HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հադրութից տեղահանվածները Հայաստանի կառավարությունից պահանջում են փոխհատուցել բնակվարձերը

Հադրութցիներն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հավաքվել էին կառավարության առջև՝ պահանջելով լուծել իրենց բնակարանների վարձավճարների հարցը, քանի որ Հայաստանի կառավարությունն օգոստոսից դադարեցրել է փոխհատուցման ծրագիրը։

Արցախյան 2020 թվականի պատերազմից հետո, երբ Հադրութի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, հադրութցիներն ապաստան գտան Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում։

Արթուր Ստեփանյանի 8-հոգանոց ընտանիքը բնակվում է Երեւանում, վարձով։ Ամսական 130 000 դրամ են վճարում։ Բնակվարձի փոխհատուցում վերջին անգամ ստացել են այս տարվա օգոստոսին։ Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար հադրութցիները փոխհատուցում չեն ստացել։

Արթուրը նշում է, որ օգոստոսի 24-ին իրենք դիմել էին կառավարություն, սակայն սպառիչ պատասխան չեն ստացել․ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով պարտավորվել են, որ մինչ բնակարանային հարցերին լուծում տալը մեզ ապահովելու են բնակվարձերով։ Հանդիպման ժամանակ մեզ հույս տվեցին, որ ինչ-որ բան փորձում են հիփոթեքային վարկերով անել, բնակարան տրամադրել։ Արցախի կառավարությունից Հայկ Խանումյանը եկավ, ասաց՝ մենք ձեզ տներով ապահովելու ենք Արցախում, դուք գալու եք Արցախ, բայց մենք ծրագիր չունենք, որ ձեզ էստեղ ապահովենք»։

Հադրութցիները դիմել են նաև Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, որտեղից նրանց հայտնել են, որ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացնելու, թե ի՞նչ որոշում` հայտնի չէ։

«Ոչ մեկ չի կարում հստակ պատասխան տա, ես դիմումի մեջ նշել եմ, որ տալիս եմ 130 000 դրամ բնակվարձ, խնդրում եմ գոնե սեպտեմբեր ամսվա բնակվարձը տրամադրեք, մինչև կառավարությունը որոշում կկայացնի»,- հավելում է Արթուրը։

Ըստ նրա՝ օպերատիվ շտաբում նման 100 դիմում կա. «Դիմումը ներկայացրել ենք սեպտեմբերի մեկին, երեկ գնացել եմ պատասխանի հետևից, ասում են՝ դիմումը միանշանակ մերժվում է, մեզ նման միջոցներ չեն տրամադրում, որ կարողանանք բնակվարձերով ապահովել ձեզ»:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ Արցախի հյուրատներում 1960 մարդ է բնակեցված, որոնցից յուրաքանչյուրին օրական տրամադրվում է 4000-6000 դրամ գումար, այսինքն՝ միջինում ամսական 150 000 դրամ։ Արցախի օպերատիվ շտաբից «Հետքին» ասացին, որ այդ գումարը հատկացվում է տեղահանվածներին ընդունած հյուրատներին:

«Եթե կարողանում են մի մարդուն տրամադրել, իմ ընտանիքում 8 հոգի են, ի՞նչն է խանգարում, որ տան վարձը մեզ այստեղ չեն տրամադրում»,- հարցնում է Արթուր Ստեփանյանը:

Կառավարությունից Արթուր Ստեփանյանին ընդունեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը: Նա խոսել է 50 000-ական դրամ աջակցության ծրագրի մասին, որը դեռ մշակման փուլում է։

Արթուրին հայտնել են, որ այս շաբաթ որոշումը կլինի, սակայն դիմումների լրացման կարգը դեռ մշակված չէ, այն պատրաստ կլինի ամսվա ընթացքում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների աջակցությունը կստանան միանգամից։

«Թոշակառուներին ուզում են զրկել 50 000-ից, ես ասել եմ, որ եթե զրկեն, էդ մարդիկ ընդհանրապես ապրելու միջոց չեն ունենա։ Բնակվարձերի հետ կապված առաջարկել ենք ինչ-որ ծրագիր մշակել, մինչև բնակարանների հարցը լուծվի»,- ասում է նա։

Բնակիչներին ժամկետներ չեն հայտնել։ Կառավարության պատասխանը հադրութցիներին չբավարարեց։

«Հիմա գնում ենք Արցախի օպերատիվ շտաբ, դիմումներ ենք գրել, գնում եմ գումարը պահանջեմ, որ տան վարձը տամ, գնալու ենք ընդեղ էնքան նստենք, մինչև մեր տան հարցը լուծենք»,- նշեց Արթուրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter