
Ձերբակալվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը։
Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ «քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին կալանավորվել էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքերի մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո»)։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել