HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում Սաակաշվիլիի ձերբակալության ֆոնին ՏԻՄ ընտրություններ են

Վրաստանում շաբաթ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրվում են 64 քաղաքների և ինքնավար համայքների քաղաքապետեր և սաքրեբուլոյի (համայնքային ներկայացուցչական մարմիններ) ավելի քան 2000 անդամներ։ Ընտրությունները սկսվել են Երևանի ժամանակով առավոտյան 8-ին և կավարտվեն 20:00-ին։ 

Deutsche Welle-ն գրում է, որ վրացական ընդդիմությունն այս քվեարկությունը դիտարկում է որպես հանրաքվե, որը կարող է դառնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման պատճառ այն դեպքում, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չի կարողանա հավաքել ձայների 43 %-ից ավելին։ Հենց այդ նախապայմանն էր մտցվել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համաձայնագրի մեջ, որը 2021 թվականի գարնանը ստորագրվել էր իշխող կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչների միջև՝ Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ։ 

Վերջերս տեղի ունեցած հարցման համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը կազմում է մոտ 36 %։ Չնայած նրան, որ Միշելի միջնորդությամբ ձեռքբերված համաձայնագիրը չի գործում, իշխող կուսակցության դուրս գալու պատճառով, քաղաքագետները կարծում են, որ ՏԻՄ ներկայիս ընտրությունները կարող են բողոքի ցույցերի պատճառ դառնալ, եթե իշխող կուսակցությունը չհավաքի ձայների 43 %-ը և հրաժարվի հայտարարել արտահերթ ընտրություններ։ 

Նախօրերին այդ երկրում ձերբակալվել էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիրն է։ Սաակաշվիլին հայտարարել է, որ վերադարձել է հայրենիք, որպեսզի «պաշտպանի ազատությունն» ու կոչ արել իր աջակիցներին հոկտեմբերի 3-ին հավաքվել Թբիլիսիի Ազատության հրապարակում։ 

Վրաստանի նախկին նախագահը հայրենիք էր վերադարձել Ուկրաինայից, որտեղ ստացել էր քաղաքացիություն և զբաղեցրել պետական տարբեր պաշտոններ, այդ թվում Օդեսայի մարզի վարչական ղեկավարի պաշտոնը։ 

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուկավան վստահ է, որ Թբիլիսիի և Կիևի հարաբերությունները չեն փչանա՝ Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո։

«Ոչինչ չի սրի վրաց-ուկրաինական հարաբերությունները։ Սաակաշվիլիի ձերբակալությունը պետք է դառնա լավ օրինակ նրա, որ Վրաստանում տեղ չունեն սադրանքները»,- նշել է նա։ Ավելի ուշ, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան հայտարարել է, որ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել։

Լուսանկարը՝ REUTERS/Irakli Gedenidze

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter