«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի պատճառով պատգամավորները կրկին վիճաբանեցին
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է երկարաձգել 2016 թվականին ընդունված օրենքի գործողության ժամկետը և ամրագրել, որ 2022 և 2023 թվականներին յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով:
Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Տերտերյանի խոսքով` փոփոխություններ չկատարելու հետևանքով կլինի մոտ 118 համայնք, որոնց կհատկացվի պակաս (ընդհանուր շուրջ 2411,3 մլն դրամ), քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ փոխնախարար Տերտերյանը մաս է կազմել նաև այն կառավարությանը, երբ ընդունվել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը` հավելելով, որ դրան կողմ քվեարկած պատգամավորներին քննադատում են` ասելով, թե այդ օրենքի հիման վրա են պետական սահմանը բաժանում: Պատգամավորը հետաքրքրվեց, թե փոխնախարարն ինչ դիրքորոշում ունի այդ հարցի վերաբերյալ: Տերտերյանն արձագանքեց` չի լսել որևէ հիմնավորում, որ պետական սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
«Ոչ ոք նման բան չի ասել, համենայն դեպս իմ հիշողության մեջ նման բան չկա՝ և՛ հին, և՛ նոր ժամանակաշրջաններում»,- ասաց փոխնախարարը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Տերտերյանից շնորհակալություն հայտնեց անկեղծ պատասխանի համար:
Այնուհետև ելույթով հանդես եկավ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը` խոսելով նույն օրենքի մասին:
«Արդեն որերորդ անգամ լսում ենք, թե ինչպես է ընդդիմությունը խոսում 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մասին: Նրանք չեն ժխտում, որ ընդունել են այդ օրենքը, չեն ժխտում, որ նստել են այստեղ, կողմ են քվեարկել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Նրանք ասում են, որ դրանով պետական սահմանը չի որոշվում: Չի որոշվում, գրեիք Շվեյցարիան է գտնվում: Կարծում եք քաղաքացիներին կարե՞լի է այդպես մոլորեցնել»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այդ օրենքի փոփոխությունների քվեարկությանն ինքը պատգամավոր է եղել և կողմ է քվեարկել առանձին դրվագներում:
«Ինչպես հետագայում կողմ է քվեարկել նաև Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր: Որևէ մեկի մտքով որևէ ձևով չի կարող անցնել, և միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ, որ մեր «Վարչատարածքային բաժանման օրենքը» հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար»,- ասաց նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել