
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով պաշտպանական ճառ ասացին ամբաստանյալները
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալներ Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:
Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Վերջինս ռազմական ինստիտուտի՝ արդեն նախկին փոխտնօրեն Զարմիկ Մարկոսյանի որդին է: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակից: Ամբաստանյալները մեղադրանքը չեն ընդունում:
6 տարվա քննությունից հետո գործը մոտենում է ավարտին: Դատարանը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում: Ամբաստանյալների պաշտպաններն արդեն ավարտել են իրենց ճառերը, և ճառելու հերթն ամբաստանյալներինն է:
Նորայր Սահակյանը ճառը սկսեց կենսագրական որոշ տվյալներ ներկայացնելով, ասաց, որ ծնվել է 1996 թվականին՝ Շիրակում, որտեղ դպրոց է հաճախել, ապա սովորել է վարժարանում, իսկ 2014-ին՝ ընդունվել ռազմական ինստիտուտ: Սահակյանը թե՛դպրոցում, թե՛ վարժարանում բարձր առաջադիմություն է ցուցաբերել, եղել կարգապահ: Դատարանին հայտնեց, որ ռազմական ինստիտուտում ևս իր անունը փակցված է եղել առաջադիմության բարձր ցուցանիշ ունեցող ուսանողների շարքում, սակայն դրա վերաբերյալ տվյալներ գործին չեն կցվել: Սա այն ամենն էր, ինչ 18 տարեկանից ազատազրկման մեջ գտնվող երիտասարդը կարող էր ներկայացնել կենսագրությունից:
Սահակյանը իր առջև բացված տետրից ընթերցում էր ճառը՝ այնպիսի առոգանությամբ, կարծես դաս կարդալիս լիներ: Ճառի բովանդակությունն ավելի շատ դատողություններ էին իրեն առաջադրված մեղադրանքի մասին, պաշտպանական ճառի իրավական մասը պաշտպանն արդեն ներկայացրել էր:
Ըստ քրեական գործի՝ ամբաստանյալներն ընկերներ են ու նախնական համաձայնությամբ են սպանել Հայկազ Բարսեղյանին: Նորայր Սահակյանը հայտարարեց, որ ինքը մյուս ամբաստանյալների հետ ընկերական հարաբերություններ չունի, և տրամաբանությունից զուրկ գնահատեց այն հանգամանքը, որ 4 անձինք, որոնք ընկերներ չեն, կարող են ինչ-որ մեկին սպանել, այն էլ` նախնական համաձայնությամբ:
Ըստ Նորիկ Սահակյանի մեղադրանքի` վերջինս իրեն վերագրվող արարքը կատարել է՝ հետագայում ծառայությունը հեշտացնելու նպատակով: Սահակյանը նշեց, որ ինքը կարգապահության և բարձր առաջադիմության համար ամեն կիրակի արձակուրդ է ունեցել և ծառայությունը դրանից ավելի հեշտացնելու միջոց չի պատկերացնում:
«Ընդհանրապես, ես չեմ պատկերացնում, թե ինչպես մարդը կարող է այդպես դաժանորեն սպանություն կատարել`այդպես սառնասրտորեն»,- ասաց Նորայր Սահակյանը:
Գործում ամբաստանյալների դեմ ցուցմունքներ կան. Հայկազ Բարսեղյանի սենյակում քնող կուրսանտներն են դրանք տվել, որոնք այժմ վկայի կարգավիճակ ունեն: Նորայր Սահակյանը նրանց ցուցմունքներին անդրադառնալ չցանկացավ, քանի որ պաշտպաններն անդրադարձել են:
«Ուղղակի ուզում եմ ավելացնել, որ հունվարի 28-ին ոչ մեկդ չեք եղել ռազմական ոստիկանությունում ու չեք տեսել այնտեղի ճնշող մթնոլորտը, պատերի տակ կանգնած, ծեծված կուրսանտներին: Դրա համար ես չեմ մեղադրում այն կուրսանտներին, որոնք սուտ ցուցմունքներ են տվել, քանի որ բոլորն էլ այն ժամանակ եղել են 18 տարեկան և դա համարել են այդ ճնշումներից պրծնելու միջոց, իսկ արդեն դատարանում նրանց ուղեկցում էին ռազմական ոստիկանության աշխատակիցները, և դարձյալ ճնշումների տակ նրանք չէին կարողանում ճիշտ ցուցմուքներ տալ»,- ասաց Նորիկ Սահակյանը: Վերջինս նշեց, որ իր վրա ևս ճնշումներ են եղել թե՛ սուտ ցուցմունք տալու, թե՛չարած արարքն իր վրա վերցնելու համար:
«Ես Հայկազ Բարսեղյանի հետ որևէ շփում, առնչություն չեմ ունեցել, շփվել ենք ընդամենը ծառայողական բնույթով»,- ասաց Սահակյանն ու նշեց, որ դատարանից ակնկալում է արդարացի դատական ակտ:
Ամբաստանյալ Գնել Թևոսյանը հայտարարեց, որ ինքը քրեական գործի հետ որևէ առնչություն չունի և չի ունեցել: Դիմելով սպանված կուրսանտի հորը՝ Արկադի Բարսեղյանին, Թևոսյանը ցավակցություն հայտնեց նրան և ընտանիքի անդամներին, ասաց, թե ինքը կիսում է նրանց վիշտը:
«Հավատացեք, որ կորուստը նաև մերն է, որովհետև կորցրել ենք համածառայակից և հայրենիքի պաշտպան: Հաշվի առնելով Ձեր կորուստը, ձեր մեծ վիշտը՝ 6 տարի չեմ անդրադարձել Ձեր վիրավորանքներին ու հայհոյանքներին, Ձեր կողմից իմ ընտանիքն արատավորելու փորձերին, որովհետև հասկացել եմ, որ կորուստն անդառնալի է և փորձել եմ պատկերացնել Ձեր ցավը: Խնդրում եմ Ձեզ`չտրվել զգացմունքներին, և միասին փորձենք բացահայտել ճշմարտությունն, ու թող պատժվեն մեղավորները»,- ասաց Թևոսյանը, ապա անդրադարձավ դատախազներին:
Նշեց, որ դատախազների գործը օբյետիվ իրականությունը պարզելն է, բայց խորը հիասթափությամբ պետք է փաստել, որ նրանք իրենց առաքելությունը չեն կատարել: Գնել Թևոսյանը նշեց, որ դեպքից հետո ամենաբարձր օղակներից` Պաշտպանության նախարարության, ռազմական ոստիկանության և այլ պաշտոնյաների մակարդակով հայտարարվել է, թե գործը բացահայտված է, որ իրենք`4-ով են կատարել սպանությունը, ու դրանից հետո պատշաճ գործողություններ են կատարվել՝ այդ վարկածը ստուգելու համար, վկաներից ցուցմունքներ կորզելով փորձ է արվել իրենց ներկայացնել որպես սառնասիրտ ու դաժան մարդասպաններ:
Թևոսյանի խոսքով՝ գործում առկա փորձաքննության եզրակացություններով ապացուցվում է, որ ինքն անմեղ է, սակայն դատախազները միայն վկաների ցուցմունքների վրա են հիմնվում:
«Ես կապ չունեմ Հայկազի դեպքի հետ, առավելևս՝ նրան չեմ սպանել ու պատճառ չեմ ունեցել թեկուզ մեկ կոնֆլիտ ունենալ Հայկազ Բարսեղյանի հետ»,- ասաց Գնել Թևոսյանը և հույս հայտնեց, որ դատարանը դատավճիռ կայացնելիս կգերադասի արդարադատությունը՝ զրպարտությունից ու արդարացման դատավճիռ կկայացնի՝ չխեղաթյուրելով անմեղ անձի ճակատագիրը:
Գործով մյուս ամբաստանյալներ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը ճառով հանդես կգան հաջորդ դատական նիստին:
Գլխավոր լուսանկարում՝ Նորիկ Սահակյանը
Մեկնաբանել