HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Անվտանգության համակարգի բարեփոխում, կրթության և գիտության արդիականացում․ 2022թ․ բյուջեի առաջնահերթությունները

Կառավարության հերթական՝ սեպտեմբերի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է 51 հարց, որից զեկուցվող է միայն 3-ը։ Վերջին՝ 51-րդ հարցը, վերաբերում էր 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին։

Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2022 թվականի բյուջեի նախագծի ուղերձը։

«Այսօր Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև, դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները։ 2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար։ Օգոստոսին ներկայացրինք Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում Հայաստանի խաղաղ, կայուն, ներառական զարգացման համար։ Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022 թվականի բյուջեում, նաև՝ գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական։ Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ Կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ առաջին հերթին Կառավարությունը կարևորում է պետական կառավարման համակարգի զարգացումը․

«Ամենակարևորը պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և հետևաբար Կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման, և այսպիսով խոչընդոտվում է նաև տնտեսական աճը»։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ էական դեր ունի նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը։

Դրան ուղղված Կառավարության ջանքերը սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում՝ ձգտելով ծրագրերն իրականացնել որակով և ժամանակին։

Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդրումները խթանող քաղաքականությունը՝ կիրառելով 3 հիմնական գործիք․

  1. պետական գնումների համակարգի թափանցիկություն,
  2. մրցույթի դրվող լոտերիի ծավալների մեծացում,
  3. հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծություններ։

Հաջորդ կարևորագույն խնդիրը, ըստ վարչապետի, վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը։

«Արդյունքում կբարձրանա ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային։ Հայաստանի քաղաքացիները ամեն օր պետք է զգան Կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունը իրենց կյանքի վրա։ Սրա կարևոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավական քայլեր են արվել նախորդ 3 տարվա ընթացքում, առաջիկայում ևս մեծ ուշադրություն է դարձվելու»։

2022 թվականի բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթության վրա՝

  1. անվտանգության համակարգի բարեփոխում,
  2. ենթակառուցվածքների զարգացում, 
  3. կրթության և գիտության արդիականացում։

«Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները։ Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։ 

Այս իմաստով կարևոր է նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումը, ու զարգացումը, որը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ, Հայաստանի քաղաքացիների համար՝ ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ կրթության զարգացումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, ուստի կրթության հասանելիությունը, ներառական զարգացումը և բովանդակային բարեփոխումը Հայաստանի երկարաժամկետ առաջնահերթությունն է։

«Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ։ Սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ և անհատ լինելու միակ ճանապարհը։ Գիտության և տեխնոլոգիական ոլորտի զարգացումը այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, այստեղ էլ Կառավարությունն արդեն իսկ ներդնում է ֆինանսավորման նոր բանաձևեր»։

Ինչպես տեղեկացրեց վարչապետը, 2022 թվականի բյուջեում Կառավարությունը ձգտել է զգուշորեն բալանսավորել առաջնահերթությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter