HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչո՞ւ ընկավ Հադրութը: Ես չգիտեմ՝ ո՞վ է պատասխանելու այս հարցին»

Հադրութցի վիրաբույժ Ռոբերտ Գեւորգյանը 10 տարի աշխատում էր Հադրութի հիվանդանոցում: Կյանքը խաղաղ էր, քանի դեռ չկար պատերազմը: Հոկտեմբերի 5-ի գիշերը վերջին անգամ հեռախոսի լույսի տակ է տեսել իր տունը եւ հասկացել, որ այլեւս չի վերադառնալու այնտեղ:

Հոկտեմբերի 5-ին Հադրութում հորդառատ անձրեւ էր գալիս: Այդ օրը քաղաքի հիվանդանոցը տարհանել են: Սակայն երեկոյան դեռ այնտեղ էին հադրութցի բժիշկ Ռոբերտ Գեւորգյանն ու անձնակազմից մի քանի հոգի: Երեկոյան ժամը 9-ին Ռոբերտին ասացին, որ մի ժամվա ընթացքում իրենք էլ պետք է դուրս գան:

Գիշերվա Հադրութում լույս չէր վառվում: Եվ մթությունն ավելի ճնշող էր: Ամենուր արկակոծության եւ ռմբակոծության ձայներ էին: Մեքենաների տեղաշարժ գրեթե չէր նկատվում: Բժիշկ Գեւորգյանը ցեխոտ ճանապարհով հասավ տուն՝ մի ձեռք հագուստ վերցնելու համար: Այդ օրը վերջին անգամ տեսավ տունը՝ մթության մեջ: Հեռախոսի լույսը միացրել էր, զգեստապահարանից հանել անհրաժեշտ հագուստն ու էլ ոչինչ չէր վերցրել: Միայն դուռը փակելուց զգացել էր, որ թերեւս վերջին անգամ է լինում տանը: Սակայն այդ մտքից ոչինչ չէր փոխվում: Շտապ պետք է հասներ հիվանդանոց՝ քաղաքից դուրս գալու համար: Հադրութում թողեց ոչ միայն անձնական համակարգիչը, մասնագիտական գրականությունը, լուսանկարների արխիվը, հարսանեկան արարողության տեսասկավառակը, այլեւ հանգստությունը:

Ճանապարհը կարճ էր, մտածելու ժամանակը՝ քիչ: Արագ հասել էր հիվանդանոց: Հադրութից տարհանվել էին Ազոխ գյուղ: Այդտեղ տեղի դպրոցը շատ արագ հոսպիտալ էին դարձրել եւ կրկին ընդունել վիրավորներին:

Պատերազմից մեկ տարի անց բժշկին հանդիպում ենք «Տոնոյան» բժշկական կենտրոնում: Զրուցում ենք դատարկ հիվանդասենյակներից մեկում: Այդ օրը նա հերթապահ էր, եւ մեր զրույցը պարբերաբար ընդհատում էր՝ հիվանդների մոտ գնում-գալիս, բուժքույրերին պատասխանում:

Արտաքուստ ժպտադեմ է բժիշկը, եւ դժվար է հասկանալ նրա ապրումները: Ժպիտը, կարծես, թաքցնում է ծանր օրերի մղձավանջը:

Բժշկական համալսարանը, ապա օրդինատուրան ավարտելուց հետո երեք տարի ծառայության էր անցել Իվանյանի հոսպիտալում, ապա վերադարձել Երեւան՝ աշխատանքի անցնելով բժշկական կենտրոններից մեկում: Երկու տարի անց բժիշկը որոշել է վերադառնալ ծննդավայր՝ Հադրութ: Դա 2010 թվականն էր: 10 տարի՝ մինչեւ պատերազմը, աշխատում էր Հադրութի հիվանդանոցում որպես վիրաբույժ:

Մինչեւ պատերազմը կյանքը հանգիստ էր: Քաղաքը վերականգնվում էր: Աշխուժություն կար: Պատերազմից առաջ խնձորի այգի էին գնել եւ առաջին բերքն արդեն հավաքել էին: Տակառներում խաղող էին հավաքել գինու համար: Սակայն ոչինչ չհասցրեցին անել:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան դղրդոցի ձայներ են լսել: Բժիշկը նախ կարծել է, թե վառելափայտ են տանում, ինչից սովորաբար աղմուկ էր լինում, սակայն ձայնը շատ ուժեղ էր: Երբ պատշգամբ է դուրս եկել, տեսել է, որ Հադրութի հարեւան գյուղում՝ Թաղասեռում, ծուխ է բարձրանում: Մտածել է, որ փոխհրաձգություն է սկսվել սահմանին: Հետո հիվանդանոցից էին զանգել՝ հայտնելով, որ վիրավորներ են բերել: Բժիշկն արագ հասել էր հիվանդանոց, որտեղ արդեն հավաքվել էր անձնակազմը: Առաջին վիրավորների մեջ էին շտապօգնության մեքենայի վարորդը, որը բակում արկի պայթյունից էր վիրավորվել, ու մի սահմանապահ զինվորական: Վիրավորների մեջ մի կին էլ կար, որը կրկին բակում արկի պայթյունից էր վիրավորվել: Առաջին պատերազմի ժամանակ էլ այդ կինը վիրավորվել էր նույն հանգամանքներում՝ կորցնելով ձեռքը: Նա զոհվածի մայր էր: Այս անգամ, սակայն, վիրավորումը ծանր էր, եւ նրա կյանքը չհաջողվեց փրկել:

Պատերազմի երկրորդ օրը Հադրութից սկսել էին տարհանել երեխաներին ու կանանց: Նրանց թվում նաեւ բժիշկ Գեւորգյանի կինն ու երկու երեխաներն էին: Բժիշկն ասում է, որ երբ 2016 թ. քառօրյա պատերազմի ժամանակ քաղաքը տարհանում էին, իրենք եւ իրենց հարեւանները մնացին Հադրութում: Ապրիլյանի ժամանակ բժիշկն ու նրա գործընկերները Ջրական էին գնացել՝ վիրավորներին օգնելու: Սակայն այս անգամ՝ հենց սեպտեմբերի 27-ին, երբ կրակում էին Հադրութի եւ գյուղերի վրա, հասկացել էր, որ դա նման չէ քառօրյային: Անօդաչու թռչող սարքերն անընդհատ երկնքում էին եւ թիրախավորում էին ճակատ մեկնող զինվորականներին:

Հադրութի ամբողջ հիվանդանոցը շատ արագ լցվում էր վիրավորներով: Նրանց տեղավորելու համար բացել էին նաեւ պոլիկլինիկայի դռները: Հիմնականում բերում էին ոչ թե գնդակային, այլ պայթյունային վիրավորում ու այրվածքներ ստացածների: Վիրահատությունների ժամանակ էլ, երբ անգամ տագնապ էին տալիս, բուժանձնակազմը շարունակում էր աշխատանքը:

Բժիշկ Գեւորգյանը քչախոս է: Ասում է՝ պատմելու բան չկա, իրենց տեսածը սարսափ էր: 18 տարեկան զինվորների էին բերում, որոնք 1-2 ամսվա ծառայող էին: Հադրութի հիվանդանոցի ռենտգեն սարքի տեխնիկի 18-ամյա որդին, որ կրկին 1-2 ամսվա ծառայող էր, Ջրականի «մսաղացից» դուրս էր եկել ու մի քանի հոգու հետ Հադրութ հասել: Այնուհետ նրանց ուղարկել էին դիրքեր, որտեղ շրջափական մեջ էին ընկել, ու տղան զոհվել էր: Պատերազմից հետո հայրը գտել էր որդու մասունքները:

Մինչեւ հոկտեմբերի 12-ը բուժանձնակազմն Ազոխում էր: Այդ օրը տարհանվել էին նաեւ Ազոխից: Բժիշկ Գեւորգյանը գնացել էր Ստեփանակերտի հիվանդանոց: Այդտեղ, սակայն, զանգ էր ստացել Գորիսում գտնվող տնեցիներից, ովքեր հայտնել էին, որ մոր վիճակը լավ չէ: Վերջինիս տեղափոխել էին Երեւան, ուր եկել էր նաեւ բժիշկը։ Մայրն ախտորոշվել էր կորոնավիրուսով ու սկսել բուժումը: Երեւանից Ռոբերտ Գեւորգյանը զանգահարել էր գործընկերներին, սակայն նրան ասել էին, որ դեռեւս չունեն իր օգնության կարիքը, բացի դրանից՝ չէր բացառվում, որ նա եւս վարակված լիներ:

Պատմում է, որ երբ նոյեմբերի 10-ի լույս գիշերը կարդացել էր հրադադարի հայտարարության տեքստը, իր ու ընտանիքի խաղաղությունն այլեւս կորել է: Չափազանց ծանր էին հատկապես առաջին երեք ամիսները: Միտքը, որ Հադրութում թողել են ամեն ինչ՝ ընտանիքի պատմությունը, տունը, հարազատների շիրիմները, ամեն օր բաց նյարդի պես ցավեցնում է: Երբ 3-ամյա որդին Երեւանում պապի մեքենայից է տեսնում, ասում է, թե պապիկի մեքենան է: Ու մեծերը տխուր ժպտում են, որովհետեւ ամբողջ գույքը, այդ թվում՝ մեքենան, մնացել է Հադրութում:

-Պարտությունը սպասելի՞ էր Ձեզ համար,- հարցնում եմ բժշկին:

-Որ սկսեցին շատ վիրավորներ բերել, պատկերացրեք՝ հա: Բերում էին նաեւ էն մարդկանց, որոնք դեռ չէին հասել մարտի դաշտ, ճանպարհներին անօդաչուներից վիրավորվել էին: Դա նշանակում էր, որ պարտվում էինք:

-Կա՞ մի հարց, որ մինչեւ հիմա Ձեզ տալիս եք:

-Շատ հարցեր, բայց չեմ կարող ասել,- մենք լռում ենք, փոքր դադարից հետո բժիշկը շարունակում է,- շատ հարցեր կան, որոնց պատասխանը չկա՝ ինչո՞ւ ընկավ Հադրութը: Ես չգիտեմ՝ ո՞վ է պատասխանելու այս հարցին: Եթե ասում են, որ Հադրութը, Շուշին դիվերսիոն խմբերով են վերցրել…

Պատերազմից հետո Ռոբերտ Գեւորգյանն Արցախ չի գնացել: Ասում է՝ շատ դժվար է հասնել Արցախ եւ տուն չգնալ:

Նրա ծնողները մինչեւ հիմա հուսով են, որ Հադրութը մի օր հետ ենք վերցնելու, եւ իրենք դարձյալ վերադառնալու են տուն: Հարցնում եմ՝ երբ կրկին ծննդավայր գնաք, առաջինն ի՞նչ կանեք, ժպտում է, ասում, թե գիտի, որ տունը ավերած-թալանած կլինեն, սկզբից գերեզմաններ կգնա:

Հիմա համացանցում բժիշկ Գեւորգյանը երբեմն փնտրում է հայրական տունը, բայց դեռ չի գտել:

-Դա Ձեզ չի՞ ցավեցնում, որ ուզում եք տեսնել:

-Ցավեցնում է, բայց մեկ-մեկ ուզում ես ման գաս, գտնես,- պատասխանում է նա, ու լռում ենք: Մեր զրույցի վերջում բժշկին խնդրում եմ իր լուսանկարներից մի քանիսն ուղարկել, ասում է՝ ես որեւէ լուսանկար չունեմ, ամբողջը մնացել է Հադրութում: Անբացատրելի տխրություն է իջնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter