Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Ադրբեջանի հետ օպերատիվ կապն ապահովել է Արթուր Վանեցյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց` Ադրբեջանի հետ օպերատիվ կապն ապահովել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, այժմ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը:
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց, թե Փաշինյանն օպերատիվ կապով գաղտնի գործարքներ է իրականացրել: Փաշինյանն առաջին անգամ պատասխանեց պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին:
«Օպերատիվ կապը Ձեր խմբակցության ղեկավարն է, գնացեք սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ ինչ է պայմանավորվել և ում հետ, եթե պայմանավորվել է: Դավաճանության մասին ինձ չի զեկուցել, եթե Ձեզ զեկուցել է, ուրեմն իր սեփական նախաձեռնությունն է եղել, և կարծում եմ` մեր ազգային անվտանգության մարմիները պետք է Ձեր խմբակցության ղեկավարով և ձեզնով զբաղվեն»,- ասաց նա:
Մկրտչյանն արձագանքեց` ԱԱԾ-ն վաղուց է իրենով զբաղվում` կատարելով Փաշինյանի հրահանգը, ապա հավելեց` օպերատիվ կապի մասին հայտարարել է Փաշինյանը և ոչ թե ինքը:
Պատգամավորը հայտարարեց` դավաճանության ու դավադրության մասին ավելի լավ, քան Փաշինյանը, որևէ մեկը չի կարող պատմել: Այս դիտարկման հետ Փաշինյանը համաձայնեց` ասելով, որ դավադրության ու դավաճանության մասին ժողովրդին պատմել է, և վերջինս տվել է իր գնահատականը: Փաշինյանը նաև հարցրեց, թե ինչ եղան հինգ միլիարդ դոլարի մասին խոսակցությունները, ինչու համապատասխան փաստեր չհրապարակվեցին, ապա հավելեց, որ այդ ամենով իրավապահները պետք է զբաղվեն:
Փաշինյանը, նայելով Արթուր Վանեցյանի աթոռին, ասաց, որ գաղտնի կապը բացակա է, սակայն խմբակցության անդամները կարող են հարցնել այդ մասին:
Մեկնաբանել