HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարհանում, վթար, հրդեհ. 5 երեխաներով Քաշաթաղից տարհանված ընտանիքը տուն է փնտրում

Այս պատմությունը դրամատիկ ֆիլմի սյուժե է հիշեցնում, որտեղ փորձությունների, դժբախտությունների մի ամբողջ շղթա է: Քաշաթաղի Արտաշավի գյուղում հաստատված Վենետիկ Գրիգորյանի՝ 5 երեխաներով ընտանիքը, թողնելով տունը, տարհանվում է, Սիսիանի ճանապարհին մեքենան վթարի է ենթարկվում, Վենետիկը վնասում է երկու ոտքերն ու դառնում երրորդ կարգի հաշմանդամ, իսկ ամիսներ անց հրդեհ է բռնկվում հայրական տանը, որտեղ այրվում է այն ամենը, ինչ հասցրել էին դուրս բերել Արտաշավիից:

Ամեն անգամ, երբ որոտ է լինում, 4-ամյա Մանեն փակում է ականջները եւ վախեցած տան մեծերի մոտ վազում՝ ասելով, թե թուրքերը կրակում են: Մանեն 5 երեխաներից կրտսերն է: Երբ պատերազմն սկսվել էր, նրանց ընտանիքը Քաշաթաղի Արտաշավի գյուղում էր: Այդտեղ տեղափոխվել էին դեռ 11 տարի առաջ՝ Սիսիանի Շաքի գյուղից: Բացի Մարիամից՝ մյուսները ծնվել-մեծացել են Արտաշավիում:

Լիլիթ Խաչատրյանը Երեւանից հարս էր գնացել Սիսանի Շաքի գյուղ, այդտեղից էլ ամուսնու՝ Վենետիկի կամ Վենոյի հետ, ինչպես նրան դիմում են, որոշել էին հաստատվել Քաշաթաղի շրջանում: Կյանքն արդնե հունի մեջ էր ընկել: Տուն ունեին, հողամաս էին մշակում, անասուն էին պահում: Լիլիթն ու Վենոն գյուղի դպրոցում էին աշխատում. Լիլիթը՝ հավաքարար, ամուսինը՝ բանվոր: Երեխաներն ուրախ էին արդեն հայրենի դարձած գյուղում:

Պատերազմն սկսվելու առավոտը Լիլիթին թվացել էր, թե ամպերը որոտում են, ուժեղ դղրդոց էր լսվում: Երեխաները հեռուստացույցի երկարացման լարը տարել էին հարեւանի տուն՝ սարքելու համար: 10-ամյա Մարիաննան ասում է՝ այդ ժամանակ հարեւանն իրենց ասել էր, որ թուրքերը հարձակվել են, գնան տուն եւ դուրս չգան: Երեխաները դեռ չէին հասկանում, թե ինչ է պատերազմը, մինչեւ պայթյունները չսաստկացան: Սեպտեմբերյան այդ օրերին արդեն ցուրտ էր: Լիլիթը ստիպված 5 երեխաներին հագուստով եւ կոշիկներով էր քնացնում, վառարանը չէին վառում, որպեսզի ծուխ չբարձրանա, տունը չթիրախավորեն:

Երեխաներից փոքրերը՝ Մանեն ու Միլենան, շատ էին լացում եւ անընդհատ մեծերի գրկում էին: Սեպտեմբերի 30-ին ծնողները երեխաներին Սիսիան էին տարել, որտեղ էլ Լիլիթի մայրը եկել-դիմավորել էր ու իր հետ բերել Երեւան: Իսկ ամուսինները հետ էին գնացել Արտաշավի: Այդտեղ շարունակել էին ապրել մինչեւ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունը:

Լիլիթենց տան դիմաց անտառն էր: Պատմում է, որ երբ թշնամին ֆոսֆորային զինատեսակ էր կիրառել, իրենց անասունները՝ 10 կով եւ հորթ, հավերը սատկեցին: Վենոն այդ ամբողջ ժամանակ գյուղի ինքնապաշտպանության դիրքերում էր: Երբ իմացել էին նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, հաջորդ օրը հավաքել էին մի քանի իր եւ ուղեւորվել Շաքի՝ Վենոյի հայրական տուն: Սակայն ապրումներից, հուզական վիճակից Վենոն մեքենան վարում էր մեծ արագությամբ, ինչի հետեւանքով Սիսիան չհասած վթարի են ենթարկվել: Նրան սկզբից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սիսիանի հիվանդանոց, ապա՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երկու ոտքերն էլ վնասվել էին: Լիլիթն ասում է՝ մի շաբաթ հիվանդանոցում պառկելուց հետո հազիվ կարողացել էին գումար գտնել՝ դիմել էին Բերձորի վարչական ներկայացուցչին, ով օգնել էր: Ամուսնու մեկ ոտքը վիրահատել էին, մյուսի մեջ՝ երկաթներ դրել: Հիմա դրանք հանելու համար գումար չունեն, իսկ ոտքը այտուցվել է: Վթարից հետո Վենոն դարձել է երրորդ կարգի հաշմանդամ:

Սակայն սա ընտանիքի դժբախտությունների ամբողջ շղթան չէ: Ապրիլին Լիլիթն ամուսնուն Երեւան էր բերել, բայց ճանապարհին հարեւանը զանգել էր ու ասել, որ Շաքիի տունը հրդեհվել է: Ճանապարհից հետ էին դաձել: Տունն արդեն վառված էր, ամուսնու մորը հազիվ էին հանել կրակից՝ մազերը կիսով չափ վառված: Արտաշավիից ինչ տեղափոխել էին, վառվել էր: Լիլիթն ասում է՝ չգիտեն, թե ինչից է տունը հրդեհվել:

Վառված տան մի սենյակը փորձել են հարմարեցնել ժամանականավոր մնալու համար, սակայն օրերը ցրտում են, վառելափայտ չունեն, Վենոն էլ ձեռնափայտով դժվարությամբ է տեղաշարժվում: Երեխաները մնում են Լիլիթի հայրական տանը՝ Երեւանի Հարավարեւմտյան թաղամասում: 3-սենյականոց բնակարանում հազիվ տեղավորվել են Լիլիթ քրոջ, եղբոր ընտանիքներն ու մայրը՝ միասին 13 հոգի:

Բարձրահարկ շենքի վերջին՝ 9-րդ հարկ ենք բարձրանում: Վերելակի մոտ մեզ դիմավորում է Լիլիթի մայրը՝ Անիկ Ղազարյանը: Հյուրասենյակն ավելի փոքր է թվում, երբ բոլորն այդտեղ են հավաքվում: Սենյակի դեղին լույսը ճնշող է: Երեխաներից երկուսը՝ Մարիամն ու Նարեկը, դաս են անում:

Երբ երեխաները Քաշաթաղից նոր էին եկել Երեւան, շոկի մեջ էին: Պատերազմի այդ երեք օրերը հոգեբանական ծանր ապրումներ էր առաջացրել նրանց մոտ: Լիլիթի քույրը՝ Տիրուհին, հիշում է, որ Երեւան գալու առաջին օրերին երեխաներին սրճարան էին տարել, ներս մտնելիս Մանեն բարձր երաժշտությունից վախեցել էր, վազելով եկել էր, թե թուրքերը կրակում են: Սրճարանի աշխատակիցներից մեկը գրկել էր երեխային՝ ասելով, որ ներսում բոլորը հայեր են, թուրքեր չկան:

Հիմա էլ երեխաները դեռ չեն հաղթահարել վախը պայթյուններից: Մանեն մանկապարտեզ է գնում, ավագները՝ Մարիամը, Մարիաննան, Մարկը, դպրոց: Միլենային այս տարի որոշեցին դպրոց չուղարկել: Տիկին Անիկն ասում է՝ Մարիամը գերազանցիկ է, բայց չի հասցնի բոլոր երեխաներին օգնել: Իսկ իրենք հազիվ տան հոգսերով են: Հիմա ընտանիքում միայն որդին է աշխատում՝ Մալաթիայի շուկայում բանվորություն է անում:

Տիկին Անիկը Լիլիթենց ընտանիքին հատկացված ամբողջ գումարը հավաքել է, բայց այն բավարար չէ տուն գնելու համար: Ասում է՝ միակ ցանկությունը Լիլիթի ընտանիքին միավորված տեսնելն է: Արմավիրի մարզում տուն են հավանել: Տիրուհին նշում է՝ գյուղ առ գյուղ, տուն առ տուն շրջել են: Պատերազմից հետո տները թանկացել են: Իրենց հավանած տունը Նոր Արմավիր գյուղում է՝ 25.000 դոլար արժե, սակայն այդ գումարի մեծ մասը չունեն:

Արմավիրի մարզում բարեկամները շատ են: Լիլիթն ասում է, որ եթե տուն գտնեն այդտեղ, հաստատվեն, իրենց կօգնեն: Դրա համար էլ միայն այդ մարզում են տուն փնտրում:

Հոգսերը, սակայն, կարծես երեխաներին էլ է շաղախել իր մեջ: Շաբաթվա մեջ մի քանի անգամ նրանք եկեղեցի են գնում:

«Գալիս են, ասում՝ տատի, կլինի՞ գնանք մոմ վառենք գանք, որ մեր տունը շուտ լինի,- ասում է տիկին Անիկը, հետո հոգոց է հանում, ասում է՝ հասկանում է, որ պատերազմից հետո օգնելն էլ դժվարացել է, եւ մեղադրել չի կարող որևէ մեկին: Սակայն ուզում է տեսնել, որ Լիլիթն իր երեխաների հետ է,- ինչքան էլ լավ պահենք, երեխաներն իրենց ծնողներին են կարոտում: Դա բնական է»:

Երեխաները հիմնականում տանն են լինում: Մորաքույրը՝ Տիրուհին, ասում է, որ ազատ ժամերին գոնե հեռուստացույց էին նայում, բայց այն փչացել է, եւ հիմա այդ զբաղմունքն էլ չունեն:

Երեխաները կարոտում են Արտաշավին: Պատմում են, որ երբ դպրոցից տուն էին գալիս, արագ դասերն անում էին ու դուրս գալիս խաղալու: Իսկ փոքրերը գրեթե ամբողջ օրը բակում էին:

«Երբ զանգում էինք, Լիլոն ասում էր՝ Միլենան ու Մանեն ցեխերի մեջ են, տուն են սարքում»,- ժպտալով պատմում է Տիրուհին: Բայց դա տխուր ժպիտ է: Մարիամի ու Մարիաննայի հետ խոսում ենք գյուղից: Խնդրում եմ ցույց տալ իրենց նկարները:

«Մենք նկար չունենք, ամեն ինչ մնաց գյուղում»,- ասում է Մարիամը, ապա լուռ հանում ակնոցն ու սրբում թաց աչքերը: Դժվար է ինչ-որ բառ գտնել ու խախտել լռությունը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Լիլիթ Խաչատրյանի ընտանիքի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter