HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները մասամբ սկսելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը «մասամբ սկսվել է»։ Այդ մասին Ալիևը հայտարարել է Բաքվում Եվրամիության նորանշանակ ներկայացուցիչ Պետր Միխալկոյի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է շրջել էջը, կարգավորել հարաբերություններն իր հարևանի՝ Հայաստանի հետ։ «Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի, սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ։ Այդ գործընթացը մասամբ սկսվել է։ Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրոպական միությունն ակտիվորեն մասնակցի, ու ես տեսնում եմ, որ այդպիսի ցանկություն կա, դա կարող է մեզ օգնել տարբեր ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակը կարող է ընդունել միանգամայն նոր մասշտաբներ, որոնք չեն եղել 30 տարի։ Դա կարող է նաև կարևոր գործոն լինել կայունության, կանխատեսելիության և խաղաղության համար»,- Ալիևի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, 2014 թվականից ի վեր առաջին անգամ, Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռ է անցել, որն իրականացնում էր Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթը։ Վերջին անգամ ադրբեջանական օդանավերը Հայաստանի երկնքից օգտվել էին 7 տարի առաջ:

2020 սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվել էր 44-օրյա պատերազմը։ Այդ ընթացքում կողմերը մի քանի փորձ էին արել հրադադար հաստատելու, սակայն այն կնքվեց միայն նոյեմբերի 9-ին, երբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները ստորագրեցին եռակողմ հայտարարություն։ Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել մարտական գործողությունները։ Ըստ այդ հայտարարության՝ Երևանը Բաքվին փոխանցեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։ Բացի դրանից, շփման գծում և Լաչինի միջանցքում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter