HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը հայտարարեց նոր ատոմակայանի կառուցման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Կառավարության փայատեր դառնալու հարցին: Նշենք, որ կազմակերպության բաժնետոմսերի 15%-ը պատկանում է Կառավարությանը:

«Արձանագրենք մի բան, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է, և սա կայացած փաստ է: Ես հույս ունեմ, որ ՀՀ ժողովրդի, Կառավարության փայաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերի, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը»,- ասաց նա:

Փաշինյանը խոսեց այն քննարկումների մասին, ըստ որոնց երբ Կառավարությունը դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր, եղան կարծիքներ, թե այդտեղ կա մութ և կասկածելի գործարք:

«Եթե այդ 15 տոկոսի սեփականատերը լիներ ոչ թե Կառավարությունը, այլ մի օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ մեկ ուրիշ օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ վարչապետի կամ որևէ նախարարի ընտանիքի անդամ, այդ դեպքում կլիներ մութ գործարք»,- ասաց նա:

Փաշինյանը ձեռքն ուղղեց դահլիճի ոչ իշխանական հատվածի ուղղությամբ և ասաց, որ այդ հատվածում կան մարդիկ, որոնք իրենց գործունեության ընթացքում նման գործարքներ արել են, ապա հավելեց` իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ գործարքներով՝ պարզելու դրանց պատճառահետևանքային կապը՝ այդ թվում պոտենցիալ դավաճանական գործարքների հետ:

«Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, մենք այդ առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին: Դա ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ՝ առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ Հայաստանն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի ու ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ այլ արտադրանքում օգտագործելու համար, այլ Հայաստանում պետք է թողարկվի հենց պղինձ»,- ասաց նա:

Փաշինյանը նաև հայտնեց նոր ատոմակայանի կառուցման մասին` ասելով, թե վերոնշյալ ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են:

«Եւ արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»,- ասաց նա` հավելելով, որ Կառավարության մասնակացությունն այդ գործընթացին կարևոր է նրանով, որ ատոմակայանը լիարժեք մասնավոր նախաձեռնություն չի կարող լինել, Կառավարությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա:

Փաշինյանի խոսքով` Կառավարոության խնդիրն է, որ մինչև 2025 թվականի հունիսը պղնձաձուլարանի շինարարությունը սկսվի:

«Իսկ ատոմակայանի շինարարությունը պետք է փորձենք այնպես անել, որ զուգահեռ տեղի ունենա: Պղնձաձուլարանի և ատոմակայանի շահագործումը գործնականում լավ կլինի, որ համընկնի»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter