
ԵԱՏՄ երկրներից ՀՆԱ ամենամեծ աճը Հայաստանում է՝ 5,8%
Եվրասիական տնտեսական միության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2021 թվականի առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,5%-ով, ինչը կազմում է 890 մլրդ ԱՄՆ դոլար (որից Հայաստանը՝ 5 մլրդ 478 մլն դոլար, Ռուսաստանը՝ 775 մլրդ 873 մլն դոլար): Այս մասին են վկայում ԵՏՀ վիճակագրական դեպարտամենտի հրապարակած տվյալները։
Ֆիզիկական ծավալի ինդեքսը 2020թ. հունվար-հունիս ամիսների համեմատ կազմել է 104.5%:
Համախառն ներքին արդյունքը ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքն է, որոնք արտադրվել են երկրում որոշակի ժամանակահատվածում, օրինակ՝ մեկ տարվա ընթացքում:
ՀՆԱ -ն հեշտ չէ հաշվարկել, քանի որ պետք է գումարել այն ամենը, ինչ արտադրվում է երկրում ՝ և’ ապրանքները, և’ ծառայությունները:
ԵԱՏՄ երկրներում ՀՆԱ ամենամեծ աճը, ըստ հրապարակված տվյալների, Հայաստանում է՝ 5,8%, Ռուսաստանում աճը 4,8% է, Բելառուսում՝ 3,3%, Ղազախստանում՝ 2,3%:
Ամենավատ արդյունքը Ղրղզստանում է. մեկ կիսամյակում ՀՆԱ-ն նվազել է 1,7%-ով։
Հայաստանի ՀՆԱ 2021թ առաջին կիսամյակում կազմել է 2 860 մլրդ դրամ, որից՝ համախառն ներքին արժեքը՝ 2 525 մլրդ դրամ (ապրանքների արտադրություն 960 մլրդ դրամ, ծառայությունները՝ 1 563 մլրդ դրամ), զուտ հարկերը՝ 335 մլրդ դրամ։
Զուտ հարկեր - բնակչության կողմից պետությանը վճարվող հարկերն են՝ հանած փոխանցման վճարները, որոնք բնակչությունը ստանում է պետությունից:
Հայաստանում, ինչպես ԵԱՏՄ մնացած բոլոր երկրներում, համախառն ավելացված արժեքի մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում են այլ տնտեսական գործունեության տեսակները։
Համախառն ավելացված արժեքը արտադրված ապրանքների և ծառայությունների արժեքի (արտադրանքի) և արտադրական գործընթացում ամբողջությամբ սպառված ապրանքների և ծառայությունների արժեքի (միջանկյալ սպառման) տարբերությունն է:
Դրան հաջորդում են՝ արդյունաբերությունը, մեծածախ և մանրամածախ առևտուրը, գյուղատնտեսական, անտառային և ձկնային տնտեսությունները։ Վերջին տեղում են շինարարությունը, ապա՝ փոխադրումն ու պահեստավորումը։
Մեկնաբանել