HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից տեղահանված 6 ընտանիք կարող է հայտնվել փողոցում. Կառավարության հյուրընկալության ծրագրերն ավարտվել են

Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի բնակիչ- փախստականները, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո կորցրել են իրենց տներն ու ժամանակավոր կացարան գտել օժանդակ դպրոցում, ստիպված են լքել այն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` արցախցիների հյուրընկալման ծրագրերը սպառվել են։ Բնակիչները մտավախություն ունեն, որ կարող են հայտնվել դրսում, իսկ կենտրոնի տնօրենը խուսափում է մեկնաբանություն տալ։

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ դպրոցում, ըստ կենտրոնի տնօրենի, ապաստանել է 50 ընտանիք, պատերազմի ավարտից հետո մեծ մասը վերադարձել է Արցախ, կենտրոնում մնացել է 6 ընտանիք, որոնք Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներից են` Մարտունի, Հադրութ, Քարվաճառ, Շուշի:

Աջակցության կենտրոն այցելել էինք սեպտեմբերի 18-ին եւ գրել այնտեղ բնակվող Կարինե Գուլիյանի ընտանիքի մասին: Նրանք Քարվաճառից Հայաստան են տեղափոխվել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ու ապաստան գտել այնտեղ։ Կարինեից տեղեկացանք, որ աջակցության ծրագրի դադարեցման պատճառով պետք է դուրս գան օժանդակ դպրոցից եւ կրկին այցելեցինք։

Բոլոր բնակիչները, որոնք ապաստան են գտել դպրոցում, ունեն առողջական խնդիրներ։

Մենք հասնում ենք դպրոցի դռների մոտ, պահակը հարցնում է՝

-Լրագրողնե՞րն եք:

-Այո: 

Վերևից՝ 3-րդ հարկից բնակիչները մեզ ձեռքով են անում ու ասում, որ բարձրանանք: Միջանցքում արդեն հավաքվել են բնակիչներն, ու մի կին, մեզ դիմելով, ասում է. «Ձմեռ օրով անգամ շանը դուրս չեն հանում, հիմա իրենք ուզում են, որ մենք դուրս գանք, հետաքրքիր է, որտե՞ղ պետք է ապրենք, մենք մեղավո՞ր ենք, որ մեր տունը կորցրել ենք»։

Առաջարկում եմ հավաքվել սենյակներից մեկում ու զրուցել։

 Հարցնում եմ՝ 

-Տնօրենն էստե՞ղ է։

-Հա, երևի։

-Իր հետ էլ խոսենք։

Բնակիչներից մեկն ուղեկցում է մեզ տնօրեն Լիանա Արտաշեսյանի կաբինետ։

Դպրոցի աշխատակիցները, իմանալով, թե ինչու ենք այնտեղ, սկսում են հեգնել։ Քարտուղարուհին մոտենում է ու հարցնում, թե ինչ իրավունքով ենք վերև բարձրացել։ Պատասխանում եմ, որ մեր աշխատանքն ենք կատարում, բնակիչների խնդրանքով ենք այցելել։ 

Աշխատակիցներից մեկը, որ մոտ 30 տարեկան տղամարդ էր, ասում է՝ գրեք- չգրեք, մեկ ա` ոչ մի բան չեք փոխելու: 

Քիչ անց տնօրենն ինձ ներս է կանչում։ Զրուցում ենք, հրաժարվում է հարցազրույց տալ։

Ասում եմ, որ ուզում ենք նաև իր մեկնաբանությունը ստանալ։

Համաձայնում է, տեսանկարահանում ենք։ Իմ հարցերը նրան դուր չեն գալիս։  

Ավելի ուշ, երբ զրուցում ենք բնակիչների հետ, կանչում է ու ասում, թե չի ցանկանում, որ նյութում իր հարցազրույցը հրապարակվի։

Արցախից տեղեհանված բնակիչները հավաքվում են Կարինե Գուլիյանի սենյակում։ Երբ սկսում ենք զրուցել տեղահանված բնակիչների հետ, ներս է մտնում օժանդակ դպրոցի տնօրենը՝ Լիանա Արտաշեսյանը։ 

Բնակիչներն ասում են, որ կացարանը լքելու դեպքում կհայտնվեն դրսում, քանի որ պետության կողմից իրենց տրամադրվող աջակցությունը բավարար չէ բնակարան վարձելու համար։

Սուսաննա Վանյանը 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող որդու՝ Նորայր Վանյանի ու ամուսնու` Սլավա Վանյանի հետ արդեն մոտ մեկ տարի է բնակվում է «Թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Մինչ պատերազմը ընտանիքը բնակվում էր Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում։ Պատերազմից հետո Նոր Մարաղան անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ 

Կնոջ խոսքով՝ հոկտեմբերի 4-ին օժանդակ դպրոցում բնակվող բոլոր փախստականներին հավաքել ու ասել են, որ 10 օրվա ընթացքում պետք է լքեն դպրոցը։ Քննարկմանը ներկա են եղել նաև Ավան վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները։ 

«Եթե պետք է դուրս գայինք, ամառն ասեին, հիմա էս ձմեռ օրով ու՞ր գնանք, 3 թոշակառու ենք, ամեն մեկս 26 500 դրամ թոշակ ենք ստանում, մենք էդ փողով ի՞նչ կարանք անենք, ասել են դրա տեղը ձեզ 50 000 դրամ ենք տալու, բայց էդ 50 հազարով մենք վարձ ո՞նց մուծենք»,-ասում է Սուսաննան։ 

Նրանք օգտվել են արցախցիներին տրամադրվող 300 000 և 68 000 դրամ պետական աջակցության ծրագրերից։

Կարինե Գուլիյանը գիտի՝ դպրոցում հավերժ մնալ չեն կարող, մինչև գարուն պատրաստվում են դուրս գալ, բայց հիմա վճարունակ չեն։

Օժանդակ դպրոցում բնակվող արցախցիներն առաջարկում են, որ այն աջակցությունը, որը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է իրենց տրամադրի, վճարի օժանդակ դպրոցին ու իրենք շարունակեն այնտեղ բնակվել։ Այդ գումարով էլ դպրոցը կկարողանա վճարել կոմունալ ծախսերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ավարտվել են արցախցիների հյուրընկալության ծրագրերը, որոնց շրջանակում նախարարությունը փոխհատուցում էր որևէ հաստատության ու տեղահանվածներին ապահովում կացարանով։ Շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նոր նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50 000 դրամ աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին։ 

Միջոցառման շահառուներ կարող են դառնալ նախկին միջոցառումների շրջանակում 300 000 դրամ աջակցություն ստացած՝ 2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կամ Արցախում գտնվող երեխաները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 65 տարեկան կանայք, ովքեր չեն հանդիսանում ՀՀ կամ ԱՀ կենսաթոշակառու։

Օժանդակ դպրոցում կացարան գտած ոչ մի բնակիչ չունի առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն։ Ստացվում է, որ նրանց մեծ մասը չի կարող օգտվել աջակցության նոր ծրագրերից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter