HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորների և ԱԺ նախագահի գրասենյակի պարգևատրումները գերազանցել են 60 մլն դրամը

Ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի 75%-ի չափով, իսկ ԱԺ աշխատակազմի 503 աշխատակից պարգևատրվել է պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով:

ԱԺ աշխատակազմից հրաժարվում են հայտնել, թե որքան է կազմել խորհրդարանի պարգևատրման ընդհանուր գումարը՝ պատճառաբանելով, թե աշխատակցի պարգևատրման չափի մասին տեղեկությունն անձնական տվյալ է եւ այն տրամադրելու համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը: 

Մեր դիտարկումը, թե աշխատակազմի մեծ մասը եկամուտների հայտարարագիր է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և այդ տվյալները, այսպես թե այնպես, հաջորդ տարի հանրայնացվելու են, արդյունք չտվեց: Բացի այդ, մենք խնդրել էինք հայտնել պարգևատրման ընդհանուր գումարի չափը՝ առանց նույնականացնելու աշխատակիցներին, իսկ դա չի կարող գաղտնի պահվել:

Մենք ինքներս հաշվեցինք, թե մոտավորապես որքան է կազմել պարգեւատրումների ֆոնդը պատգամավորների եւ ԱԺ նախագահի աշխատակազմի համար:

Պատգամավորների աշխատավարձը հաշվարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Գոյություն ունի բազային աշխատավարձ (66140 դրամ), որը բազմապատկվում է համապատասխան գործակցով: Զբաղեցրած կարգավիճակով պայմանավորված՝ պատգամավորների աշխատավարձերը տարբեր են: Պատգամավորի աշխատավարձի 75% դրույքաչափը 496 հազար դրամ է (հարկերը ներառյալ):

Խորհրդարանն ունի 12 մշտական հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկական նախագահ ու տեղակալ, հանրագումարում՝ 23 (պաշտպանության հանձնաժողովը դեռ չունի փոխնախագահ): Աս պաշտոնները զբաղեցնողները, ինչպես նաեւ ԱԺ նախագահն ու իր երեք տեղակալները պատգամավորներից տարբերվող աշխատավարձ են ստանում: Այսպիսով, 27 անձ մյուսներից տարբերվող աշխատավարձ է ստանում: 80 պատգամավորներից յուրաքանչյուրին հատկացվել է 496 հազար դրամ պարգևավճար, դրանց հանրագումարը կազմում է 39 մլն դրամ։

Հանձնաժողովների նախագահների աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի 75%-ը 595 հազար դրամ է, 12 նախագահների պարգևատրումը՝ 7 մլն 140 հազար դրամ: Մշտական հանձնաժողովի փոխնախագահի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի 75%-ը 694 հազար դրամ է, 11 փոխնախագահի պարգևավճարների ընդհանուր չափը՝ 7 մլն 630 հազար դրամ: Այսպիսով, միայն 12 հանձնաժողովների նախագահներին և 11 փոխնախագահներին փոխանցվել է 14 մլն 630 հազար դրամ:

ԱԺ փոխնախագահների աշխատավարձի 75%-ը 694 հազար դրամ է, փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի, Իշխան Սաղաթելյանի (ընդդիմությունը հայտարարել է այդ գումարները բարեգործությանն ուղղելու մասին) պարգևավճարների հանրագումարը՝ 2 մլն դրամ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 մլն 190 հազար դրամ է` հանրապետությունում երկրորդ բարձր աշխատավարձը նախագահից հետո (նույնքան էլ վարչապետի աշխատավարձն է): Ալեն Սիմոնյանն անկախության 30-ամյակի առթիվ պարգեւատրվել է 890 հազար դրամով:

ԱԺ նախագահի գրասենյակում աշխատում է 8 անձ՝ 2 խորհրդական, 3 օգնական, 1 ռեֆերենտ, 1 մամուլի քարտուղար: Քանի որ աշխատակազմը պարգևատրվել է 100% դրույքաչափով, վերջիններիս պարգևատրման հաշվարկը կատարել ենք հենց աշխատավարձի չափով: 2 խորհրդականներին վճարվել է 1 մլն 250 հազար, 3 օգնականներին՝ 1 մլն 580 հազար դրամ, 529 հազար՝ մամուլի քարտուղարին, 396 հազար՝ ռեֆերենտին: Ալեն Սիմոնյանի գրասենյակի պարգևատրման գումարը կազմել է 3 մլն 755 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ` պատգամավորների և ԱԺ նախագահի գրասենյակի պարգևատրումները գերազանցել են 60 մլն դրամը:

Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի աշխատավարձը հավասար է պատգամավորի աշխատավարձին, սակայն նրան տրված պարգևավճարը պատգամավորից ավելի է եղել, քանի որ պատգամավորները պարգևատրվել են 75%-ի չափով, աշխատակազմը՝ 100%-ի չափով: Այսպիսով, նա պարգեւատրվել է 661 հազար դրամով:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալների պարգեւատրումը կազմել է 1 մլն 58 հազար դրամ:

107 պատգամավորների օգնականների պարգևատրման գումարը 21 մլն դրամ է: Խմբակցությունների 11 փորձագետներին հատկացվել է 3 մլն 270 հազար դրամ պարգևավճար:

Ընդհանուր առմամբ, խորհրդարանի պարգևավճարի ֆոնդը, մեր հաշվարկով, գերազանցել է 92 մլն դրամը, որն ամբողջ գումարը չէ: Մեր հաշվարկում ներառված չեն ԱԺ վարորդների, տնտեսական բաժնի աշխատակիցների, գործավարների և այլ աշխատակիցների պարգեւավճարները:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ ստացած պարգևավճարները չեն օգտագործելու անձնական կարիքների համար, այլ ուղղելու են որևէ բարեգործական ծրագրի: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրապարակել է այդ գումարը «Զինվորի տուն» հիմնադրամին փոխանցելու անդորրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter