HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկեց հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի սահմանափակման նախագիծը

Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի ծրագրին: Այն ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Նախագծի կարգավորման առարկան բնակարան ձեռք բերելու, անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով ներգրավված հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսները աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից վճարված եկամտային հարկից վերադարձնելու համակարգի վերանայումն է»,- ասաց փոխնախարարը:

Նշենք, որ փոփոխություններով առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում սահմանափակել, ապա աստիճանաբար հանել մինչև 2025 թվականը:

Ըստ փոխնախարարի` Կառավարության նպատակն է վերանայել համակարգի տրամաբանությունն այնպես, որ դրան հաղորդվի կառուցապատման, քաղաքաշինական կամ բնակարանաշինական ծրագրերի առումով տարածքների համաչափ զարգացման տրամաբանություն: Մյուս նպատակն է համակարգին հաղորդել լրացուցիչ սոցիալական նշանակություն: Հիշեցնենք, որ այս համակարգը ներդրվել է 2014-ի նոյեմբերի 1-ից, որի էությունն այն է, որ անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու պարագայում ֆիզիկական անձանց վճարած եկամտային հարկի վերադարձ լինի` վարկի տոկոսագումարներին համարժեք:

Ըստ Պողոսյանի՝ եթե համակարգի ներդրման սկզբնական տարիներին շահառուների թիվն ավելանում էր 800-1000-ով, ապա 2017-2018-ին այդ աճը կազմել է շուրջ 2000, այնուհետև՝ մինչև 5000 և ավել շահառու, ըստ այդմ նաև վերադարձվող եկամտային հարկի գումարներն են պրոգրեսիվ աճել:

«Եթե առաջին տարիներին վերադարձվում էր 1 մլրդ դրամ եկամտային հարկ, ապա հաջորդ տարիներին այդ աճը պրոգրեսիվ բնույթ է ունեցել, և 2020-ին կազմել է ավելի քան 5 մլրդ դրամ»,- ասաց նա:

Փոփոխություններով առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, անհրաժեշտ է՝ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ երկրորդ գոտու համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը պետք է ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը, այնուհետև 1.5 տարի դադար է առաջարկվում: Երևանի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը:

Նաև շինարարական նախագծերի շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկվում է կարգավորել նաև անցումային հարաբերությունները, ըստ որի՝ եթե շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքները ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն իր ելույթում հայտարարեց` դեմ են քվեարկելու այս փոփոխություններին:

«Առաջին, երկրորդ գոտիների համար (Կենտրոն, Արաբկիր. հեղ.) անկասկած անհրաժեշտ է հանել արտոնությունը: Բայց երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ գոտիների համար առաջարկում ենք դեռ մնա: Այս ծրագիրը կտրուկ փոխել՝ չունենալով մարզերի զարգացման հստակ ծրագիր և չունենալով սոցիալական բնույթի այլ ծրագիր՝ այսօր, մեղմ ասած, ճիշտ չէ»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը որպես այլընտրանք առաջարկեց շեմն իջեցնելը և ծրագիրը թողնել նաև Երևանի համար, քանի որ դրա հանումը խնդիրների է հանգեցնելու:

Նշենք, որ գործող օրենքով այս ծրագրից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնց ձեռք բերելիք բնակարանի գինը չի գերազանցում 55 մլն դրամը:

«Մենք այս տեսքով դեմ ենք քվեարկելու նախագծին: Մեր առաջարկները մինչև երկրորդ ընթերցումը կանենք»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նշենք, որ կառուցապատողները դեմ են այս փոփոխություններին` պնդելով, որ մարզերում բնակարանաշինությունը չպետք է Երևանի զարգացման հաշվին լինի:

Փոփոխությունները չեն կարող տարածվել այն շահառուների վրա, որոնք մինչ այս օրենքի ընդունվելն օգտվել են ծրագրից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter