկատով մոտ մեկ ամիս առավոտից իրիկուն իրար հետ էինք ու իրար մասին էնքան էինք պատմել, որ մի պահ, կարծես, էլ պատմելու բան չէր մնացել, ու սկսել էինք արդեն կրկնել պատմությունները: Տարբեր տեղերից կամավորներ էինք, անծանոթ ութ հոգի, Կարմիր գյուղում իրար հետ մի ջոկատ ենք դարձել ու միացել Ջաբրայիլի գնդին, ավելի ճիշտ՝ ինչ մնացել էր այդ գնդից: Մեր ջոկատին հենց էդպես էլ ասում էին՝ «ութ հոգի»: Ընթացքում արդեն իրար անգիր ճանաչում էինք՝ սկսած Վարդանի որդու՝ ըմբշամարտի մրցումներում գրանցած հաջողություններից, մինչև Սամոյի՝ ոսկերչությունից առաջացած մեջքի ցավը, Շախմատի ֆեդերացիայի անդամ Վահրամի՝ շախմատի դպրոցների խնդիրներից մինչև «ԿռԱԶ»-ի վարորդ Ռուստամի՝ հարսանիքի համար հավաքած գումարի չափը, Արսենի՝ Քեմբրիջի գրադարան հայկական գրքեր ուղարկելուց մինչև Էդոյի գործի տեղի Անուշիկի ու Անդոյի՝ ժամանակին «love is» ծամոններ խանութներին տալու պատմությունը: Իրար անծանոթ ութ հոգով, անկախ մեզնից, դարձել էինք ամենամոտ ընկերներ: Հիմա էլ հավաքվում ենք ու չենք հոգնում արդեն էնտեղի պատմությունները եսիմ որերորդ անգամ նորից պատմելուց՝ ամեն անգամ ավելացնելով կամ պակասեցնելով՝ ըստ տրամադրության, պատմում ենք Արսենի ու Ռուստի մասին, ոնց հաց բերելուց կասետայինով խփեցին ու մազով պրծան, ոնց Էդոն Վահրամին փրկեց մինամյոտից՝ քաշելով խրամատի մեջ, պատմում ենք՝ մեր վրա հրետանու ծուռ խփելուց հետո ոնց էր Վարդանը հանդիսավոր դուրս գալիս խրամատից, քրֆում ու նորից մտնում: Ու, իհարկե, ամենաշատը ծիծաղում ենք իմ վրա, հիշում՝ ոնց գիշերը երեքին հասանք Ճարտարի դիմացի սար ու իրարից վեց-յոթ մետր հեռավորության վրա խրամաբջիջներ սկսեցինք փորել: Լույսը բացվեց, տեսանք բոլորինն ուղղահայաց էր, իրար զուգահեռ, մենակ իմը՝ հորիզոնական: Էդ օրերի անդառնալի ու անտանելի կորուստների մեջ միակ բանը, որ գտանք, մեր «ութ հոգի»-ն էր:

Լուսանկարում` ձախից, առաջին շարքում՝ Արսեն, Էդո, Սամո, Անդո

վերևում՝ Վահրամ, Վարդան, Ռուստամ, ես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter