HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանի սադրիչ պահվածքի արձագանքը Իրանից բավականին տրամաբանական եւ կանխատեսելի է»

Հարցազրույց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ

-Տիկին Էլիբեգովա, Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիներն ստուգում են իրանական բեռնատարները: Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է սահմանափակել կապը Հայաստանի եւ Իրանի միջեւ: Միաժամանակ Ադրբեջանի սահմանին մեծաքանակ զինուժ է կուտակել Իրանը, որի հոգեւորականներից մեկը խստորեն դատապարտել է հյուսիսային հարեւանին: Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-ադրբեջանական եւ ադրբեջանա-իրանական սահմանային իրողությունները, դրանք թեկուզ մասամբ փոխկապակցվա՞ծ են:

-Իրանը, իհարկե, անհանգստացած է այդ իրավիճակով: Դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացն ու բանակցությունները չսկսած՝ ադրբեջանական կողմն արդեն վերահսկողության տակ է վերցնում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ճանապարհներ եւ որոշում, որ Իրանից եկող վարորդները տուրքեր պետք է վճարեն իրենց: Կարելի էր ավելի քաղաքակիրթ կերպով բանակցել իրանական կողմի հետ, սակայն ադրբեջանական կողմն ակնհայտորեն գնաց սադրանքի: Եվ դրան ի պատասխան՝ մենք տեսնում ենք առնվազն քաղաքական, տեղեկատվական եւ ընդհանուր քարոզչական մակարդակում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն:

Հայկական կողմի դերը գնահատում եմ բավական պասիվ, չնայած որ փաստացի Գորիս-Կապան ճանապարհը մեր երկրի տարածքում է, եւ երկու այլ պետություններ մեր երկրի տարածքում խնդիրներ են պարզում իրար հետ, իսկ մենք դիտորդի կարգավիճակով անհասկանալի կեցվածք ենք ընդունել: Համենայն դեպս, պաշտոնական մակարդակով չեմ տեսել, որ հայկական կողմը գործողություններ իրականացնի, եւ միակ բանը շրջանցող ճանապարհի մասին խոստումներն են: Որքան հասկանում եմ, Տաթեւի ճանապարհը բավական պրոբլեմատիկ է իրանական բեռնատարների համար, եւ ինքնին խնդրի լուծում չի ապահովում:

Ադրբեջանական կողմի նման սադրիչ պահվածքի արձագանքը Իրանից բավականին տրամաբանական եւ կանխատեսելի է, որովհետեւ Հայաստան-Իրան սահմանի եւ «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի ախորժակը չի կարող չանհանգստացնել իրանական կողմին: Կարծում եմ, այնուամենայնիվ, առանց Իրանի մասնակցության բանակցային գործընթաց չի կարող ընթանալ, որովհետեւ այն վերաբերում է նաեւ Իրանի սահմաններին, եւ զինտեխնիկայի շարժի վերաբերյալ հրապարակումներն ու Ալիեւի արձագանքը վկայում են դրա մասին:

-Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են եռակողմ հանդիպում անցկացնել Թեհրանում ադրբեջանցի գործընկերոջ հետ: Արդյոք Թուրքիան փորձում է մեղմել լարվածությունը մյուս երկուսի միջեւ:  

-Ադրբեջանը հիմա հնարավորինս ամեն ջանք գործադրում է, որպեսզի Թուրքիան դառնա գործոն հետպատերազմյան բոլոր բանակցային գործընթացներում, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների մեջ Թուրքիան ներառված չէր: Տարիներ շարունակ դա դուր չէր գալիս Ադրբեջանին, եւ իրենք արտահայտում էին այդ դժգոհությունը: Պատերազմից հետո ադրբեջանական կողմը բազմիցս նշել է, որ բանակցային գործընթաց, այդ թվում՝ իրենց պատկերացմամբ միջանցքի կամ կոմունիկացիաների բացման վերաբերյալ չի կարող լինել, եւ տարածաշրջանային բոլոր պրոցեսներում Թուրքիան պետք է ունենա առանցքային դեր:

-Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է սադրանքները Հայաստանի դեմ, Բաքուն ու Անկարան, ըստ էության, ամեն կերպ փորձում են տորպեդահարել ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում, ռուսներից դժգոհություններն էլ հրապարակային են հնչեցնում, հիմա էլ Իրանի հետ է լարվածություն նկատվում: Էյֆորիայի մեջ հայտնված Ալիեւը չափից դուրս ինքնավստա՞հ է: Տպավորություն է, որ նա Էրդողանի աջակցությամբ փորձում է մտնել «մեծ խաղացողների» շահերի տիրույթ: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ներկա իրավիճակը Ալիեւի համար:

-Ինչքան էլ Ալիեւը դժգոհի խաղաղապահներից, նրանց ներկայությունից, այնուամենայնիվ, ինքը ստիպված է եղել իր համաձայնությունը տալ խաղաղապահների ներկայությանը եւ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն տեղադրելուն իր իսկ տարածքում՝ ապահովելով ոչ միայն Թուրքիայի, այլեւ ռուսական ռազմական ներկայությունն իր տարածքում: Հետեւաբար, ինչքան էլ պաշտոնական հռետորաբանության մեջ Ալիեւը փորձի խոսել իր աննախադեպ ինքնուրույնությունից եւ ինքնիշխանությունից, փաստը մնում է փաստ, որ չի կարող հաշվի չնստել տարածաշրջանի մեծ պետությունների հետ որոշումների կայացման հարցում, այդ թվում՝ նաեւ Արցախի վերաբերյալ:

-«Անադոլու» թուրքական գործակալությանը տված հարցազրույցում Ալիեւն անդրադարձել է «միջանցքի» բացմանը եւ նշել, որ Հայաստանն իր համաձայնությունը չի տալիս, եւ բանակցություններն անարդյունք են: Ապա ասել է, թե իրենց համբերությունն անսպառ չէ, եւ պատերազմը ցույց է տվել, թե ինչ է լինում, երբ այն սպառվում է: Սա ուղղակի ճնշում է հայաստանյան իշխանությունների վրա: Ձեր կանխատեսմամբ՝ առաջիկայում ի՞նչ հնարավոր զարգացումների ականատես կլինենք:

-Սա առաջին դեպքը չէ, որ Ալիեւը սպառնում է հայկական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված: Եթե հիշեք, մի տարվա ընթացքում էլի հայտարարություններ են հնչել, որ ադրբեջանցիները վերադառնալու են ե՛ւ Զանգեզուր, , ե՛ւ Երեւան, ե՛ւ Գեղարքունիք: Ի սկզբանե խոսքը գնում էր, որ տանկերով չեն գալու, այլ տնտեսական համագործակցությամբ: Իսկ սրա տակ կարելի է հասկանալ սողուն տնտեսական էքսպանսիան Ադրբեջանի կողմից: Հետո հռետորաբանությունն ավելի կոշտացավ: Ալիեւն սկսեց սպառնալ ընտրութուններից առաջ, որ «Զանգեզուրի միջանցք» չտրամադրելու դեպքում Ադրբեջանը կոշտ կարձագանքի եւ հարցը կլուծի ուժով: Այդ սպառնալիքները պարբերաբար հնչում են հայկական կողմի հանդեպ, եւ այստեղ նոր բան չկա: Ադրբեջանը ե՛ւ սպառնում է, ե՛ւ սադրում ՝ փակելով Գորիս-Կապան ճանապարհը, առեւանգելով քաղաքացիական անձանց:

Հենց պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը բազմիցս ներկայացրել է տնտեսական, աշխարհաքաղաքական տեսանկյունից տարածաշրջանի զարգացման իր պլաններն ու օգուտը, որն ինքը կստանա կոմունիկացիաների բացումից: Շատ ակտիվ բանակցում էր տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի դառնա լոգիստիկ հաբ: Մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքները հարավում պլանավորում են վերածել տարածաշրջանային հաբի իրենց տնտեսության համար, այդ նպատակով արդեն կառուցում են օդանավակայաններ եւ այլն, պատմում են, թե ինչ պլաններ ունեն ճանապարհաշինության, երկաթգծի վերականգնման գործընթացներում, այսինքն՝ Ադրբեջանն այսօր բավական ակտիվ խոսում է իր պլանների մասին կոմունիկացիաների բացումից հետո եւ հնարավոր բոլոր ճնշումները գործադրելու է հայկական կողմի վրա, որպեսզի իրենց շահեկան եւ հնարավորինս հարմարավետ ձեւով բացվեն այդ կոմունիկացիաները:

Այստեղ հարց կա հայկական կողմին՝ պաշտոնական իշխանությանը, որը մինչ օրս բացի ընդհանուր ձեւակերպումներից, որ կոմունիկացիաների բացումը մեզ թույլ կտա Իրանի կամ Ռուսաստանի հետ Ադրբեջանի կամ Նախիջեւանի տարածքով կապ հաստատել, որեւէ հստակություն չի մտցնում, որպեսզի հայ հասարակությունը տեղեկացված լինի՝ արդյոք ինչ-որ կերպ ապահովվելու է դեպի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով տեղաշարժի կամ ապրանքների շրջանառության անվտանգությունը, եւ արդյոք դա տնտեսապես ավելի ձեռնտու է, քան Վրաստանով տեղափոխելը:

Այսինքն՝ բազմաթիվ հարցեր կան՝ անվտանգությունից մինչեւ տնտեսական շահ, որոնց պատասխանները գրեթե մեկ տարի մեզ չեն տալիս, չեն ներկայացնում ոչ մի հաշվարկ, թե, օրինակ, հայկական կողմն այդ կոմունիկացիաներին միանալու համար ինչքան գումար պետք է ծախսի պետբյուջեից կամ վարկ վերցնի միջազգային կազմակերպություններից, եւ արդյոք հաշվարկված է դրա տնտեսական արդարացվածությունը, արդյոք այդ վարկերը մեզ կտրամադրեն, արդյոք այդ գումարներն ունենք: Այսինքն՝ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ կոմունիկացիաները բացվեն, հակառակ կողմից ներդրումներ անեն, իսկ հայկական կողմը շարունակի մնալ իզոլացված եւ չկարողանա միանալ այդ պրոյեկտներին:

Ադրբեջանակն կողմը, մասնավորապես՝ Ալիեւը մի քանի անգամ շեշտել է, որ բանակցությունները տանում են ոչ թե հայկական կողմի (նույն երկաթգծի նախագծի վերաբերյալ), այլ ռուսական կողմի հետ: Այս մասով առհասարակ չեմ տեսել, չեմ լսել որեւէ մեկնաբանություն պաշտոնական Երեւանի կողմից, թե կոմունիկացիաների բացումը հստակ ինչ է նշանակում մեզ համար եւ ինչ է տալու մեզ, ինչպես է ապահովվելու այդ ամենի անվտանգությունը մեր քաղաքացիների, մեր բիզնեսի ներկայացուցիչների համար, որովհետեւ Ադրբեջանն այդ անվտանգության երաշխքիները չի տալիս: Ավելին՝ Ադրբեջանը դա դիտարկում է զուտ որպես իր եւ Թուրքիայի հետ կոմունիկացիայի համար երկրորդ այլընտրանքային միջոց՝ բացի Վրաստանի տարածքով կոմունիկացիայից: Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար կա առաջնահերթություն, որ Հայաստանը չստանա որեւէ տնտեսական շահ, որ չհզորանա, չվերականգնվի եւ չկարողանա գումար ծախսել՝ բանակի կամ սոցիալական խնդիրների լուծման համար: Հետեւաբար, Ադրբեջանի պատկերացրած տարբերակով կոմունիկացիաների բացումով մեզ համար որեւէ դրական բան չի սպասվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter