HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է ՏԻՄ ընտրություններում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ՏԻՄ ընտրություններում, համամասնական ցուցակներով, հավաքելով ձայների 46,69 %-ը։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ստացել է ձայների 30,7 %-ը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԿԸՀ-ն՝ քվեաթերթիկների 100 %-ի հաշվարկից հետո։ 

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երրորդ տեղում նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 7,8 %-ը։ 

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայացել են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 2-ին։ Քաղաքացիները պետք է ընտրեին քաղաքային և համայնքային ներկայացուցչական մարմինների անդամների և 64 համայնքների համայնքապետերի, այդ թվում՝ Թբիլիսիի։ Վրաստանում քաղաքային և համայնքային ներկայացուցչական մարմինների անդամներն ընտրվում են խառը ընտրական համակարգով` համամասնական և մեծամասնական։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է 43 կուսակցություն։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրատեղամասերի փակման պահին մասնակցությունը կազմել է 51,92 %։ 

ԿԸՀ նախնական տվյալներով՝ Վրաստանի 20 համայնքներում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 %-ի շեմը։ Ընտրությունների երկրորդ փուլ կլինի նաև Թբիլիսիում։ Իշխող կուսակցությունից գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ստացել է ձայների 45,03 %-ը, իսկ նրա մրցակից Նիկա Մելիան, որը ներկայացնում է Սաակաշվիլու կուսակցությունը, 33,98 %։ Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 30-ին։  

Ելնելով ընտրությունների արդյունքներից՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 43 %-ից ավելին, ինչը նշանակում է, որ երկրում չեն անցկացվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Համաձայն ապրիլի 19-ին Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև կնքված համաձայնագրի, որն իրականություն էր դարձել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, իշխող կուսակցությունը պարտավորվում էր 2022 թվականի գարնանը նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե ՏԻՄ ընտրություններում չկարողանար հավաքել ձայների առնվազն 43 %-ը։ Եվ չնայած հուլիսին իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ իրենք դուրս են եկել համաձայնագրից, ընդդիմությունը հույս էր հայտնել, որ իշխանական կողմը, այդուհանդերձ, ստիպված կլինի գնալ ընտրությունների նշանակմանը։

Լուսանկարը՝ REUTERS/Irakli Gedenidze

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter