HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

7 տարվա մեջ առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռն անցել է Հայաստանի երկնքով

2014 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանի երկնքով ադրբեջանական ինքնաթիռ է անցել: 30-ամյա հակամարտության մեջ գտնվող ու 1 տարի առաջ 44 օր պատերազմած երկրների հարաբերություններում սա, թերեւս, օրվա լուր է: Վերջին անգամ ադրբեջանական օդանավերը Հայաստանի երկնքից օգտվել էին 7 տարի առաջ:

Ու այսօր, երբ լարվել են Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունները, եւ Թեհրանը Բաքվին տեղեկացրել է, որ արգելում է ադրբեջանական ռազմական թռիչքներն իր տարածքով, Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «AZAL»-ը Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթն իրականացրել է մեր օդային տարածքով: Պաշտոնապես չկա տեղեկատվություն այն մասին, որ Իրանն արգելել է նաեւ ադրբեջանական քաղաքացիական օդանավերի մուտքն իր տարածք, ինչի դեպքում հասկանալի կլիներ Հայաստանի երկնքից օգտվելը, բայց ռուսական «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նման տեղեկություններ են տարածվել սոցցանցերում: Այսինքն՝ եթե դրանք ճիշտ են, ապա Իրանի օդը փակ է բոլոր տեսակի ադրբեջանական օդանավերի համար, ու հիմա օդային շրջափակման մեջ հայտնված Նախիջեւանի հետ կապը Ադրբեջանը կարողանում է ապահովել Հայաստանի երկնքով (չնայած Նախիջեւանը նեղ ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ, այդ ուղղությամբ չկա օդային երթուղի):

Նորություն չէ, որ թուրքական օդանավերը դեպի Նախիջեւան են թռչում Հայաստանի տարածքով, նորություն չէ նաեւ թուրքական փոխադրողների կողմից Նախիջեւան-Գյանջա ներադրբեջանական թռիչքի իրականացումը մեր երկնքով, բայց ահա ադրբեջանական փոխադրողի թռիչքը, այն էլ տարածաշրջանային ներկա լարված իրավիճակում, մեծ անակնկալ է:

Պաշտոնապես Հայաստանի երկինքը փակ չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի օդանավերի համար, սակայն օգոստոսին «Հետքը» գրեց, որ Թուրքիան 2020 թ. սեպտեմբերից արգելում է հայկական գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք, բայց դա անում է առանց հիմնավորման ու պաշտոնական ծանուցման: Փոխարենը Հայաստանը թուրքական օդանավերի առաջ չի փակել իր երկինքը. ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) դա պարզաբանել է միջազգային օրենսդրության պահանջներով՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթները սահմանում են, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ: Ստացվում է, որ Թուրքիան այդ խտրականությունը կիրառում է, իսկ դրան ի պատասխան՝ Հայաստանը լոյալ է թուրքական փոխադրողների հանդեպ:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական օդային առնչություններին, ՔԱԿ-ը մեզ հայտնել էր, որ ադրբեջանական գրանցումով օդանավերը ՀՀ երկինք չեն մտել 2014 թվականից, իսկ հայկական օդանավերը չեն օգտագործում այդ երկրի օդային տարածքը, քանի որ դրա ուղղությամբ (դեպի արեւելք) թռիչքների պահանջարկ չկա:

Հայկական ավիացիան այնպիսի վիճակում է, որ այսօր միջազգային թռիչքներ իրականացնող 2 ավիաընկերություն կա. մեկը շահագործում է դեպի Վրաստան ու Ռուսաստան ուղղությունները, մյուսն էլ թռչում է դեպի Իրան: Ելնելով նրանից, որ 2020 թվականից մեր փոխադրողները ԵՄ «սեւ ցուցակում» են ու ԵՄ երկինք մտնելու իրավունք չունեն, Հայաստանից դեպի Եվրոպա տարանցիկ ճանապարհ հանդիսացող Թուրքիայի երկինքը առժամանակ պահանջարկ չունի մեր փոխադրողների կողմից, բայց երբ եվրոպական արգելքը հանվի, իսկ Թուրքիան շարունակի առանց հիմնավորման չթույլատրել մեր օդանավերի մուտքն իր տարածք, մեծ խնդիր է ծագելու, քանի որ հայկական ավիաընկերություններն ստիպված են լինելու հյուսիսով կամ հարավով շրջանցել Թուրքիայի տարածքը, ինչը զգալիորեն ավելացնելու է ծախսերը, իսկ հասարակ ուղեւորի համար՝ տոմսերի գները: Հետաքրքիր է նաեւ, թե ինչ տեղի կունենա, երբ մեր փոխադրողները ցանկանան, օրինակ, դեպի Միջին Ասիա թռչել Ադրբեջանի տարածքով: Կտրվի՞ թույլտվություն:

Ըստ «ՏԱՍՍ»-ի՝ ադրբեջանական «AZAL»-ը հայտարարել է, թե Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթի համար այսօրվանից սկսել է կիրառել Հայաստանի երկինքը: «Այս քայլը ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունը ապաշրջափակելու ուղղությամբ, ինչը համապատասխանում է բոլոր սահմանակից երկրների շահերին»,- հայտարարել է «AZAL»-ը:

Ադրբեջանական փոխադրողի հայտարարությունը, մեղմ ասած, անհեթեթություն է, քանի որ այդ ինքն է օգտվում Հայաստանի բացած կոմունիկացիայից, եւ ոչ թե հայկական փոխադրողը՝ Ադրբեջանի երկնքից: Այնպես որ, եթե խոսելու լինենք վճռական պատրաստակամության մասին, ուրեմն Հայաստանի իշխանություններն են առաջինը բացել (չնայած թղթի վրա փակ էլ չէր) երկինքը Ադրբեջանի համար: Սա պարզ օրինակ է նրա, թե ինչպես են ադրբեջանցիները պրիմիտիվ ստեր տարածում իրենց «բարիդրացիության» մասին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դեռ դժվար է հասկանալ, թե ինչ է տալու Փաշինյանի կառավարության այս քայլը մեզ: Հստակ նշում ենք կառավարության անունը, քանի որ առանց իշխանության բարձր օղակների համաձայնության, ՔԱԿ-ն ադրբեջանական կողմին չէր թույլատրի մեր երկնքով թռիչք կատարել՝ անկախ արգելքների բացակայությունից: Նույնը, թերեւս, վերաբերում է թուրքական օդանավերի առաջ օդը չփակելուն:

Հետաքրքիր է նաեւ, որ «AZAL»-ը հայտարարել է, թե Բաքու-Նախիջեւան-Բաքու թռիչքի համար ինքը կարող է օգտագործել թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի տարածքը, ինչից ենթադրելի է, որ Իրանի օդը ադրբեջանական քաղաքացիական ավիացիայի համար բաց է: Այդուհանդերձ, Բաքվից դեպի Նախիջեւան ամենակարճ երթուղին հենց մեր երկնքով է, ինչի վերաբերյալ Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը հայտարարել է, թե նոր երթուղու շնորհիվ կկրճատվի թռիչքի ժամանակն ու վառելիքի ծախսը: Եթե խոսելու լինենք ֆինանսական օգուտի մասին, այս դեպքում այդպիսին ունի նաեւ Հայաստանը, որը «AZAL»-ից գումար է գանձելու՝ ՀՀ օդային տարածքով անցնելիս մեր աերոնավիգացիոն ծառայություններից օգտվելու համար (ըստ անցած կիլոմետրերի): Բայց դա, թերեւս, անհամեմատելի է այն տնտեսական ու հատկապես քաղաքական օգուտի հետ, որ փաստացի այսօրվանից ստանում է Ադրբեջանը: Ի վերջո, Բաքու-Նախիջեւան-Բաքու ամենօրյա չվերթի համար կարճ երթուղուց օգտվելը չի կարող համեմատվել Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի ինչ-որ երկիր թռչելու տեսական հնարավորության հետ:

Այսօրվա Բաքու-Նախիջեւան-Բաքու թռիչքը «AZAL»-ի «Airbus A320» ինքնաթիռն իրականացրել է՝ հատելով Հայաստանի սահմանը Ճամբարակ-Սոթք հատվածում, անցել Սեւանա լճի, Մարտունու եւ Խոսրովի արգելոցի երկնքով, ապա Զանգակատան հատվածում մտել Նախիջեւանի տարածք:

Ընթերցողը գուցե զարմանա, թե ինչու է այսպես թռել օդանավը, այլ ոչ թե Մեղրու հատվածով, որը, թվում է, ամենակարճն է: Բանն այն է, որ ինչպես ցամաքում, այնպես էլ երկնքում կան հստակ օդային երթուղիներ, որոնցով պարտավոր են շարժվել օդանավերը: Ընդ որում՝ կա նաեւ ավելի կարճ երթուղի՝ Սոթք-Վարդենիս-Վայոց Ձոր-Նախիջեւան: Գուցե հետագայում ադրբեջանական կողմը հենց այս երթուղուց օգտվի: 

Մեկնաբանություններ (1)

կարպիս
չնչին պահանջ։ կովկասի թաթարները պետք է մեր երկնքից օգտւելու դիմաց մեր գերիներին ազատ արձակեն։ բայց արի ու տես։ էս խելքից տկար վարչուկը ուզուն հասանին անհատույց նվիրաբերոմ է մեր երկինքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter