HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառուցապատող. «Մարզերում բնակարանաշինությունը խթանելը չպետք է Երևանի զարգացման հաշվին լինի»

«Մարզերում բնակարանաշինությունը խթանելը չպետք է Երևանի զարգացման հաշվին լինի»,- հայտարարում են կառուցապատողները՝ ի պատասխան այն հիմնավորման, որ հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում դադարեցնելով՝ զարկ կտրվի մարզերի բնակարանաշինությանը: Կառուցապատողները օրեր առաջ՝ սեպտեմբերի 1-ին, հանդիպում են ունեցել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել:

Հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում կարող է սահմանափակվել և աստիճանաբար հանվել մինչև 2025 թվականը: Ծրագիրը կշարունակի գործել միայն մարզերում: Կառավարությունն արդեն հավանություն է տվել նախագծին և հանձնել Ազգային ժողովի դատին: Փոփոխություններն օրենքի ուժ կունենան միայն այն ժամանակ, երբ ԱԺ-ն ընդունի այն: Առայժմ քննարկումների փուլն է:

Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս փոփոխությունների առաջարկը իրարանցում է առաջացրել կառուցապատողների շրջանում:  

Ասոցիացիայի անդամները կողմ են մարզերում քաղաքաշինության զարգացմանը, բայց շեշտում են, որ խոսքը մեկ կամ երկու շենք կառուցելու մասին չպետք է լինի: Մարզերում պետք է ստեղծել բավարար նախապայմաններ՝ սկսած աշխատատեղերից վերջացրած ենթակառուցվածքներով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը:

«Առնվազն այս երկու հանգամանքները ուղղակի խոչընդոտ են մարզերում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու համար: Միգուցե, օրինակ, Աշտարակ քաղաքում կառուցվի մեկ կամ երկու շենք, գնորդները լինեն աշխատող քաղաքացիներ, որոնք աշխատում են այնպիսի կազմակերպություններում, որոնք բարձր եկամտային հարկ են վճարում և բարձր աշխատավարձ ունեն: Բայց համայնքների ուշադրությունը պետք է սևեռվի ավելի ամբիցիոզ քաղաքաշինական ծրագրերի վրա: Պետք է համայնքների կողմից ուղղակի առաջարկներ մշակվեն, ներկայացվեն կառուցապատողներին»,- նշում է Սաքապետոյանը:

Կառուցապատողները բողոքում են, որ այսօր համայնքներում չկա հողի շուկա, հողերի արժեքը բարձր է: Այդ հարցում անելիքներ ունեն պետությունն ու համայնքապետարանները: Պետք է մշակեն շինարարական ծրագրեր, ստեղծեն ենթակառուցվածքներ, դրանից հետո միայն հրավիրեն կառուցապատողներին:

Ասոցիացիայում ընդգրկված բազմաթիվ ընկերություններ, ըստ Սաքապետոյանի, փորձեր են արել համայնքներում ծրագրեր իրականացնել, սակայն հենց այդ գրավչության պակասի, ենթակառուցվածքների նվազ լինելու պատճառով այդ ծրագրերը չեն իրականացվել:

«Չմոռանանք, որ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը միայն բազմաբնակարան շենքներին չի վերաբերում, այլև՝ նոր կառուցվող անհատական բնակելի տներին: Հետևաբար, այն տարածքներում, որտեղ հողն ավելի էժան է, կառավարությունը կարող է զարգացման այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ կառուցվեն անհատական բնակելի տներ»,- ասում է Սաքապետոյանը:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր, կառուցապատող «Արտքոմփանի» ՍՊ ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը կանխատեսում է, որ եթե նշված փոփոխությունները ընդունվեն նաև Ազգային ժողովի կողմից, ապա քաղաքաշինական ծրագրերի տեմպերը երկու տարի հետո՝ 2023 թվականի վերջերից, կտրուկ կնվազեն, միգուցե՝ անգամներով: 

Ընթացիկ ներդրումները կշարունակվեն, բայց նոր ներդրումներ չեն լինի: Դրա հետևանքով՝ հարակից ոլորտները կանգ կառնեն, օրինակ՝ բետոնե բլոկների, շինարարական նյութերի արտադրությունը և այլն:

«Կարևոր է, որ բնակարանաշինությունը խթանող ծրագրերը ոչ միայն չվերանան, այլև նոր ծրագրեր գործարկվեն: Մարզերում բնակարանաշինությունը խթանելը չպետք է Երևանի զարգացման արգելակման հաշվին լինի»,- շեշտում  է Պետրոսյանը:

Կառուցապատողները շարունակում են պնդել, որ թեև այս ծրագրի արդյունքում բյուջեն գումարներ է կորցնում, սակայն մյուս կողմից էլ կառուցապատմանը  փոխկապակցված գործունեությունների արդյունքում նոր գումարներ են մտնում բյուջե: Կառավարությունում, սակայն, չեն ընդունում այդ հաշվարկները: Բացի այդ, հայտարարվում է, որ այս ծրագրի հետևանքով շինարարությունն ու կառուցապատումը կենտրոնացված է Երևանի կենտրոնում, որտեղ բնակարանների գները արհեստականորեն բարձրացվել են:

Երեք առաջարկ՝ կառուցապատողներից

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի դիրքորոշումն է վերանայել, բայց չվերացնել եկամտային հարկի վերադարձի գործիքը Երևանում: Նրանք քաղաքաշինության ոլորտը խթանելու առաջարկներ են ներկայացնում:

«Եթե ինչ-որ մի բան փոխում ենք, այնպես փոխենք, որ շուկայում չառաջանան ցնցումներ: Առանց այն էլ տնտեսությունն ընդհանուր ցնցումների մեջ է»,- նշեց Արմեն Սաքապետոյանը:

Առաջարկներից մեկը վթարային շենքերի ռենովացիայի ծրագիրն է: Առաջարկվում է հարկային օրենսդրությամբ սահմանել «փոխանակման հարկային ռեժիմ»: Դա ենթադրում է, որ եթե կառուցապատողը հետաքրքրված է գնել բոլոր բնակարանները կամ վթարային շենքում գտնվող բնակչի բնակարանը փոխարինել նորով, ապա չհայտնվի ընդհանուր հարկային դաշտում, որի դեպքում պետք է վճարեն եկամտային հարկ, ավելացված արժեքի հարկ և շահութահարկ: Առաջարկվում է փոխանակման դեպքում հարկային ավելի մեղմ համակարգ սահմանել:

Կառուցապատողները նաև առաջարկում են օտարերկրյա ներդրողների համար, որոնք պատրաստվում են Հայաստանում ներդրումներ անել կառուցապատման ոլորտում, կեցության հատուկ կարգավիճակ կամ Հայաստանի քաղաքացիություն տալ:

Եվ երրորդ առաջարկով կոչ է արվում հիփոթեքային վարկին տոկոսադրույքների նվազեցմանն ուղղվող ծրագրեր գործարկել, այս թվում՝ որոշակիորեն ընդգրկել նաև այն սոցիալական վճարները, որոնք որպես կենսաթոշակային կուտակվող գումարներ գանձվում են աշխատողներից:

Արմեն Սաքապետոյանը շեշտում է, որ Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը դադարեցնելով՝ կզրոյանան նաև դրա հետևանքով տնտեսության մեջ առաջացած դրական ազդակները: «Այս համակարգը անուղղակի ձևով ստիպում է բոլոր գործատուներին, կառուցապատողներին և այս շղթային մասնակցող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին ինքնուրույն հայտարարագրել իրենց բոլոր շրջանառությունները: Օրինակ՝ եթե նախկինում աշխատողի աշխատավարձը կազմում էր, ենթադրենք, 400 հազար դրամ, դրանից միայն 100 հազար դրամն էր պաշտոնապես գրանցվում, իսկ 300 հազար դրամը ստացվում էր ծրարով, ապա հիմա՝ նույն աշխատողը, ով օգտվում է այս ծրագրից, ստիպում է իր գործատուին աշխատավարձն ամբողջությամբ հայտարարագրել: Կառավարության այն հայտարարությունները, որ տեղի է ունեցել միջին աշխատավարձի աճ, գրանցվող աշխատետեղերի աճ, դրա հիմնական խթանող պատճառներից մեկը այս համակարգի գոյությունն է»,- նշում է կառուցապատողը:

Եկամտային հարկի վերադարձի ծրագրում նախատեսվող փոփոխությունների մասին նախագիծը դեռևս քննարկումների փուլում է, և հայտնի չէ, թե երբ կընդգրկվի նիստերի օրակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter