HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

2022թ.-ին Կառավարությունը կանխատեսում է 7% տնտեսական աճ, պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 60,2 %-ը

Կառավարությունը սեպտեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին։

Գործադիրը նախատեսում է ապահովել երկարատև բարձր տնտեսական աճ՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9%։

«Բյուջեով նախատեսվում է, որ տարվա ընթացքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի շուրջ 0,9%-ով և 2022-ի ավարտին հասնի ՀՆԱ-ի 23,4%-ի։ Բյուջեի ծրագիրն ուղղակիորեն արտացոլում է մակրոտնտեսական կայունության և դրա հետ կապված պետական պարտքը կառավարելի մակարդակի երաշխավորելու առաջահերթությունը։ Նախատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրվող ենթակառուցվածքային և տնտեսական զարգացման կարևոր նշանակության այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար փոխառությունների ներգրավման արդյունքում բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,2 տոկոսը, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 60,2 տոկոսը՝ տարեվերջին»,- բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ըստ նախարարի՝ 2022-ի բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրիլիոն 188,5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27,8 տոկոսը։ Այն նախորդ տարվա բյուջեով հաստատված ծախսերի նկատմամբ ավելի է 18,2 տոկոսով:

Կառավարության 2021-2026թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ 2022 թվականին նախատեսվում է իրականացնել սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումեր։

2022թ.-ի ընթացքում կսկսվեն 15 նոր ջրամբարի նախագծման և կառուցման աշխատանքները։ Կվերանորոգվի միջպետական, հանրապետական և տեղական նշանակության շուրջ 500 կմ ճանապարհ։

Ծնելիությունը խթանելու նպատակով ամսական 50 հազար դրամի չափով դրամական աջակցության կտրամադրվի, որը 2022 թվականի հունվարի 1-ից հետո կնշանակվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ և կշարունակվի վճարվել մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը։

Նախատեսվում է բարձրացնել ավելի քան 12 200 աշխատանքային կենսաթոշակառուի, շուրջ 5200 զինվորական կենսաթոշակառուի կենսաթոշակների և 74 720 նպաստառուի նպաստների չափերը՝ ապահովելով ծայրահեղ աղքատության գծից բարձր մակարդակ, իսկ շուրջ 8000 հաշմանդամ երեխայի դեպքում՝ կբարձրանա նրանց ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության չափը։

Գիտության պետական ֆինանսավորումը կավելանա։ Այն ուղղվելու է ինչպես գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, այնպես էլ գիտական ենթակառուցվածքների զարգացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter