
Ն. Փաշինյան. «Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի` Բադեն-Բադենում»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ 30 տարի շարունակ Շուշիում ներդրումներ չեն արվել, և բնակելի շենքեր չեն կառուցվել:
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց վարչապետ Փաշինյանի խոսքը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպումից, որտեղ նա խոսել է Շուշիի մասին` ասելով, թե ինչու 30 տարվա ընթացքում ներդրումներ չեն արվել այնտեղ և բնակելի շենք չի կառուցվել: Պատգամավորը, թվարկելով Շուշիի տարբեր շինություններ, թանգարաններ, հյուրանոցներ, համալսարաններ, վարչական շենքեր, բնակելի տներ, հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանը Շուշիում չի եղել և չի տեսել այդ շենքերը:
«Ես խոսել եմ բնակելի տների մասին և ընդհանրապես այս ամբիոնից ես խոսել եմ նաև այլ տարածքների մասին, որոնց վերաբերյալ այս դահլիճում հարցեր են հնչել: Էն, ինչ տեսնելու էր, ես տեսել եմ բնականաբար, և այն, ինչ ասել եմ, բնականաբար այդ ամենը որևէ կասկածի տակ դրվել չի կարող»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ավելացնելու ոչինչ չունի:
Պատգամավորն արձագանքեց` Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպմանն այնպես էր խոսում, կարծես Շուշին պատրաստվում էին հանձնել, սակայն այս դահլիճում նրա պատասխանն այլ էր:
Փաշինյանը պատասխանեց` խոսել է բնակելի շենքեր կառուցելու մասին և շարունակում է նույնը պնդել:
«Ինչ կա ոչ հասկանալի, ես խոսում եմ բնակելի շենքերի կառուցման մասին: Դուք նշում եք ցանկեր, էդ ցանկը կարելի է տարբեր տեմպերով կարդալ, բայց եթե էդ ցանկը դնենք, կարող է մի էջի վրա չտեղավորվի: Լավ, եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ` Բադեն-Բադենում, տեսենք համեմատության եզրեր ունեն, թե ոչ: Ձեզ թվում է՝ մենակ ես կամ Դուք եք եղել Շուշիում, մարդիկ չեն եղել, էն մյուս տարածքներում մարդիկ չե՞ն եղել, չե՞ն տեսել՝ ինչ վիճակ է էնտեղ: Էն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել